RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#072, 2013-05-03 > #073, 2013-05-04 > #074, 2013-05-07 > #075, 2013-05-08 > #076, 2013-05-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #74, 07-05-2013



ԱՐՁԱԳԱՆՔ

Տեղադրվել է` 2013-05-06 23:15:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 1229, Տպվել է` 50, Ուղարկվել է էլ.փոստով` 37

ՓՐԿՕՂԱԿԸ ՊԵՏՔ Է ՓՆՏՐԵԼ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՄԵՋ

ԼՅՈՒԴՎԻԳ ԱՆՏՈՆՅԱՆ, Ֆիզիկոս, ք. Աբովյան, Եղբայրության 3/28

Արձագանք ապրիլի 30-ին «Ազգ» օրաթերթում տպագրված Վահան Համազասպյանիՙ ՀՀ վարչապետին ուղղված բաց նամակին:

Բարձրագույն կրթությամբ տաքսու վարորդ եմ:

Հայաստանի հելիոֆիկացման ծրագրի հեղինակ Վահան Համազասպյանին ծանոթ եմ դեռեւս Մոսկվայում ասպիրանտուրայում ուսանելու տարիներից: Որպես գիտատեխնիկական ուղղվածության բաժնի վարիչներ սերտ համագործակցել ենք Աբովյանի «Պոզիստոր» արտադրական միավորումում, որտեղ մշակում եւ ներդնում էինք արտադրության մեջ էլեկտրոնային տեխնիկայի տարատեսակ տարրեր:

Ավա՜ղ. այդ քաղաքաստեղծ հսկա գործարանները այսօր գրեթե չեն գործում: Այնտեղ, որտեղ ինտեգրալ սխեմաներ էինք թողարկում, ներկայումս որակյալ սունկ են աճեցնում: Ես ընտանիքիս հանապազօրյա հացը վաստակում եմ վերը նշված «ինովացիոն» մասնագիտությամբ, իսկ անկոտրում կամք ու եռանդ ունեցող անվանի գիտնական Համազասպյանը 20 տարվա գործազուրկի կարգավիճակով դեռեւս ձգտում է վերականգնել հայ ինժեների եւ գիտնականի վաղեմի կորցրած առաքելությունն ու հեղինակությունը, որոնք խամրել են մեր օրերի կլանային օլիգարխիկ միջավայրի մեջ:

Առաջարկվում է արեւային տեխնիկայի եւ տեխնոլոգիաների ուղղության զարգացման ծրագիրը հանրապետությունում, որի հեռանկարային եւ ռազմավարական նշանակությունն ու արդիականությունը անվիճելի են հատկապես մեր օրերում` հանրապետության խոր ճգնաժամի պայմաններում:

Համաձայն եմ նամակի հեղինակի հետ` Հայաստանի արդյունաբերության մեջ չեն եղել ու չկան այնպիսի խնդիրներ, որոնք անլուծելի լինեն դեռեւս փախստականներ չդարձած մեր գիտնականների, ինժեներների եւ բարձրակարգ բանվորների համար: Ի՞նչ է մնում. մնում է, որ պետությունը երեսով շրջվի դեպի գիտությունն ու տեխնիկան:

Սնկաբուծությամբ, չիր ու չամիչ արտադրելով ու երկրի ընդերքը եւ հայրենիքը դատարկելով պետություն չենք դառնա:

Հիշենք միայն մի օրինակ. երկարուձիգ 25 տարիների ընթացքում ԱՄՆ-ը, ստեղծելով ՀԱԲԼ տիեզերական աստղադիտարանը (որը այսօր էլ հաջողությամբ է գործում), շատ լուրջ գիտատեխնիկական մակարդակի արդյունքների հասնելուց ու ֆինանսական միջոցներ ստանալուց բացի ունեցավ շուրջ 400 նոր տեխնոլոգիաներ: Ֆանտաստիկա:

Իսկ ո՞ւմ ենք սպասում մենք, պարոնայք վարչապետ, նախարարներ ու պատկան մարմիններ: Նման բազում օրինակներից մենք չպետք է դասեր քաղենք:

Կոնկրետ մասսայական արտադրության համար պատրաստ են հայրենական մշակման նոր հելիոհամակարգեր, որոնք կյանքի կոչելու ի զորու չէ անհատը կամ թեկուզ խումբը: Հարգելի իշխանություն, ինչո՞ւ չընդունենք առաջարկը, կամ, ճիշտ է ասվում հոդվածում, Մեծ եղեռնի հարյուրամյակին ընդառաջ ինչո՞ւ չփորձենք աշխարհին ներկայանալ թեկուզ երկու գյուղի հելիոֆիկացմամբ, որից մեկըՙ Ղարաբաղում (շատ խորիմաստ քաղաքական քայլ), չէ՞ որ այսօր աշխարհն է զբաղվում արեւային էներգետիկայով:

Համոզված եմ, որ նման փորձնական ծրագրի իրականացումից կունենանք շատ լուրջ տնտեսական արդյունքներ, որոնք հնարավորություն կտան մեր արդյունաբերության թռիչքաձեւ զարգացմանը, ինչպես նշվում է բաց նամակում:

Կազմակերպչական տեխնոլոգիաների երկարամյա կիրառումը չի կարող շտկել մեր ծանր կացությունը. Հայաստանի Հանրապետության տնտեսության փրկօղակը պետք է տեսնել գիտատեխնիկական առաջընթացի մեջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #74, 07-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ