RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#072, 2013-05-03 > #073, 2013-05-04 > #074, 2013-05-07 > #075, 2013-05-08 > #076, 2013-05-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #74, 07-05-2013



Տեղադրվել է` 2013-05-06 23:15:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 1888, Տպվել է` 73, Ուղարկվել է էլ.փոստով` 73

«ՓԱԿ ՇՈՒԿԱ» ԿԱՄ ՏԱՐՈՆԻ ԽԱՉԸ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Թեպետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ավագանու վերջին նիստի ժամանակ հայտարարել էր, որ «Փակ շուկայի» հարցը կկարգավորվի, շուկան կպահպանի արտաքին տեսքն ու սեփականատերը միայն ավտոկայանատեղի կկառուցի, որը որեւէ կերպ չի վնասի շուկային, սակայն ավագանու ընտրություններից մեկ օր անց շուկայի սեփականատեր, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կուսակից, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հրամանով կրկին սկսվել են շինարարական աշխատանքները: Թեպետ նույն ավագանու նիստի ժամանակ Մարգարյանը հայտարարել էր, որ բանակցություններ են ընթանում սեփականատիրոջ հետ ու մինչեւ վերջնական պայմանավորվածությունը շինարարությունը չի սկսվի, կամարներին ձեռք չի տրվի, սակայն, ինչպես երեում է, Ալեքսանյանը խախտել է այդ պայմանավորվածությունը, եւ նոր հարկաբաժնի կառուցումը, որի շինարարական աշխատանքները դադարեցվել էին նախագահական ընտրությունների շեմին, երեկ վերսկսվել է:

Պարոնյան 4ա շենքի բնակիչները հերթական անգամ նամակ են գրել նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին, որ շուկայի շենքի պարագծով ինքնակամ, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի մոտ 7 մետր լայնքով եւ 6-8 մետր խորությամբ եւ հարեւան շենքերից անթույլատրելի հեռավորության վրա հիմքեր են փորվումՙ վտանգելով շենքերի սեյսմակայունությունը:

Թեպետ ամիսներ առաջ բնակիչներին խոստացել էին, որ նոր հարկաբաժին չի լինելու, եւ սյուների կառուցումը կանգնեցվել էր, սակայն երեկվանից տարածքում կրկին սկսվել է լայնամասշտաբ շինարարություն: Տպավորությունն այնպիսին է, որ Ալեքսանյանը սպասում էր բոլոր տեսակի ընտրությունների ավարտին, որ անարգել շարունակի քանդել հուշարձանը, դրանով որեւէ բիծ չթողնելով իր կուսակցության թեկնածուների վրա:

«Ազգ»-ը բազմիցս անդրադարձել է «Փակ շուկայի» խնդրին: Նախՙ այս շուկան հուշարձան է, ճարտարապետական կոթող, եւ մշակույթի նախարարությունը չպետք է դրական եզրակացություն տար: Քաղաքապետարանն իր հերթին, անգամ դրական եզրակացության փաստաղթղի պարագայում, պետք է ցուցաբերեր կամք եւ թույլ չտար կառույցի փլուզումը:

Հիշեցնենք, որ երեք կամար արդեն փլվել է, տարածքի սեփականատիրոջ մտքի թռիչքը հասնում է այնտեղ, որ նա հայտարարում է, թե դա ինքնափլուզում է: Հատուկ նրա համար պարզաբանում ենքՙ երբ ամիսներ շարունակ շենքի հիմքը բուլդոզերով փորում ես, պատերը կորցնում են ամրությունն ու փլվում: Դա ինքնափլուզում չէ, դա վանդալիզմ է:

Պարոնյան 4ա շենքի բնակիչները որերորդ անգամ իշխանություններին հիշեցնում են, որ մանդատ ունեցող օլիգարխը ոտնահարում է իրենց իրավունքները, նոր հարկաբաժնի կառուցմամբ տարածքի մի քանի տասնյակ բնակիչներ ուղղակի զրկվում են արեւի լույսից:

«Մի՞թե Հայաստանում այդ աստիճան անզոր է պետական համակարգը բնակիչների օրինական իրավունքներն ու պահանջները պաշտպանելու համար: Վերջապես արձագանքեք եւ շտապ դադարեցրեք ապօրինությունը, կասեցրեք շուկայի տանիքի վրա նոր հարկաբաժնի շինարարությունը, վերացրեք դրա հետեւանքները, պաշտպանեք բնակիչների օրինական իրավունքներն ու հուշարձան շենքը: Իսկ ամենակարեւորըՙ վերականգնեք մեր հավատը»: Պահանջում են մայրաքաղաքի բնակիչները պաշտոնյաներին ուղղված նամակում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #74, 07-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ