RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ: Մայիսի 28-ի տոնի առիթով արձակուրդի մեջ գտնվելու պատճառով «Տիգրան Մեծ» տպագրատունը հինգշաբթի օրը չաշխատեց։ Հետեւաբար թերթի հերթական համարը բացառաբար լույս կտեսնի շաբաթ առավոտյան։ Ընթերցողներին սպասում է բովանդակալից համար, որտեղ հաճելի ընթերցանության համար իրենց նյութերը կառաջարկեն Երվանդ Ազատյանը, Անահիտ Հովսեփյանը, Նաիր Յանը, Արեւիկ Քեշիշյանը, Հակոբ Ծուլիկյանը, Արծվի Բախչինյանը, Սուրեն Սարգսյանը, Արմեն Մանվելյանը, Մանուկ Արամյանը, Ռաֆիկ Հովհաննիսյանը, Հակոբ Միքայելյանը, Գեւորգ Գյուլումյանը, Հակոբ Ավետիքյանը եւ ուրիշներ՝ գլխավորությամբ Սուքիաս Թորոսյան-Toto-ի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#071, 2013-05-02 > #072, 2013-05-03 > #073, 2013-05-04 > #074, 2013-05-07 > #075, 2013-05-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #73, 04-05-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-05-03 23:44:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1928, Տպվել է` 80, Ուղարկվել է էլ.փոստով` 75

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՆՈՐ ՕՋԱԽ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահի բացումը

Մի քանի տարի արդեն Մաշտոցի պողոտայի «ՀայԱրտ» մշակույթի կենտրոնի օղակաձեւ կառույցներից մեկի ճակատային մասին երեւանցիները կարդում են «Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահ» վերտառությունը: Այդ տարածքը նկարչի թանգարանի վերածելու գաղափարը ծագել էր դեռեւս 2004-ին, այս ընթացքում տարվել են այն իրականություն դարձնելու նախապատրաստական տարաբնույթ աշխատանքներ-բանակցություններ: Եվ ահա վերջապես ցուցասրահի բացումը կայացավ երեկՙ հանդիսավորապես, Էդուարդ Իսաբեկյանի արվեստը գնահատող հանրության, նկարիչների, մտավորականների, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, պետական մի շարք պաշտոնյա անձանց, գեղակադեմիայի ուսանողության ներկայությամբ:

Ողջունելով Երեւանում մշակութային եւս մեկ օջախ հայտնվելու իրողությունըՙ քաղաքապետարանի ներկայացուցիչ Արամ Սուքիասյանը հայտնեց, որ Վարպետի հարուստ ժառանգության 28 կտավներ, որ կազմում են ներկա ցուցադրության բովանդակությունը, նվիրատվություն է Վարպետի որդուՙ Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանից : «Ինձ համար շատ կարեւոր օր է այսօր: Ես իրավունք ունեմ հուզվելու: Կարող եմ ասել, որ ինձ համար ավելի թանկ բան չկա, քան իմ հոր ժառանգությունը: Ես սիրահոժար նվիրում եմ այս նկարները Երեւանին եւ, կարծում եմ, որ այս ցուցասրահը ժամանակի ընթացքում կվերածվի թանգարանի, որին էլ հետագայում կհանձնեմ այն ողջ ժառանգությունը, ինչ մնացել է նրանից»:

Էդուարդ Իսաբեկյանին եւ նրա արվեստը ներկայացրեց ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանը : «Սովորաբար, երբ հիշում ենք Էդուարդ Իսաբեկյանին, նախ եւ առաջ մտաբերում ենք հայ ժողովրդի պատմական բախտորոշ իրադարձություններին նվիրված նրա մեծակտավ, կոթողային գործերըՙ «Դավիթ-Բեկը», «Ավարայրի ճակատամարտը», «Պատասխան Հազկերտին», որոնք զարդարում են մեր թանգարանները, հատկապես ազգային պատկերասրահը, որը շուրջ 20 տարի ղեկավարել է նա:

Իր ստեղծագործական յոթ տասնամյակների ընթացքում նա տարբեր ժանրերի բարձրարվեստ գործեր է ստեղծել, հրաշալի պորտրետիստ է: Հիմա դժվար է պատկերացնել XX դարի հայ դիմանկարի պատմությունը առանց նրա մի քանի դիմանկար աշխատանքների, ինչպեսՙ հոր եւ մոր դիմանկարները, Ակսել Բակունցին, իր տիկնոջըՙ տաղանդաշատ նկարչուհի Արփենիկ Նալբանդյանին նվիրված դիմանկարները, նաեւՙ ինքնադիմանկարները, որտեղ իրեն ճանաչելու, բացահայտելու միջոցով բացահայտում էր մարդկային աշխարհը»:

Արարատ Աղասյանը անդրադարձավ Իսաբեկյանի ստեղծագործական մեթոդինՙ որպես հայ, ռուս եւ եվրոպական կերպարվեստի ռեալիստական ուղղության լավագույն ավանդույթների շարունակողի, բազմաժանր ստեղծագործությունների տարբեր շերտերինՙ ընդգծելով նրա արվեստի հերոսական պաթոսը, ինչպես եւՙ ռոմանտիկ շունչը, քնարականությունը, ինչը դրսեւորված է բնանկարներում, գեղեցկության, կենսականության աղբյուր հանդիսացող կանացի կերպարներում:

Էդ. Իսաբեկյանն իր ավանդն ունեցել է նաեւ գրքարվեստում, եւ ինչպես նկատեց բանախոսը, այս ասպարեզում էլ նա թեմատիկ ընտրության հստակ նպատակ ուներՙ հայ ժողովրդի պատմության բախտորոշ շրջանների կարեւորագույն եւ հերոսական դրվագների պատկերազարդումները («Վարդանանք», «Մխիթար սպարապետը» եւ այլն): Այդ նույն ոգով է գրվել նաեւ «Իգդիր» վեպը, որտեղ հիշողությունների միջոցով վերականգնած ծննդավայրն էՙ նրա մարդիկ, նրանց կյանքն ու սովորույթներըՙ շաղախված կարոտի տրամադրություններով:

Մաշտոցի պողոտայի այս հատվածում մշակութային տրամադրությունները կարծես խտանում են: Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահը գալիս է համալրելու փողոցի դիմացի մայթին 30 տարուց ավելի գործող Ժամանակակից արվեստի թանգարանը: Վերնահարկի շրջանաձեւ սրահում Էդ. Իսաբեկյանի էպիկական շնչով մեծածավալ կտավներն են. նկարչի հայացքը պատմության էջերից այսօրվան է փոխանցում ուժի, առնականության, հպարտության ու հաղթանակի անցյալի ոգին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #73, 04-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ