RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ՊԱՑԻԵՆՏՆԵՐ

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#071, 2013-05-02 > #072, 2013-05-03 > #073, 2013-05-04 > #074, 2013-05-07 > #075, 2013-05-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #73, 04-05-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-05-03 23:44:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 2111, Տպվել է` 106, Ուղարկվել է էլ.փոստով` 67

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՐԱՑՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԷԼ ԻՐ ՎԵՐՋՆ Է ԳՏՆՈՒՄ»

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Ցանկատեսություն, որ, ավաղ, իրատեսական չի դառնում

Գերմանական taz-ը, ապրիլի 26-ին անդրադառնալով Թուրքիայում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներին, Յուրգեն Գոթթշլիխի մեկնաբանությամբ հրապարակում է ներկայացրել: «Սա հեղափոխությունից պակաս չէ», Լոնդոնից ժամանած Արա Սարաֆյանի գոհունակությունն է փոխանցում թերթը: «Կարող էի ազատ խոսել, ասել այն, ինչ կամենում էի»: Երեւում է, գրում է մեկնաբանը, Սարաֆյանը դժվար է հավատում, թե իրականում Ստամբուլի կենտրոնում է ելույթ ունեցել: «Դեռ մի քանի տարի առաջ հնարավորություն չունեի այս առիթով Թուրքիա գալ եւ ցեղասպանության մասին խոսել: Հակառակըՙ միշտ մտածում էի, թե կյանքիս ընթացքում սա հնարավոր չի լինի: Սարաֆյանի հետ Հայոց ցեղասպանության զոհերի մոտ 20 ժառանգներ այս տարի առաջին անգամ Թուրքիա են եկելՙ մասնակից դառնալու հիշատակի արարողություններին: Միայն Ստամբուլում ապրիլի 24-ին 4 միջոցառում է կայացել: Սարաֆյանը թուրք իրավապաշտպանների հետ այցելել է քաղաքի գերեզմանոցներից մեկում թաղված թուրք Ֆայիք Ալի Օզանսոյի շիրիմին, ով ոչ միայն Սարաֆյանի ընտանիքին, այլեւ ուրիշ հայերի էլ է փրկել է: Ֆայիք Ալի բեյը 1915-16-ին Թուրքիայի արեւմուտքում գտնվող Քյութայա նահանգի կառավարիչն է եղել: «Նա ոչ միայն չի մասնակցել հայերի տեղահանմանը, այլեւ ակտիվորեն պաշտպան է եղել իր շրջանի հայերին: Իմ ընտանիքը նրա շնորհիվ է ազատվել», Սարաֆյանի խոսքն է փոխանցում գերմանական լրատունՙ շեշտելով, թե Ֆայիք Ալի բեյը բացառություն էր: 1,5 միլիոն հայեր Առաջին աշխարհամարտի ժամանակ տեղահավեցին, սպանվեցին կամ շաբաթներ շարունակ աքսորի ճանապարհ բռնեցին ոտքովՙ դեպի ժամանակին Օսմանյան կայսրությանը պատկանող սիրիական անապատներ: Նրանցից շատերը մահվան քայլերթի ճանապարհին զոհվեցին, մյուսներն անապատում սովահար եղան: Քչերին բախտ վիճակվեց Լիբանան, Պաղեստին կամ ռուսների վերահսկման տակ գտնվող Հայաստան փախչել: Թուրքիան վարանում է տեղահանումը ցեղասպանություն ճանաչել, գրում է taz-ը: Սարաֆյանը համոզված է, որ «Ցեղասպանության ուրացումը, որ ցայսօր ցավ է պատճառում զոհերի ժառանգներին, Թուրքիայում էլ իր վերջն է գտնում: Այլապես անկարելի կլիներ նման միջոցառումների անցկացումը»: Սարաֆյանի մեծ ցանկությունն իրականություն կարող է դառնալ, գրում է թերթի մեկնաբանըՙ նշելով, թե Թաքսիմ հրապարակում կազմակերպված հուշահանդեսը նախորդ տարիներից նկատելի տարբերվում էՙ առաջ 50-100 հոգի աննկատ, լուռ հարգում էին հիշատակը, այս տարի 1000-ից ավելի էր մասնակիցների թիվը, որ պաշտոնական միջոցառմամբ հիշատակեցին զոհերին: Հավաքներ են կայացել նաեւ Իզմիրում, Ադանայում, Մերսինում եւ Դիարբեքիրում: Թուրքիայի պառլամենտում քրդական Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցությունն առաջին է, որ չորեքշաբթիՙ ապրիլի 24-ին պաշտոնապես հայտարարեցՙ ցեղասպանություն, մի ձեւակերպում, որի դեմ պաշտոնական Թուրքիան տասնամյակների ի վեր պայքար է մղում, նշում է taz-ի մեկնաբանը: Արա Սարաֆյանը հույս ունի, թե 2 տարի հետո, երբ աշխարհով մեկ ցեղասպանության 100-ամյա տարելիցը կհիշատակեն, Թուրքիայում էլ ուրացման քաղաքականությունը վերջ կգտնի: «Ես երկխոսության կողմնակից եմ, հաջորդ տարի էլ գալու եմ, միգուցե 2 տարում կառավարությունն էլ մեզ հետ խոսի», լոնդոնաբնակ Արա Սարաֆյանի խոսքով է եզրափակում հոդվածը գերմանական taz-ը:

Նկար 1. Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հիշատակի արարողություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #73, 04-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ