RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#070, 2013-05-01 > #071, 2013-05-02 > #072, 2013-05-03 > #073, 2013-05-04 > #074, 2013-05-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #72, 03-05-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-05-02 23:42:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1442, Տպվել է` 68, Ուղարկվել է էլ.փոստով` 70

ԲԱՑԱԿԱՅՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐՆ ԱՄԵՆ ՆԻՍՏԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԵՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ բարկացավ: Առավոտյան նիստում նախորդ օրը քննարկված օրինագծերի քվեարկությունից հետո պատգամավորների մեծ մասը, իր սովորությամբ, ավարտած համարելով իր ամենակարեւոր գործը` կոճակսեղմոցին, դուրս էր գալիս դահլիճից, ընդ որում դա անում էր ժխորով եւ աղմուկով: Այդ պահին Հովիկ Աբրահամյանը քննարկելիք հարցերի հերթականությունն էր ասում: Անհարգալիր վերաբերմունք համարելով տեղի ունեցողը` Հ. Աբրահամյանն այնպես զայրացավ, որ պահանջեց պատգամավորներին այսուհետեւ ներկա լինել Ազգային ժողովի դահլիճում, եւ անգամ տարրական կուլտուրայի կոչ արեց` գոնե իր խոսքն ավարտելուց հետո դահլիճից դուրս գալ: Նա հիշեցրեց ԱԺ կանոնակարգը, ըստ որի պատգամավորները պարտավոր են ԱԺ նիստերին մասնակցել: Ապա տեղում որոշում կայացրեց հանձնարարել քարտուղրությանը` օրը երեք անգամ ստուգել, թե ո՞վ է ներկա, ով` բացակա, եւ բացակաների ցուցակները հրապարակել ԱԺ կայքում ու լրատվամիջոցներով, որպեսզի ընտրողները տեսնեն, թե ովքեր չեն մասնակցում նիստերին եւ հաջորդ անգամ այդ պատգամավորներին չընտրեն: Վահ: Ի՞նչ պատահեց տեսնես, քանի որ մինչեւ այժմ դա երբեւէ չէր անհանգստացրել ԱԺ նախագահին, եւ արդյոք նրա այյս խոսքերն ուղղված են մշտապես բացակայող բոլո՞ր արտոնյալ պատգամավորներին: Եվ ընդհանրապես` վերը նշված սովորույթը (քվեարկելուց հետո իր գործին գնալը) առավել մեծամասնության եւ այլընտրանքի պատգամավորներինն է, չնայած երկու խմբակցություններում էլ մշտապես աշխատող ու շատ լավ պատգամավորներ էլ կան: Հետաքրքրական է, որ Հ. Աբրահամյանը ձեռքի հետ նաեւ հիշեցրեց այլ անգամներ եւս արած իր զգուշացումը` ուրիշների փոխարեն չքվեարկել:

Երկու հակադիր ուղերձ ոստիկանապետին` ԱԺ դահլիճից

«Ոստիկանության զորքերի մասին» օրենքի փոփոխությունը ներկայացնող փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ հարցրեց, թե արդյոք նա՞ է այն տեղակալը, որին զանգել են ԱԺ պատգամավորներ` Գյումրու միջադեպի հետ կապված (խոսքը միջադեպի մասնակիցների` գրավոր ցուցմունք չտալու խնդրանքի մասին է), եւ ովքե՞ր են եղել զանգահարողները: Փաշինյանին հետաքրքրում էր նաեւ, թե ոստիկանապետի` «Դուք պատգամավո՞ր եք, թե՞ գողական, արա» հայտնի արտահայտությունը, երբ նա չի շեշտել անուն-ազգանուն, ուրեմն եւ`«արայով» դիմել է կարգավիճակին, այսինքն` ԱԺ պատգամավորներին. «Ես խնդրում եմ, որ Դուք ոստիկանության պետին` Ձեր ղեկավարին փոխանցեք, որ եթե հաջորդ անգամ ինքը կխոսի կարգավիճակի մասին այդպիսի տոնով եւ «արայով», կարող եք ասել, որ պատգամավոր Փաշինյանը նույնպիսի «արայով» պատասխան կտա ոստիկանապետին եւ ցանկացած մեկին: Եթե կա գողական Ազգային ժողովում, ոստիկանապետը թող բարի լինի այդ անունները հրապարակել, որպեսզի ամեն ինչ պարզ լինի»:

Արթուր Օսիկյանն ասաց, որ իրեն չեն զանգել, հետեւաբար պատգամավորների անունները չգիտե, իսկ ոստիկանապետի խոսքը խորհուրդ տվեց ենթատեքստից չկտրել: Սակայն Փաշինյանին անուղղակի պատասխանեց ոչ թե ոստիկանության ներկայացուցիչը հատկապես, այլ ՀՀԿ խմբակցությունից Արտաշես Գեղամյանը, ով օրենքի քննարկումն առիթ դարձնելով` նշեց այն շրջադարձային փուլի մասին, երբ Հայաստանի ոստիկանությունն ու նրա ղեկավարությունն ի դեմս ոստիկանապետի` աննախադեպ գործողություններ են ծավալում, որոնք միտված են «զոռբաներից եւ զինված խմբավորումներից ձերբազատել երկիրը»: «Եվ այս գործընթացի ականատեսը մենք եղանք վերջերս Հայաստանի ոստիկանապետի ձեռնարկած եւ ղեկավարած այն գործողություններում, որոնք լայնորեն ցուցադրվեցին հեռուստատեսությամբ: Այս պարագայում ՀՀ Ազգային ժողովը պետք է իբրեւ համերաշխություն` վերաբերմունքը դրսեւորեր, քանի որ դրանից հետո այստեղ ներկայացնում է հույժ կարեւոր օրինագիծ: Սակայն մենք անզգուշորեն կամ միտումնավոր սխալ ազդակ հաղորդեցինք»: Եվ Գեղամյանն իր համերաշխությունը հայտնեց վերջին շրջանում ոստիկանության ձեռնարկած գործողություններին, հատկապես նրանց, «որոնք միտված են կյանքի կոչելու երկրի նախագահի ընտրական ծրագրի այն հիմնադրույթը, որ այլեւս Հայաստանում զոռբաներին կարմիր քարտ (Գեղամյանն ասաց` լույս) է ցույց տրվելու»: Իսկ օրենքի նախագիծը ուղղված էր ոստիկանության տարբեր ստորաբաժանումների` հասարակական կարգի պահպանության եւ անվտանգությանն ուղղված միջոցառումների արդյունավետությանը:

Կրծքի կաթով կերակրման խրախուսման նախագիծ

Երեկ խորհրդարանը առողջապահության եւ երկրի ժողովրդագրության առումով շատ կարեւոր նախագիծ քննարկեց առաջին ընթերցմամբ` «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» եւ դրան հարակից փաթեթը: Հիմնական զեկուցող Արա Բաբլոյանն այնքան մանրամասն ու պատկերավոր ներկայացրեց նորածիններին մայրական կաթով սնելու բոլոր առավելությունները` իմունային համակարգի ամրացում, անենաանհրաժեշտ բաղադրիչների փոխանցում մանկանը, մանկական մահացության նվազման ստույգ գործոն եւ այլն, որ ոչ մի կասկած այդ ուղղությամբ այլեւս չմնաց: Փաթեթով կարգավորվում էին նաեւ մանկական սննդի արտադրության, գովազդի եւ հարակից բոլոր հարցերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #72, 03-05-2013

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ