RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#072, 2013-05-03 > #073, 2013-05-04 > #074, 2013-05-07 > #075, 2013-05-08 > #076, 2013-05-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #74, 07-05-2013



ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղադրվել է` 2013-05-06 23:15:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 1111, Տպվել է` 57, Ուղարկվել է էլ.փոստով` 31

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՈՒԺԵՐԻ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ

Մ. Խ.

Երեւանի ավագանու ընտրությունների մասնակից ուժերի արձագանքներից կարելի է գլխի ընկնել այդ ուժերի տրամադրությունների մասին:

ԲՀԿ-ն իր նախընտրական շտաբի հայտարարությամբ ընդհանրապես շնորհակալություն է հայտնել բոլոր այն ընտրողներին, որոնք սեփական խղճի ու քաղաքական համոզմունքների համաձայն են քվեարկել: Ու վերստին խոստացել է, թե ԲՀԿ-ի օգտին տրված յուրաքանչյուր ձայնը կարեւորելու է հետագա քաղաքական պատասխանատվության եւ ծրագրային մշակումների առումով: ԲՀԿ-ն դեռ վերլուծելու է ընտրությունների ժամանակ տեղի ունեցած խախտումները, բայց մի եզրահանգում ավագանու ընտրություններից շտաբի հայտարարության մեջ արդեն կար` «ընտրական մեխանիզմը մեր երկրում կարիք ունի հիմնովին վերափոխման»:

Ըստ ՀԱԿ հայտարարության` այս ընտրություններն ընտրախախտումների մակարդակով ոչ մի բանով չի զիջում վարչախմբի անցկացրած մյուս ընտրություններին` ընտրակաշառք, թաղային եւ ՀՀԿ-ական խուժանի միջոցով ուղղորդված քվեարկություններ, բազմակի քվեարկություններ, կուտակումներ, լցոնումներ, բացակայողների փոխարեն քվեարկություններ:

ՀՅԴ-ն գերագույն մարմնի հայտարարությամբ` ցավոք, այս անգամ էլ չհաջողվեց հասարակության մեջ ազատ քաղաքացու, արժանապատվորեն ընտրություն կատարողի գիտակցություն ձեւավորել. «Հերթական անգամ պետության եւ իշխող կուսակցության նույնացումը, վարչական ռեսուրսի անսահման կիրառումը, համատարած ընտրակաշառքն արեցին իրենց գործը: Իշխանական մենաշնորհը կարծրացավ», ասված է հայտարարության մեջ:

Ավագանի չանցած ՕԵԿ-ն, ընդհակառակը, շնորհավորել է ավագանի անցած երեք քաղաքական ուժերին, չնայած իր հայտարարության մեջ չի զլացել նշել, թե «ընտրությունների վրա, սակայն, իր կնիքը թողեցին ընտրակաշառքների լայնածավալ բաժանումը, թաղային հեղինակությունների ակտիվ գործունեությունը, ինչը Երեւանի բազմաթիվ վարչական շրջաններում առաջացրեց վախի մթնոլորտ»:

«Բարեւ, Երեւանը» երեկոյան դեռ հայտարարություն չէր տարածել, սակայն կուսակցության ներկայացուցիչների խոսքով` այս դաշինքը հույսեր է փայփայում, որ ընտրությունների արդյունքները դեռ կփոփոխվեն վերահաշվարկի արդյունքում: Ի դեպ, ԿԸՀ տեղեկատվությամբ Երեւանի 13 ընտրատարածքային հանձնաժողովներից վերահաշվարկի պահանջով դիմումներ են ստացվել:

Իսկ «Առաքելություն» կուսակցության ավագանու ցուցակի երկրորդ համար Մանուկ Սուքիասյանը կոչ է արել ավագանի անցած այն կուսակցություններին, ովքեր գտնում են, որ ընտրություններն անցել են համատարած ընտրակեղծիքներով, վայր դնել մանդատները (այս կոչը վերաբերում է ԲՀԿ-ին եւ «Բարեւ, Երեւանին» հավանաբար), քանի որ փոքրամասնության դերի ստանձնումը կնշանակի ընդունել խաղի կանոնները, մինչդեռ մանդատները վայր դնելով կարելի է միասնական մոտեցում եւ ընդդիմադիր նոր ֆորմատ ստեղծել` միասնական հանրահավաք անելով, քաղաքական գնահատական տալով ավագանու ընտրություններին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #74, 07-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ