RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ՊԱՑԻԵՆՏՆԵՐ

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#071, 2013-05-02 > #072, 2013-05-03 > #073, 2013-05-04 > #074, 2013-05-07 > #075, 2013-05-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #73, 04-05-2013



Խարդավանքներ

Տեղադրվել է` 2013-05-03 23:44:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1523, Տպվել է` 62, Ուղարկվել է էլ.փոստով` 49

ԱՌԵՂԾՎԱԾԸ ԽՈՐԱՆՈՒՄ Է

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Մինչ հայերը Մ. Նահանգներում վշտակից հետեւում էին Բոստոնի մարաթոնյան վազքի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության մանրամասներին, մի ռումբ պայթեց զանգվածային լրատվամիջոցներում, որ նրանց սթափեցրեց եւ ստիպեց, որ արդարություն պահանջեն: Ահաբեկիչների հորեղբայր Ռուսլան Ցարնին հիշատակել էր «Միշա» անունով կասկածելի անցյալի տեր մի անձնավորության, որը ենթադրաբար «լվացել» էր ավագ եղբայր Թամեռլանի ուղեղը: Այդ անձնավորությունը իբր «հայկական ծագում» ուներ եւ հավատափոխ լինելով ընդունել էր իսլամը որպես դավանանք: Կերպարստեղծման ինչպիսի՜ հնարանք: Հայերն ստիպված էին ապրիլի 24-ի նախօրեին զբաղվել նաեւ այս հարցով, մանավանդ որ ողջ մնացած մյուս ահաբեկիչը խոստովանել էր, որ հաջորդ թիրախը լինելու էր Նյու Յորքի «Թայմս սքուերը», որտեղ ավանդաբար հայերը հավաքվում են հարգելու հիշատակը ցեղասպանության անմեղ զոհերի: Ինչո՞ւ էր հատկապես այդ վայրը ընտրվել. ի՞նչ կապ կարող էր ունենալ ահաբեկչությունը հայերի հետ:

Առեղծվածը գնալով ավելի խորացավ, բարդացավ եւ նմանվեց Խորհրդային Ռուսաստանի մասին Ուինստոն Չերչիլի բնութագրմանը, որ հնչում է այսպես. «Չեմ կարող կանխատեսել Ռուսաստանի գործողությունները: Դա մի հանելուկ է, առեղծվածներով փաթաթված մի գաղտնիք, որը գուցե ունի իր բանալին»: Այդ «բանալին» երբ հայտնվեց, պարզվեց, որ ամեն ինչ դրանում փուչ է, եւ շատ չանցած խորհրդային կայսրությունը կործանվեց:

Այժմ հարցն այն է, թե ո՞վ է գտնելու մերօրյա առեղծվածի բանալին: Միայն հետաքննող լրագրողները կարող են թափանցել հարցի էության մեջ եւ բացահայտել դրա մութ ծալքերը: Հայազգի հայտնի փաստաբան Մարկ Կիրակոսը CNN-ի լրագրող Անդերսոն Կուպերի հետ զրույցում որոշ պարզաբանումներ մտցրել է «Միշայի» ինքնության վերաբերյալ: Եթե իմանար այն, ինչ հիմա գիտենք, նա ավելի խոր կթափանցեր հարցի էության մեջ: Ինչպես հայտնի է, ապրիլի 30-ին Ռուսլան Ցարնին անձամբ կապվել է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի հետ եւ ներողություն խնդրել հայ համայնքից իր հայտարարությունների համար: Ի՞նչ էր պատճառը այս փոփոխության: Հետաքննող լրագրողները նորանոր փաստեր են հրապարակում այս խաղում ներգրավված անձնավորությունների մասին:

Նրանցից մեզ համար հատուկ ուշադրության է արժանի Ռուսլան Ցարնին, որը կարծես թե սովորական հանդիսատես չէ, այլՙ ծածուկ գործողությունների եւ նավթային քաղաքականության մասնակից: Պարզվում է, որ նա գործադիր մարմնի անդամ է կասպիական տարածաշրջանում բանող նավթային մի ընկերության: 1999-2001 թվերին «Գոլդեն իգըլ» նավթային ընկերության իրավական բաժնի տնօրենն է եղել, իսկ դրանից առաջ «Հալիբրտոն» ընկերության կապալառուն եւ երկու տարի էլ USAID-ի խորհրդատուն Ղազախստանում:

Հաշվի առնելով նավթային ընկերությունների թաքուն քարոզչական արշավն ընդդեմ Կոնգրեսում հայերի ցեղասպանության բանաձեւի անցկացմանը, պետք է եզրակացնել, որ Ցարնիիՙ հայերի վերաբերյալ հայտարարությունը բոլորովին էլ պատահական չէր: Դա հաշվարկված քայլ էրՙ նկատի առնելով նրա իրավաբանական անցյալը:

Նրա ընտանեկան կապերն էլ են խիստ խճճված: «Բոյլինգ Ֆրոգզ»-ում ապրիլի 27-ին Սայբլ Էդմոնդսի հրապարակման համաձայնՙ Ռ. Ցարնին ամուսնացած է եղել Գրեհեմ Ֆուլերի դստեր հետ: Իսկ ո՞վ է Գրեհեմ Ֆուլերը: Էդմոնդսը գրում է. «Բոստոնյան ահաբեկչության լուսաբանման մեջ թեքում կատարվեց, երբ ես անցյալ գիշեր պարզեցի, որ դրանում CIA-ի (կենտրոնական հետախուզական վարչության) մատը խառն է, հանձին Գրեհեմ Ֆուլերի, որը մի ժամանակ աշխատել է այնտեղ: Լուրը հաստատվել է նաեւ լրագրող Լորա Ռոզենի կողմից»: Այնուհետեւ մի նոր բացահայտում է կատարում Էդմոնդսըՙ գրելով, որ Ֆուլերը մաս է կազմել Ամերիկայի խորքային պետության անդամների ցուցակի: Այդ անձնավորությունների լուսանկարները (21 հատ) նա զետեղել է իր «Պետական գաղտնիքների առանձնաշնորհյալ պատկերասրահում» այն բանից հետո, երբ գլխավոր դատախազ Ջոն Էշկրոֆթը բացահայտել էր, որ քրեական հանցագործություններ են կոծկվում «պետական գաղտնիք» պիտակի տակ: Դրանցից մեկը եղել էր Ֆուլերի (այդ ժամանակ ԿՀՎ-ի հետախուզության ազգային խորհրդի փոխտնօրեն) խոստովանությունը, որ «իսլամի էվոլյուցիայի գործոնը կարմիր բանակի դեմ օգտագործելու քաղաքականությունը լավ արդյունք է տվել Աֆղանստանում: Այժմ էլ նույն քաղաքականությունը կարող ենք շարունակել Կենտրոնական Ասիայում Չինաստանիՙ որպես ռուսական իշխանության մնացորդի ազդեցության դեմ պայքարելու համար»:

Եթե հատուկ ուշադրություն դարձնենք Ֆուլերի դավանաբանական գաղափարներինՙ «ռուսական իշխանության մնացորդների» դեմ պայքարելու անհրաժեշտությունը, ապա ավելի պարզ կդառնա Հայաստանի կամ հայերի անվանարկումը Ցարնիի հայտարարության մեջ: Չէ՞ որ Հայաստանում է տեղակայված ռուսական ռազմակայաններից մեկը: Մինչ Արեւմուտքը եւ մասնավորապես Մ. Նահանգները պայքարում են արմատական իսլամի դեմ, այդ նույն զենքը, այլ ուժերի կողմից, օգտագործվում է «ապակայունացնելու համար այն, ինչ մնացել է Խորհրդային Միությունից կամ ռուսական իշխանությունից»:

Այս կոնտեքստում զարմանալի չէ, որ Ռուսաստանը վերջերս արտաքսեց ոչ կառավարական օտար ընկերություններին, որոնք գործում էին իր տարածքում: Բայց դրանք դեռ բավական ակտիվ գործում են Հայաստանում եւ կրոնական, աղանդավորական կազմակերպությունների հետ համատեղ փորձում են քայքայել մեր երկրի հիմքերը: Այդ ընկերություններից ոչ մեկը լոկ այլասիրական նպատակներ չի հետապնդում: Նրանք ունեն իրենց շահերը, որոնք հակադարձ համեմատական են Հայաստանի շահերին:

Վերադառնալով «Միշային»ՙ պետք է նշել, որ նա էլ բավական մութ անձնավորություն է երեւում: «Նյու Յորք Ռիվյու ըվ Բուքս» գրախոսականների հանդեսը հարցազրույց է ունեցել Միխայիլ Ալախվերդովի հետ նրա Ռոուդ Այլենդի տանը: Պարզվել է, որ նա հայ եւ ուկրաինացի ծնողների զավակ է: Կարմիր մորուքը վստահաբար ժառանգել է ուկրաինական նախնիներից: Բայց ինչո՞ւ այդ դեպքում հայերի անունն է շոշափվել Ցարնիի հայտարարության մեջ եւ ոչ թե ուկրաինացիների:

Անհասկանալի է նաեւ այն, որ Միշայի ընտանիքըՙ որպես քրիստոնյայի, հետապնդումների ենթարկվելուց հետո մահմեդական Ադրբեջանում (հավանաբար նրանք այն 400 հազար հայերի թվում են եղել, որոնք կամ սպանվել, կամ բռնագաղթել են Բաքվից եւ Սումգայիթից) Ամերիկա հասնելուց հետո կրոնափոխ լինելով ընդունել է իսլամը, այն էլ արմատական իսլամը: Գուցե այս բոլոր անհավանական գործոնները որպես շղարշ օգտագործվել են թաքցնելու նրա գործունեության գլխավո՞ր նպատակը: Լրագրող Ուոլթր Քատցը «The week» («Շաբաթը») պարբերականում առաջ է քաշում Միշայի «ՀԴԲ-ի (Հետաքննությունների դաշնային բյուրոյի) իրազեկիչ» լինելու եւ Թամեռլանին «մշակելու» հավանականությունը:

Ինչպես տեսնում ենք, Միշան էլ բավական մութ անձնավորություն է: Նպատակների վերաբերյալ ենթադրություններ միշտ կարելի է անել: Գուցե Թամեռլանին «մշակում» էին, որպեսզի մասնակցի Կովկասում Ֆուլերի գործողություններից մեկին եւ ինչպես Բեն Լադենը իրենից առաջ, նա էլ դեմ դուրս եկավ իր «տերերի» դեմ եւ կազմակերպեց բոստոնյան ահաբեկչությունը:

Բայց դեռ պետք է բացահայտել հայերին դրա մեջ ներառելու դավադրության մանրամասները: Որպես հայեր մենք կարող ենք բարձրաձայնել մեր զայրույթը, բայց մեր միջոցները սահմանափակ են, որպեսզի կարողանանք վերահսկել կատարվածը: Այնպես որ բացի մերՙ հայի անունն ու հեղինակությունը փրկելուց, պետք չէ՞ արդյոք մտահոգվել մեր հայրենիքիՙ Հայաստանի անվտանգության հարցերով:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. Ծ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #73, 04-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ