RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ՊԱՑԻԵՆՏՆԵՐ

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#071, 2013-05-02 > #072, 2013-05-03 > #073, 2013-05-04 > #074, 2013-05-07 > #075, 2013-05-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #73, 04-05-2013



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

Տեղադրվել է` 2013-05-03 23:44:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 2297, Տպվել է` 124, Ուղարկվել է էլ.փոստով` 85

ԵԽ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԵԼԸ ՊԱՏՎԱՎՈՐ, ԲԱՅՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ Է

Մ. Խ.

«Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահությունը» թեմայով Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը (նախագահ Արտակ Զաքարյան) կազմակերպել էր լսումներ, նպատակն էր պատկերացնել այն խնդիրները, որոնք կլինեն Հայաստանի նախագահության ընթացքում: Լսումներին ներկա էին եւ ելույթ ունեցան Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը , Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը , հանրային ոլորտի ակտիվիստներ, պատգամավորներ: Միգուցե լավ չպատկերացնելով Հայաստանի նախագահելու ընթացքում արդեն ձեւավորված առաջնահերթությունները, մերոնք մեծ ակնկալիքներ ունեն այդ նախագահությունից` սեփական խնդիրներն ասպարեզ բերելու առումով, ԼՂ խնդրից մինչեւ ցեղասպանության ճանաչում: Ակնկալիքները միգուցե նրանից են, որ վատ է պատկերացվում Եվրոպայի խորհրդի ընդհանուր աշխատանքը, որի գերակայությունները հնարավոր չէ փոխել Հայաստանի նախագահելով: Համենայն դեպս, ԱԺ դահլիճում պատասխանելով այդ կարգի հարցերի` Է. Նալբանդյանն ասաց, թե ստանձնելով նախագահությունըՙ միանձնյա որոշումներ կայացնելու հնարավորություն Հայաստանը չի ստանալու, բայց իր առջեւ խնդիր չի դնելու հակադրվելու Ադրբեջանին. «Մեր նպատակը ոչ Եվրոխորհրդում, ոչ այլ կազմակերպությունում երբեւէ չի եղել Ադրբեջանին հակադրվելը: Եթե Ադրբեջանի կողմից սադրիչ գործողություններ կամ հայտարարություններ եղել են, ապա դրանք համապատասխան արձագանքի են արժանացել, բայց հատուկ ինչ-որ քայլեր ձեռնարկելու մտադրություն երբեք չենք ունեցել եւ չենք էլ ունենալու նախագահության ընթացքում»: Հայաստանը նախագահելու է 2013 թվականի մայիսի 16-ից մինչեւ նոյեմբեր, Հայաստանի համար նման հնարավորություն կստեղծվի շատ տարիներ հետո միայն, իսկ ահա 2014 թվականի մայիսից նոյեմբեր նախագահելու է Ադրբեջանը:

Լսումնեը ողջունեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը :

Հայաստանը նախագահելու է ԵԽ ղեկավար հիմնական մարմիններից Նախարարների կոմիտեում, որը կազմված է անդամ երկրների (47) արտաքին գործերի նախարարներից: Նախարարների կոմիտեն որոշումներ է ընդունում Եվրոպայի խորհրդի քաղաքականության վերաբերյալ եւ հաստատում նրա բյուջեն եւ գործունեության ծրագիրը: Անդամ երկրները անգլերեն այբուբենի հերթականությամբ 6 ամիս ժամկետով ստանձնում են ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը: Եվրոպայի խորհրդի մյուս կանոնադրային մարմինըՙ Խորհրդարանական վեհաժողովը, խորհրդատվական մարմին է: Վեհաժողովում առաջ են քաշվում եւ քննարկվում են եվրոպական հասարակությունների համար մարտահրավեր հանդիսացող կարեւորագույն հարցեր: Իր ելույթում Է. Նալբանդյանը հանգամանալից բացատրեց այն խնդիրները, որոնք որպես հարց ձեւակերպվում էին նաեւ պատգամավորների եւ մյուս մասնակիցների հարցերում: Հայաստանը Եվրոպայի խորհրդի կազմում բավական երկար ճանապարհ է անցել, ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում առնվազն վերջին 10-15 տարիներին Հայաստանում տեղի ունեցած գործընթացներում Եվրոպայի խորհուրդն իր կարեւոր ներդրումն է ունեցել, գնահատեց Է. Նալբանդյանը. «Եվրոպայի խորհրդի աջակցությամբ մենք լուրջ առաջընթաց ենք ունեցել Հայաստանի անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացումՙ իրականացնելով խորքային բարեփոխումներ:

Արդյունքները տեսանելի են եւ անշրջելի: Գործընթացը շարունակվում է, եւ այս առումով կցանկանայի հատուկ կարեւորել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2012-2014 թթ. Գործողությունների ծրագիրը, որը մեր երկրի տարբեր գերատեսչությունների եւ Եվրոպայի խորհրդի քարտուղարության համատեղ աշխատանքի արդյունք է եւ արտացոլում է բարեփոխումների մեր գերակայությունները»:

ԵԽ-ին Հայաստանի անդամակցությունից անցել է 12 տարի եւ, առաջին անգամ, մայիսի 16-ին Հայաստանը ստանձնելու է Նախարարների կոմիտեի նախագահությունը, ինչը շատ կարեւոր եւ պատվավոր առաքելություն է Հայաստանի համար, բայց նաեւ մեծ պատասխանատվություն է: Մայիսի 16-ին Ստրասբուրգում նախագահությունը ստանձնելիս Հայաստանը ներկայացնողները պետք է հրապարակեն մեր նախագահության գերակայությունները, այսինքն այն ոլորտները, որոնք մենք կարեւորում ենք կազմակերպության առաջիկա 6 ամսվա աշխատանքների տեսանկյունից: Հայաստանի գերակայությունները ձեւավորելիս փորձ է արվել համատեղել Եվրոպայի խորհրդի կարեւոր օրակարգային եւ Հայաստանի համար առաջնային հարցերը: Դրանք քննարկվել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետՙ ապրիլի 16-17-ին Հայաստան կատարած այցի ընթացքում, շեշտել եւ կարեւվորել ենք Եվրոպայի խորհրդի բոլոր երեք հենասյուները` մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն եւ ժողովրդավարություն, յուրաքանչյուրից ընտրելով այն ուղղությունները, որոնք Հայաստանի կարծիքով արդի ժամանակահատվածում կարեւոր են:

Անհանդուրժողականություն, խտրականություն եւ ատելություն սերմանող հրապարակային ելույթների դեմ պայքարի համատեքստում մեր ներդրումը բերելու համար Հայաստանում կկազմակերպվի անհանդուրժողականության եւ խտրականության դեմ պայքարին նվիրված միջազգային կոնֆերանս, Հայաստանը կհյուրընկալի Եվրոպայի խորհրդի միջմշակութային երկխոսության կրոնական հարթության 2013թ.-ի հանդիպումը, որը վերջին տարիներին հատուկ կարեւորություն եւ մեծ հնչեղություն է ձեռք բերել, ինչպես նաեւ կմիանա եւ կսատարի ատելություն սերմանող հրապարակային ելույթների դեմ երիտասարդական արշավին:

Օրենքի գերակայության ուղղությամբ մեր ներդրումը կլինի «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով խորհրդաժողովը, որը նախաձեռնել է Հայաստանի Սահմանադրական դատարանըՙ Վենետիկի հանձնաժողովի եւ Եվրոպական դատարանի հետ համագործակցաբար: Եվրոպայի խորհրդի երրորդ հենասյունըՙ ժողովրդավարությունը, լայն ընդգրկում ունի: Հայաստանի տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ միջոցառումներ են նախատեսված են:

Տեղական ժողովրդավարության առումով բոլոր երկրների կյանքում կենտրոնական դեր ունեն մայրաքաղաքները: Այս կոնտեքստում Հայաստանն իր նախագահության ընթացքում մտադիր է կազմակերպել Եվրոպայի խորհրդի մայրաքաղաքների քաղաքապետների համաժողով, Հայաստան կհրավիրվեն 46 երկրների մայրաքաղաքների քաղաքապետներ:

Հայաստանը պատշաճ ուշադրություն կհատկացնի մշակութային ժառանգության, բարձրագույն կրթության եւ երիտասարդության քաղաքականության ոլորտներին: Համապատասխան գերատեսչությունների հետ համագործակցաբար Երեւանում կկազմակերպվի Եվրոպական ժառանգության օրերի պաշտոնական մեկնարկի արարողությունը, բարձրագույն կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպումը եւ Երիտասարդական քաղաքականության եվրոպական սիմպոզիումը:

Նախատեսված են բարձրաստիճան անձանց այցելություններ Ստրասբուրգ, մասնավորապես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահի այցը եւ ամառային նստաշրջանի կապակցությամբ Ազգային ժողովի նախագահի այցը:

Հայաստանը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու է կազմակերպության համար շատ կարեւոր ժամանակահատվածում: Գլխավոր քարտուղարը նախաձեռնել է կազմակերպության խորքային բարեփոխումներ, որոնց նպատակը Եվրոպայի խորհրդի արդյունավետության եւ դերի բարձրացումն է: Հայաստանը որպես նախագահող երկիր ակտիվորեն ներգրավվելու է այդ բարեփոխումների գործընթացում:

Մեր նախագահության ընթացքում քննարկվելու եւ համաձայնեցվելու են կազմակերպության 2014-2015թթ. բյուջեն եւ գործողությունների ծրագիրը. «Նախագահության ընթացքում մենք շարունակելու ենք խրախուսել եւ առաջ մղել Եվրոպայի խորհրդի համագործակցությունը գործընկեր կազմակերպությունների հետ` մասնավորապես ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպական միության եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության», ասաց Է. Նալբանդյանը:

Մայիսի 31-ին Երեւանում կայանալիք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական կոմիտեի նիստի ընթացքում ներկայացվելու են Հայաստանի նախագահության գերակայությունները: Խորհրդարանական վեհաժողովի ամառային եւ աշնանային նստաշրջանների ընթացքում, Նախարարների կոմիտեի նախագահողը պետք է հանդես գա ելույթներովՙ ներկայացնելով կոմիտեի աշխատանքները:

Մշակութային միջոցառումներից առանցքայինը Ստրասբուրգում Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի ներկայացումն է լինելու:

Ի դեպ, պատասխանելով լրագրողների հարցերին` Է .Նալբանդյանը նշեց, թե ինչու են որոշել «Սպարտակ» բալետը ներկայացնել Ստրասբուրգում. «Գիտեք, որ 20-րդ դարի ամենահայտնի դասական երաժշտական գործերը Ռավելի «Բոլերոն» եւ Խաչատրյանի «Գայանե» բալետից «Սուսերով պարն» են: Արամ Խաչատրյանը համաշխարհային հեղինակություն է: Իհարկե, այդպիսի կոմպոզիտոր ունենալով, ով մեր այցեքարտը կարող է համարվել, եւ նրա ստեղծագործությունը մեր նախագահության շրջանակներում Ստրասբուրգում ներկայացնելը մեծ պատիվ է, մենք չէինք կարող բաց թողնել նման հնարավորությունը: Բայց եթե այլ նախաձեռնություններ լինեն, ապա մշակույթի նախարարության հետ համատեղ կկազմակերպվեն նաեւ այլ միջոցառումներ, ցուցահանդեսներ, համերգներ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #73, 04-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ