RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#073, 2013-05-04 > #074, 2013-05-07 > #075, 2013-05-08 > #076, 2013-05-09 > #077, 2013-05-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #75, 08-05-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-05-07 23:43:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1843, Տպվել է` 78, Ուղարկվել է էլ.փոստով` 71

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՉՊԵՏՔ Է ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԻ ԾԱՂԻԿՆԵՐ ԱՃԵՑՆԵԼՈՎ ԿԱՄ ՓՈՂՈՑՆԵՐ ԱՍՖԱԼՏԱՊԱՏԵԼՈՎ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երեւանը լուծման կարոտ շատ ավելի լուրջ խնդիրներ ունի

Երեւանի ավագանու ընտրություներն էլ ավարտվեցինՙ եզրափակելով ընտրական գործընթացների ներկայիս փուլը: Առաջիկա 4 տարիները լինելու են ընտրական անցուդարձից զերծ տարիներ: Այսինքն, քաղաքական ուժերը նախապատրաստվելու են հաջորդ ընտրական փուլին, իսկ իշխանությունը պահպանած քաղաքական ուժն էլ գործնականում պետք է արդարացնի իրեն ձայն տված եւ նաեւ չտված մարդկանց սպասելիքները: Որո՞նք են այդ սպասելիքները վերստին Երեւանի քաղաքապետ դարձած Տարոն Մարգարյանից, ի՞նչ հրատապ խնդիրներ կան, որ պետք է լուծվեն մայրաքաղաքում:

Վերջին տարիներին Երեւանում կատարված դրական փոփոխություններն ակնհայտ են, դրանք ոչ ոք չի կարող վիճարկել: Բարեկարգված հարյուրավոր բակեր, ասֆալտապատված փողոցներ, շենքերի նորոգված մուտքեր, կանաչապատված եւ ծաղկապատված նոր տարածքներ, փողոցներում տեղադրված նոր նստարաններ եւ նկարազարդված կամարներ (ըստ որոշ տեղեկությունների` չհիմնավորված բարձր գներով արված): «Ավելի լավ Երեւան» կարգախոսն ընտրած Տարոն Մարգարյանը, սակայն, շատ ավելի կարեւոր եւ խորքային խնդիրներ պետք է լուծի Երեւանում, քան ծաղիկներ աճեցնելն ու փողոց ասֆալտապատելն է, քան զուտ քաղաքի արտաքին տեսքին վերաբերվող խնդիրները:

Այսօր մայրաքաղաքի առաջին եւ գլխավոր խնդիրը հասարակական տրանսպորտի վիճակն է: Հարյուրհազարավոր երեւանցիներ ամեն օր, շոգին ու ցրտին, ձյունին ու անձրեւին ստիպված են լինում ժամերով սպասել իրենց անհրաժեշտ երթուղայինին, հետո խցկվել նրա մեջ եւ ծռմռված վիճակով հասնել աշխատավայր կամ վերադառնալ տուն, եւ թվում է, թե այդ խայտառակութունը երբեք չի վերջանալու: Ասել, թե Երեւանի քաղաքապետարանը ոչինչ չի անում այս հիմնահարցը կարգավորելու համար, ճիշտ չի լինի: Մշակվեց նոր երթուղային ցանց, նոր ավտոբուսներ բերվեցին եւ մտան երթուղիներ: Սակայն, դա խիստ անբավարար է: Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը անցյալ տարի խոստանում էր, որ այս տարվա մարտ-ապրիլին վիճակը էապես կփոխվի, եւ նախատեսված բոլոր միկրոավտոբուսային երթուղիները կփոխվեն ավտոբուսայինների: Մինչդեռ այսօր դա տեղի չի ունեցել: Նոր ավտոբուսային երթուղիներից օգտվողների համար վիճակը որոշ չափով բարելավվել է, բայց ոչ հասարակական տրանսպորտի ընդհանուր վիճակը: Չենք ասում այն մասին, որ նոր ավտոբուսներն ամենեւին էլ չեն նշանակում, որ դրանք կանոնավոր երթեւկում են: Երեւանի քաղաքապետարանը փաստորեն չի տիրապետում երթուղիներում տիրող իրավիճակին, չգիտի, թե ի՞նչ միջակայքով են երթուղի դուրս գալիս ավտոբուսներն ու միկրավտոբուսները, մինչեւ ժամը քանի՞սն են աշխատում, ինչպե՞ս են աշխատում տոն եւ հանգստյան օրերին: Այնպես որ, այստեղ համակարգված լուծումներ են անհրաժեշտ, որտեղ ավտոբուսների թվի ավելացումը ընդհանուր խնդրի լուծման մի մասն է միայն: Այլապես, 4 տարի անց Տարոն Մարգարյանը նորից խոսելու է տրանսպորտի խնդրի լուծման անհրաժեշտության մասին, բայց նրան այլեւս հավատացող չի լինելու:

Խնդիրների հաջորդ խումբն առնչվում է կառուցապատմանը: Փողոցների եւ նոր բնակելիների շինարարություն, դրանց բախումը մայրաքաղաքի բնապահպանական խնդիրներին, կիսակառույցներ, 10 տարուց ավելի ոչ մի կերպ չիրացվող իրացման գոտիներ եւ իրավական ու սոցիալական անպաշտպան վիճակում հայտնված դրանց բնակիչներ: Այս խնդիրների լուծումը շատ ավելի բարդ է լինելու Տարոն Մարգարյանի համար, քան անգամ տրանսպորտի խնդիրը:

Ե՞րբ է շարունակվելու հատկապես մայրաքաղաքի կենտրոնում գտնվող խոշոր կիսակառույցների շինարարությունը, ե՞րբ են սկսվելու իրացման գոտիներում իրացման, ապա կառուցապատման գործընթացները, որքա՞ն են շարունակելու այս տարածքների հարյուրավոր ընտանիքները ապրել մի տանը, որը, հայտնի չէ, քանդվելո՞ւ է, թե՞ ոչ, իսկ նրանք, ում տներն արդեն քանդվել են, բայց նորը չի կառուցվել, քանի՞ տարի են մնալու թափառականի ներկայիս կարգավիճակում` կառուցապատողի քմահաճույքից կախված, ինչպե՞ս է քաղաքապետարանը պարտադրելու, որ կառուցապատողները կատարեն իրենց պարտավորությունները, ինչպե՞ս է իրագործվելու կառուցապատումը կանաչ տարածքների հաշվին չանելու կարգախոսը, որն առայժմ միայն կարգախոս է: Չգիտես ինչու, այս հարցերը նախընտրական օրերին կամ չուղղվեցին Տարոն Մարգարյանին, կամ էլ նա չցանկացավ դրանք լսել: Ավելին, այդ խնդիրներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախկինում էլ առանձնապես չէր անդրադառնում:

Եվ վերջապես, վատ չէր լինի, որ նորընտիր քաղաքապետը, ի վերջո, չվախենար լրատվամիջոցների հետ հանդիպելուց, գոնե տարին մեկ անգամ հրավիրեր մամուլի ասուլիսներ, լսեր թեկուզ ոչ հաճելի հարցեր եւ ձգտեր պատասխանել նաեւ դրանց, իսկ լրատվամիջոցների օբյեկտիվ քննադատությունների եւ առաջարկների նկատմամբ իմիջիայլոց չմոտենար` թաքնվելով քաղաքապետարանի չինովնիկների լղոզված պատասխաննների հետեւում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #75, 08-05-2013

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ