RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
2020-11-29 13:01:33Որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն
2020-11-29 12:58:08Սա եթե արդեն արված լիներ, զինվորների ծնողներն էլ կառավարության առջև բողոքի ակցիա չէին անի
2020-11-29 12:40:35Շատ հետաքրքիր փաստ, որ շատ քչերը նկատեցին
2020-11-28 22:33:07Սամվել Ալեքսանյանը ֆեյքրի ֆաբրիկայի համակարգիչները տեղափոխել է
#069, 2013-04-30 > #070, 2013-05-01 > #071, 2013-05-02 > #072, 2013-05-03 > #073, 2013-05-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #71, 02-05-2013



Տեղադրվել է` 2013-05-01 23:35:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1809, Տպվել է` 71, Ուղարկվել է էլ.փոստով` 62

ՄԵԾ ՄՇԱԿՈՒԹԱԲԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ՍԱՐԳԻՍ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ

Անվանի գիտնական եւ հումանիստ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր հայտնի մշակութաբան Էդուարդ Սարգսի Մարգարյանը ծնվել է 1929 թ. դեկտեմբերի 24-ին Երեւանում, տոհմիկ մտավորականի ընտանիքում: Մահացել է 2011 թ. մարտի 12-ին Մոսկվայում: Թաղված է Երեւանի քաղաքային (Թոխմախի) պանթեոնում:

Է. Մարգարյանը ավելի քան կես դար աշխատել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտում` լինելով նրա նվիրյալներից եւ գիտության քրմերից: Այստեղ էլ նա կազմակերպել եւ երկար տարիներ ղեկավարել է (1973 թվականից) Խորհրդային Միությունում մշակույթի տեսության միակ գիտական ենթաբաժինը: Նա նաեւ «Գոյատեւման ու զարգացման ռազմավարությունների մշակմանն աջակցող միջազգային ասոցիացիայի» (ԳԶՌՄԱՄԱ, Երեւան) նախագահն էր: Համարյա նույնքան ժամանակ էլ Է. Մարգարյանը Հայաստանի յուրահատուկ գիտնական-դեսպաններից էր փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ մշակութաբանության բնագավառում. առաջին հերթինՙ Ռուսաստանում, ապա եւ աշխարհի մյուս երկրներում:

Գիտնականի գրչին են պատկանում հայրենիքում եւ արտասահմանում ռուսերեն, անգլերեն, եւ այլ օտար լեզուներով հրատարակված հարյուրավոր գիտական հոդվածներ եւ բազմաթիվ մնայուն մենագրություններ. «Լոկալ քաղաքակրթությունների հայեցակարգի մասին» (1962), «Մշակույթի տեսության ակնարկներ»(1969), «Մարդկային գործունեության եւ մշակույթի ծագումնաբանության մասին» (1973), «Մշակույթի տեսությունը եւ ժամանակակից գիտությունը» (1983), «Մշակույթի մասին գիտությունները եւ դարաշրջանի հրամայականները» (2000), «Հայերի ցեղասպանության գլոբալ ասպեկտները» (2005), «21-րդ դարի հումանիզմը: Մարդկության ինքնապահպանման գաղափարախոսությունը» (2009) եւ այլն:

Է. Մարգարյանի անվան հետ է կապված հայկական մշակութաբանական եւ ավանդույթաբանական գիտական դպրոցի կազմավորումը, որն այսօր ունի բազմաթիվ հետեւորդներ ոչ միայն Հայաստանում, այլեւ արտասահմանում, մասնավորապես` Ռուսաստանում: Ավելին, այդ երկրի գիտական շրջանակներում Էդուարդ Մարգարյանը ճանաչվել է որպես «ռուսական մշակութաբանության սկզբնավորող» («Философские науки», 2000, N2, ր.17): Շնորհիվ նրա հիմնարար աշխատությունների` «Մշակութաբանություն» դասընթացը մտավ եւ մնայուն տեղ գրավեց հանրապետության բուհերի ուսումնական ծրագրերում, ի դեպ, առաջիններից մեկը ՀՊՏՀ-ում: Ինչպես հանրապետությունում, այդ թվում նաեւ ՀՊՏՀ փիլիսոփայության ամբիոնում լայնորեն ծավալվեցին հետաքրքրական մշակութաբանական հետազոտություններ:

Նրա մասին հոդվածներ են տեղ գտել բազմաթիվ հեղինակավոր տեղեկատուներում. «Հայկական համառոտ հանրագիտարան» գլխ. խմբագիր Հ. Մ. Այվազյան, չորս հատորով, հ.3, Եր. 1999, էջ 603-604, Хоруженко К.М. Культурология, Энциклопедический словарь. Ростов-на-Дону, 1997, с. 289-290., Алексеев П.В. Философы России 19-20-ых столетий. Биографии. Идеи. Труды, М., 2002, с. 606:

Բազում հիմնախնդիրների մշակման հարցում այնքան մեծ է եղել գիտնականի ներդրումը, որ ամերիկյան կենսագրական ինստիտուտը (ABI) Է. Մարգարյանին ներկայացրել է «Տարվա մարդը» (1998) տիտղոսին` նրան ներառելով «500 անվանի առաջնորդների ցուցակում», իսկ անցյալ դարի 90-ականների վերջին` «20-րդ հարյուրամյակի ականավոր մարդը» տիտղոսին:

Մահվանից հետո էլ Է. Մարգարյանի անունն ու գործը չեն մոռացվում: Մահվան տարելիցի առիթով ՌԴ կրթության եւ գիտության նախարարության, Հումանիտար գիտությունների ակադեմիայի` Մոսկվայում լույս ընծայվող «Философские науки» ամսագիրը (2012, N3, ր.143-157) «Լոկալ քաղաքակրթությունների հայեցակարգից դեպի 21-րդ դարի հումանիզմի իդեալները» վերտառությամբ ծավալուն բաժին է նվիրել նրա հիշատակին ու գաղափարներին: Իսկ վերջերս, ըստ էության մահվան երկրորդ տարելիցի օրերին, Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ, Տերյան փողոցի նշանավոր 62 տան պատին, որտեղ երկար տարիներ ապրել է պրոֆեսորը, տեղադրվել է գեղեցիկ, ճաշակով ձեւավորված գրանիտե հուշատախտակ (ճարտարապետ` Արբակ Վարդանյան), հավերժացումը արժանավոր երեւանցու հիշատակի, որի պաշտոնական բացումը տեղի ունեցավ օրեր առաջ:

Պրոֆեսորը թողել է յուրահատուկ «հոգեւոր կտակ», որի համաձայն իր աշխատությունները, գիտական գաղափարներն ու ծրագրերը, գիտակարգերն ու հայեցակարգերը հայ ժողովրդի մտավոր սեփականությունն են, եւ ստեղծվել են, առաջին հերթին, բարձրացնելու Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում, հատկապես եթե դրանք ընկալվեն, գործադրվեն ու տարածվեն նաեւ պետական մակարդակով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #71, 02-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ