ԼԱՎ ԱՎԱՆԴՈՒՅԹ ԳԵՂԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ Մ. Բ. Գեղարվեստի ակադեմիայի ուսանողների հետ երեկվա ցուցահանդեսային հանդիպումը գրաֆիկայի եւ գծանկարի ամբիոնի դասախոսների աշխատանքների հետ էր: Այսպիսի ցուցահանդեսները ակադեմիայում լավ ավանդույթ են ձեւավորում: Որեւէ արվեստագետ իր ստեղծագործությունը հանրայնացնելու, ճանաչելի դարձնելու ձգտում անշուշտ ունի. նկար է, գիրք, թե երաժշտական գործ, իր երկրորդ կյանքը շարունակելու համար երկխոսության, շփման անհրաժեշտություն ունի: Գեղակադեմիայի նկարիչ-դասախոսների համար բուհի «Ալբերտ եւ Թովե Բոյաջյան» ցուցասրահը դրա լավագույն հնարավորությունն է: Լավ մանկավարժ-դասախոսը, որ նաեւ լավ նկարիչ լինի, ինչպես գեղանկարչության ֆակուլտետի դեկան Էդվարդ Վարդանյանն է նկատում, շատ չի պատահում, եւ ուսանողի համար կարեւոր է նաեւ դասավանդող մանկավարժի ստեղծագործական անհատական նկարագիրը: «Դասախոսներն ահա գրքի պես բաց ենՙ պատրաստ լսելու ձեր վերաբերմունքը, առողջ դատողությունը կամ քննադատությունը», ասում է Էդ. Վարդանյանը եւ հույս ունի, որ նման ցուցահանդեսները կդառնան ամենամյա եւ բոլոր ամբիոնները կընդգրկվեն ուսանող-դասախոս երկխոսության, զրույցի այս ձեւում: Գրաֆիկայի եւ գծանկարի ամբիոնի վարիչ Արա Բաղդասարյանի համար սա դասախոս-մանկավարժ-նկարչի ստեղծագործական միջավայրը ուսանողին ճանաչելի դարձնելու լավ հնարավորություն է, որտեղ յուրաքանչյուրն իր համար կարեւոր մի բան կգտնի կամ կվերցնիՙ որպես օրինակ կամ փորձ: Գեղակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը ցուցահանդեսային նման հանդիպումները ուսանողների հետ դարձնում է շփման անմիջական միջավայր, ուսումնական պրոցեսի, հերթական դասի շարունակությունՙ այն տարբերությամբ, որ այստեղ ուսանողը կարող է ճանաչել դասախոսին նաեւ որպես նկարիչ-արվեստագետՙ յուրաքանչյուրին իր անհատական ձեռագրով, գեղանկարչական մտածողությամբ: Ցուցադրությանը Աշոտ Հարությունյանը ներկայացել էր հայ եկեղեցիների, վանքերի («Նորավանք», «Տաթեւ») գրաֆիկական շարքով, Արա Բաղդասարյանը` ջրաներկ բնանկար գործերով, նաեւ Տիգրանուհի Աղասյանը, Համլետ Ասատրյանը, Հայկ Աղաբեկյանը եւ ուրիշներ: |