RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#073, 2013-05-04 > #074, 2013-05-07 > #075, 2013-05-08 > #076, 2013-05-09 > #077, 2013-05-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #75, 08-05-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-05-07 23:43:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1214, Տպվել է` 44, Ուղարկվել է էլ.փոստով` 43

«ՄԱԴՐԻԴՅԱՆ ԱԿՈՒՄԲԻ» ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Երեկ Բաքվում աշխատանքներն սկսել եւ այսօր կավարտվի այսպես կոչված «Հարավկովկասյան առաջին խորհրդաժողովը»: Այն կազմակերպվել է Ադրբեջանի կառավարության եւ «Մադրիդյան ակումբի» համատեղ ջանքերով: Վերջինս ոչ կոմերցիոն կազմակերպություն է, որին անդամակցում են պետությունների եւ կառավարությունների նախկին ղեկավարներ, եւ հետապնդում է ժողովրդավարության առաջ մղման եւ հասարակության մեջ կանանց դերակատարության բարձրացման նպատակներ:

Ադրբեջանական կողմը նախապես ծանուցել էր, որ խորհրդաժողովին «ներկա կլինեն պետությունների եւ կառավարությունների ավելի քան 60 նախկին ղեկավարներ», բայց, դատելով հյուրերի մասին Բաքվի լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունից, համաշխարհային «տրամաչափի գործիչները» կարծես գերադասել են հեռվից հետեւել, թե Իլհամ Ալիեւն ի՞նչ որակի ներկայացում է բեմադրելու:

Իսկ որ Բաքվի միջոցառումը միայն «վատ կարված վարագույր» է, որ փորձում է թաքցնել ադրբեջանական իշխող վերնախավի բուն էությունը, կասկածելու հարկ չկա: Մանավանդ որ Իլհամ Ալիեւն ինքը, եթե կարելի է ասել, կանխատրամադրել է դրան: Այսպես, «նորին բռնապետական մեծությունն» իր ներկայությամբ մի «առանձնակի շուք է հաղորդել հարավկովկասյան առաջին խորհրդաժողովին»:

Ընդամենը մի քանի բառ արտաբերելով, որ Ադրբեջանում «հետեւողականորեն իրականացվում են տնտեսական եւ ժողովրդավարական բարեփոխումներ», Իլհամ Ալիեւն անմիջապես անցել է նախընտրելի թեմային: Հերթական անգամ նա խոսել է, որ «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտությունը լուրջ վտանգ է` տարածաշրջանի խաղաղության եւ կայունության համար»:

Նկատի ունենալով լսարանի ներկայացուցչական մակարդակը, Իլհամ Ալիեւը հայ ժողովրդի հասցեին սպառնալիքներ հնչեցրել է անուղղակի. «Մենք ուզում ենք, որ մեր տարածքներն օկուպացիայից ազատագրվեն միջազգային իրավունքի հիման վրա»,- ասել է նա: Ուշագրավ է, որ նա օգտագործել է «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան» արտահայտությունը, մի բան, որ Ադրբեջանի սահմանադրությամբ ամրագրված չէ:

Իլհամ Ալիեւը թույլ է տվել ձեւակերպել, որ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերը պահանջում են օկուպացված տարածքներից հայ գրոհայինների դուրսբերումը», ինչը նույնպես իրականությանը չի համապատասխանում եւ փաստացի խեղաթյուրում է ՄԱԿ-ի ԱԽ հիշյալ բանաձեւերի բովանդակությունը:

Իլհամ Ալիեւի այս ոչ ադեկվատ պահվածքը կարելի է բացատրել նրանով, որ միջազգային կազմակերպությունները եւ առանձին երկրներ վերջին շրջանում ավելի հետեւողականորեն են քննադատում Ադրբեջանին մարդու իրավունքների ոտնահարման, մամուլի ազատությունը սահմանափակելու եւ այլ առիթներով:

Շեշտը դնելով «շարունակվող օկուպացիայի վրա»ՙ Իլհամ Ալիեւը փորձում է միջազգային հանրությանը ներշնչել, որ իր երկրում ժողովրդավարական արժեքների ոտնահարման պատճառը «ղարաբաղյան չկարգավորված հակամարտությունն է»: Սա հերթական անգամն է, երբ որեւէ կառույց տրվում է ադրբեջանական «հյուրընկալության» գայթակղությանը, հարթակ ստեղծում, որ «նորին բռնապետական մեծությունը» հնարավորություն ունենա սեփական նկրտումների համար մեղադրանքներ հնչեցնել հարեւան երկրի, հայ ժողովրդի եւ միջազգային հանրության հասցեին:

Արտառոց է միայն, որ Ադրբեջանի իշխող վարչախմբի ձեռնարկումները հանդիպում են փոխադարձ ըմբռնման: Փաստորեն այսօր Բաքվում ավարտվող խորհրդաժողովը կարելի է համարել «Մադրիդյան ակումբի» ադրբեջանական տարբերակի «շնորհանդես», ինչը, կարծում ենք, պետք է որ այդ կառույցի հետագա արդյունավետության համար վիճահարույց դառնա: Առնվազն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #75, 08-05-2013

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ