RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#072, 2013-05-03 > #073, 2013-05-04 > #074, 2013-05-07 > #075, 2013-05-08 > #076, 2013-05-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #74, 07-05-2013



Տեղադրվել է` 2013-05-06 23:15:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1890, Տպվել է` 82, Ուղարկվել է էլ.փոստով` 69

ՀԱՅ ՉԵՄՊԻՈՆԻ ՄԵԾԱՐՄԱՆ ԵՐԵԿՈ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ

ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ, Բրյուսել

Բելգիահայ բռնցքամարտիկ Ալեքսանդր Միսկիրտչյանի կայծակնային հաղթանակները մեծ արձագանք են ստացել բելգիական լայն շրջանակներում: Բելգիական հանրային հեռուստատեսության ֆրանսիական առաջին ալիքըՙ La une-ը երեւի թե 10 տարուց ի վեր երբեւէ չի անդրադարձել Հայաստանին վերաբերող որեւէ իրողության, սակայն այս տարվա մարտ ամիսը եղավ բեկումնային: 3-րդ անգամ վաստակելով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, Ալեքսանդր Միսկիրտչյանի հաղթանակը ցնցեց բելգիական հասարակությանը: Թեպետ հանդես գալով Բելգիայի դրոշի ներքո, այնուամենայնիվ, բոլոր լրատվամիջոցներն անվերապահ շեշտում են Ալեքսի հայկական ծագումը: Հաղթանակը մեծ ուախություն էր պատճառել նաեւ Բելգիայի թագավոր Ալբերտ 2-րդին, որն անձամբ շնորհակալական եւ շնորհավորական ուղերձ էր հղել մեր հայրենակցին:

«Ազգը» Ալեքսանդր Միսկիրտչյանին հանդիպեց Բրյուսելի THON հյուրանոցում, հայ-բելգիական առեւտրի պալատի կողմից կազմակերպված մեծարման երեկոյին, որտեղ ներկա էին ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը, ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը, բարձրաստիճան հյուրեր եւ տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Արդեն տասներկու տարի է Ալեքսի ընտանիքը Թիֆլիսից տեղափոխվել է Բելգիա: Մայրը, տիկին Իրինան նշեց, որ հակառակ իր կամքին, դեռ վաղ հասակից Ալեքսը մեծ հետաքրքրություն է ունեցել բռնցքամարտի նկատմամբ, սակայն Բելգիա տեղափոխվելուց հետո է սկսել, կանոնավոր պարապել եւ շատ կարճ ժամանակահատվածում, 2005-ին, արդեն պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի անուն է վաստակում: 2009-ին դառնում է Բելգիայի, նույն տարում նաեւ Եվրոմիության չեմպիոն: 2011-ին ձեռք է բերում Եվրոպայի չեմպիոնի կարգավիճակ: 2012-ին հաղթելով ֆրանսիացի բռնցքամարտիկինՙ ստանձնում է Եվրոպայի կրկնակի չեմպիոնի տիտղոսը: Նույն տարում հիմնադրում է իր սեփական բոքսի ակադեմիան:

2013-ին Դանիայում, հանդես գալով նորվեգացի Անդրեաս Էվենսի դեմ, դժվարին պայքարի վերջին 12- րդ վճռական ռաունդի ավարտին, որին մնացել էր մեկ րոպե երեսուն վայրկյան, աջից ուժեղ հարված հասցնելով հակառակորդի դեմքին, 27-անյա Ալեքսը հաղթող է ճանաչվումՙ կրելով Եվրոպայի եռակի չեմպիոնի տիտղոսը:

Երեկոյի ընթացքում ներկայացվեց Դանիայում կայացած մրցապայքարի մանրամասները: Մեր հայրենակիցը կրկին վերապրելով խաղի ընթացքում ունեցած իր հոգեբանական ապրումները, նշեց, որ հակառակորդի դիմադրությունն ու յուրաքանչյուր 2 րոպեն մեկ կրկնվող հարձակումներն այնքան ուժեղ էին, որ հաղթանակին այլեւս չէր հավատում, բայց, միեւնույն ժամանակ համառորեն դիմադրելով եւ անտեսելով անտանելի հոգնածությունը, մտովի վանկարկում էր. «Ես պետք է հաղթեմ: Ես պետք է հաղթեմ»: Ինչ խոսք, լավատեսությունն ու համառ կամքը թերեւս հանդիսացան Ալեքսի հաղթանակի գրավականը:

Բռնցքամարտը դժվար սպորտաձեւ է եւ պահանջում է զոհաբերություն, նաեւ հարգանք հակառակորդի նկատմամբ, ընդգծեց օրվա հերոսը, հավելելով, որ սա հաղթանակների սկիզբն է եւ ապագայում կանի հնարավորը, որպեսզի վաստակի աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Աննկարագրելի էր Ալեքսի ուրախությունն ու հուզմունքը: Նրա մարզիչը նշեց, որ ամեն հաղթանակից հետո Բելգիայի դրոշին զուգահեռ, իր կողմից հպարտորեն բարձրացնում է նաեւ Հայաստանի դրոշը:

Ալեքսի հաջորդ մրցապայքարը կկայանա հունիսի 21-ին Բելգիայի ֆրանսիական հատվածումՙ Namur-ում: Հուսանք, որ մեր հայրենակիցը կրկին հաղթանակած դուրս կգա եւ կվաստակի Եվրոպայի քառակի չեմպիոնի տիտղոսը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #74, 07-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ