RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#073, 2013-05-04 > #074, 2013-05-07 > #075, 2013-05-08 > #076, 2013-05-09 > #077, 2013-05-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #75, 08-05-2013



Նոր հրատարակություններ

Տեղադրվել է` 2013-05-07 23:43:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1563, Տպվել է` 66, Ուղարկվել է էլ.փոստով` 70

«ՅԻՇԱՏԱԿԵԼԻ ԴԻՄԱՔԱՆԴԱԿՆԵՐ»

Հեղինակՙ Վաչե Սեմերճյան

Վերջերս մամուլից տեղեկացա, որ Լոս Անջելեսում մեծ շուքով նշվել է շուրջ կես դար ՌԱԿ անդամ, սփյուռքահայ մամուլի երախտավոր, մանկավարժ, հասարակական-քաղաքական գործիչ, խմբագիր, պատվարժան հայ, սփյուռքահայ հետեղեռնյան երկրորդ եւ երրորդ սերունդները կամրջողների արժանավոր ներկայացուցիչ Վաչե Սեմերճյանի 75-ամյա հոբելյանը: Մեծ սիրով շնորհավորում եմ գաղափարակից ավագ ընկերոջս, մաղթում առողջություն, մտահղացումների անխաթար իրագործում, Հայոց փափագի շուտափույթ իրականացում:

Օրերս իմ լավ բարեկամներից մեկի աշխատասենյակում, որտեղ մշտապես գոյակցում են ամենատարբեր երկրներում բնակվող հեղինակների գրքեր, պատահաբար ինձ համար նորություն նկատեցի: Դա վերջերս Թեքեյան մշակութային միության կողմից ԱՄՆ-ի Գլենդեյլ քաղաքում լույս տեսած Վաչե Սեմերճյանի «Յիշատակելի դիմաքանդակներ» հոդվածների ժողովածուն էր:

Շահեկան այս հատորի համար, որն սկսվում է հեղինակի կողմից բոլոր աջակիցներին ուղղված շնորհակալական անկեղծ խոսքով, իրեն հատուկ լակոնիկ, սակայն անչափ տարողունակ առաջաբան է գրել մերօրյա սփյուռքահայ նշանավոր մտավորական, գրականագետ, հրապարակախոս, մամուլի երախտավոր ու կուսակցական անխոնջ գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Երվանդ Ազատյանը: Կես դարից ավելի շարունակվող Ազատյան-Սեմերճյան բարեկամությունը, կուսակցական, ավագ ու կրտսեր եղբոր եւ, հատկապես, մամուլի բնագավառում սերտ համագործակցությունն սկզբում ինձ շփոթեցնում էին, ճնշում: Զգուշանում էի գրիչ վերցնել, սակայն, երբ ընթերցեցի ու վերընթերցեցի «Յիշատակելի դիմաքանդակները», հասկացա, որ պարզապես անհնար է անտարբեր մնալ գրքի ու նրա հերոսների նկատմամբ: Քանի որ գրքի էջերում հավաքվել, մեկտեղվել է Սփյուռքի ներկայացուցիչների այն փաղանգը, որը կամրջում, միմյանց է կապում Եղեռնից վերապրածների ու ներկա սերնդին: Բոլորին է հայտնի, որ մեզանում միշտ եղել է այն մտահոգությունը, թե ճակատագրի հեգնանքով աշխարհի տարբեր անկյուններում հայտնված հայության բեկորները կձուլվեն, կդադարեն հայաբար ապրելուց, հայավարի մտածելուց ու հայության պահանջատերը լինելուց: Հենց թեկուզ այս կտրվածքով այդ կամրջող, շաղկապող սերնդի դերակատարությունն անչափ մեծ էր, եւ` է ու կարեւոր: Այսօր կարելի է հանգիստ խղճով արձանագրել, այդ սերունդը կատարեց ու լավագույնս կատարում է իր պատմական առաքելությունը: Դրա համար էլ պարզապես անհնարին էր այդ սերնդին նվիրված գրվածքի մասին չգրել:

Տխրություն, անափ թախիծ կա վաստակաշատ Ազատյանիՙ Սեմերճյանի կողմից գերեզմանատեղ գնելու փաստի մասին խոսելիս եւ իր սերնդակից բոլորին ուղղված օդում կախված մի մեծ հարցական. «Ուրեմն, այնքան ճամբա՞յ կտրած ենք, այնքան պատմութի՞ւն ապրած, որ արդէն գերեզմանի հողի պատրաստութիւնը բնական նախատեսութիւն մը կը դառնայ...»: Բոլորս ենք մահկանացու, իմ լավ բարեկամ, իմ ավագ գրչընկեր Ազատյան, դա թող երբեւէ չմտահոգի Ձեզ ու Ձեր սերնդակիցներին: Որովհետեւ Դուք արել ու Ձեր բոլորանվեր ստեղծագործական աշխատանքով անում եք ամեն ինչ անմահ մնալու համար: Ամենակարեւորը, մեզ` հայերիս համար, չչարանալն է, մեր հոգեկան աշխարհի մեջ ժամանակի բացած հիշատակի բերրի ակոսներից հարուստ խոհերի, դիմաստվերների առատ բերքը, որը լցնում է այդ ժամանակը եւ հյուսում տվյալ շրջանի պատմությունը, հնձելն է, ինչպես իր գրքով արել է Սեմերճյանը:

Ներկայացվող գիրքն ընթերցելիս այն տպավորությունն է ստեղծվում, որ կարծես բոլոր հերոսները` գրողներ, ուսուցիչներ, կուսակցական գործիչներ, մամուլի երախտավորներ, շարք են կազմել, յուրակերպ զինաշքերթի դուրս եկել ու հերթով ներկայանում են, զեկուցում իրենց կատարած ու նաեւ կիսատ թողած գործերի մասին, չմոռանալով, լուռ ու առանց նույնիսկ բարձրաձայնելու հասկացնելով, պատգամելով ապագայում կատարվելիք անհրաժեշտ քայլերը: Քայլեր, որոնք հնարավորություն կընձեռեն արեւի տակ մարդավայել, հայաձեւ ապրելու: Գնահատելի է, որ հեղինակը, բնութագրելով իր հերոսներին, ներկայացնում է նրանց իրենց ապրած ժամանակի մեջ, դրա հետ սերտ կապի մեջ, հավատարիմ պատմականության կարեւոր հանգամանքին: Մեկը մյուսի հետեւից գրքի էջերում հառնում են հերոսներ, որոնք թեեւ տարբեր են իրենց բնավորություններով, ապրած կյանքի բովանդակությամբ, թողած ժառանգությամբ ու մեծությամբ, սակայն ունեն մեկ խիստ կարեւոր ընդհանրություն` բոլորն էլ, ավել կամ պակաս չափով, հայաձեւ, հայանպաստ ու ստեղծագործական կյանքով են ապրել, արարել են անկախ ունեցած հնարավորություններից, ապրելու վայրից, տարիքից ու կյանքի բաժին հանած լավ ու վատ օրերից: Սեմերճյանին հաջողվել է արդարացնել, բացատրել, հայեցակետ ու մեկնություն վկայակոչել ամենատարբեր մեծության ու էության հերոսներին միասնական տեսնելու, նույն շքերթում, նույն շարքում «կանգնեցնելու» համար:

«Յիշատակելի դիմաքանդակները», մեր խորին համոզմամբ, քանդակաշար է, հոգու յուրակերպ ծառուղի: Իսկ քանդակներից յուրաքանչյուրի կողքին, յուրաքանչյուրի էության մեջ երբեմն նույնիսկ աննկատ, ներկա է Սեմերճյան երեւույթն իր պարզ խոսքով, բնութագրիչ տարողունակ ասելիքով: Ավելի ամփոփ` ողջ հատորը անհատների հավաքական կերպարակերպերով հանդերձ Սեմերճյանի հոգեկան աշխարհի պատումի ոճով շաղախված գեղարվեստական դրսեւորումն է: Յուրաքանչյուր կերպարում ավել կամ պակաս չափով ներկա է հեղինակը, մասնակից պատումներում կատարվող դեպքերին:

Դժվար է առանձնացնել գրքի որեւէ մաս, հատված, որ ուժեղ կամ թույլ լինի մյուսից: Անկախ այն բանիցՙ խոսքը հզոր անհատների մասին է, թեՙ շարքային, կյանքում որեւէ բանով առանձնապես մեծ հաջողությունների չհասած անհատի, շարադրանքը, լեզուն, մտերմիկ շեշտերը, սրտացավ ընկերոջ կեցվածքն ակնհայտ են: «Հզօր են քանդակները եւ անվերծանելի` դիմանկարները, որոնց անխուսափելիօրէն կը միանան ժամանակագրութիւնն ու ժամանակի հարցերը»,- իրավամբ գրում է Ե. Ազատյանը: Իսկապես, ժամանակի ու տիրող բարքերի շունչն զգացվում է թե՛ յուրաքանչյուր պատումում իր որեւէ հերոսին բնութագրելիս, թե՛ ժամանակն ու սերնդի դիմանկարը կերտելիս:

Գրքում հանդիպում ենք միմյանց կողքին իրենց ապրումներով, հույզերով, ապագայի նկատմամբ մտահոգություններով ու վաղվա օրվա նկատմամբ պատկերացումներով մտահոգ գրողների, մանկավարժների, կուսակցական գործիչների ու մամուլի մշակների, ովքեր իրենց ողջ գիտակցական կյանքը նվիրաբերել են լավագույն, հուսալի ու արժանավոր սերունդ, իրենց փոխարինողներ աճեցնելու նվիրական գործին: Մեր առջեւ, շնորհիվ հեղինակի բեղուն գրչի, հարուստ լեզվի ու դիպուկ բնութագրումների, հառնում է ստեղծագործողների մի հարուստ կոհորտա, գրող-համախոհների մի յուրատեսակ թիմ, որոնց հետ Սեմերճյանի կապերը բարեկամական, փոխադարձ ազդվելու, միմյանցից սովորելու իրար օրինակով ոգեւորվելու բնույթ ունեն: Գրողներ, որոնցից շատերը թեեւ մեծ ու հզոր չեղան, համաշխարհային մակարդակի գլուխգործոցներ չարարեցին, սակայն Հայոց ցավն ու մխացող մորմոքը նոր ու նորովի արտահայտեցին: Ալեք Գլճյան, Անդրանիկ Անդրեասյան, Ստեփան Ալաջաջյան, Զարեհ Մելքոնյան, Հակոբ Ասատուրյան, Ժագ Ս. Հակոբյան, Բենիամին Նուրիկյան եւ ուրիշներ իրենց կյանքի վերջալույսին կորցրել էին ստեղծագործական երբեմնի թափը, սակայն շնորհիվ Սեմերճյանի գրչի վերադառնում են իրենց փառքի պատվանդանին, մեծարվում, գնահատվում եւս մեկ, սակայն ոչ երբեք ավելորդ անգամ:

Երկյուղածությամբ, խորին ակնածանքով, զգույշ, սխալվելու անթույլատրելության ապրումներով, «կեանքէն մեծ ըլլալու» գաղափարի գիտակցության զգացումով է գրված մի ողջ սերնդի ուսուցիչ ու մեծ դաստիարակ, անբեկանելի կամքի տեր գաղափարախոս, զանգվածներին թմբիրից հանող ու նպատակասլաց, արժանավոր գործի մղող, հրապարակագիր, մամուլի անխոնջ մշակ ու, նրան ամենաբնութագրական` ապագա սերունդների ձայնին ունկնդիր, նրանց հույզերի, ցանկությունների ու իղձերին արձագանքող ու յուրակերպ թարգման Գերսամ Ահարոնյանի մասին: Միեւնույն պատասխանատվության մեծ զգացողությամբ են շարադրված Անդրանիկ Անդրեասյանի, Հայկաշեն Ուզունյանի, Արա Թոփաճյանի, Օննիկ Սարգիսյանի, Երվանդ Պապայանի մասին հատվածները, որոնցից յուրաքանչյուրում հեղինակի նրբանկատ մոտեցմամբ մեր առջեւ հառնում է ոչ միայն դրվատելի գծերով օժտված հայրենանվեր գործիչն ու իր գործի նվիրյալ մանկավարժը, այլեւ իրենց մարդկային թուլություններով ու թույլ տված վրիպումներով կենդանի մարդը: Նրանցից յուրաքանչյուրի գրական կերպարը դարձնելով հյութեղ, կենդանի, լուսավոր ու պայծառ գույներով աշխարհին նայող մարդկային հատկություններով օժտված կենդանի զրուցակից: Անկասկած, գրքի արժանիքներից է նաեւ այն, որ հեղինակը յուրաքանչյուր հերոսին բնութագրելիս օգտագործել է յուրահատուկ լեզու, ոճ եւ գրական տարբեր հնարքներ, որոնք նպաստում են ավելի լավ, ամբողջական ճանաչելու հերոսին:

Բավականին մեծ տեղ է հատկացված նաեւ հեղինակին ժամանակակից գրողներին ու նրանց ունեցած վաստակին, այն տարբերությամբ, որ այս դեպքում արդեն Սեմերճյանն ավելի անկաշկանդ է, տոննՙ ավելի մտերմիկ, լեզունՙ փոքր-ինչ ազատ ու համարձակ: Նուպար Ակիշյանի, Վահրամ Մավյանի, Հարութ Երեցյանի, Սարգիս Վահագնի, Զավեն Մսրլյանի, Արամ Սեփեթճյանի, Մարզպետ Մարկոսյանի, Օշին Քեշիշյանի եւ այլոց մասին առարկայական տվյալներ հաղորդելուց զատՙ նրանց կերպարները հարստացնում է կենդանի վկայություններով` ավելի խոսուն ու կենդանի դարձնելով դրանք: Երբեմն էլ հատու ու անվրեպ դառնալով իր հիացման ու գնահատանքի խոսքերում, անվրեպ ու սրտառուչ, հաճախ արտահայտելով խիզախ ու ինքնատիպ գաղափարներ, տեսակետներ, որոնց համաձայն լինելով կամ` ոչ, անհնարին է դրանք չհարգել, չգնահատել հեղինակին:

Գրելու յուրահատուկ ոճ ու սկզբունքներ, նկարագրությունների ու դիտարկումների յուրակերպ մոտեցումներ է որդեգրել հեղինակը: Իր առջեւ գեղարվեստական գրականություն արարելու խնդիր չունենալով, նա շնորհիվ հարուստ ու անխաթար լեզվի, հայերենի ճոխ ու բյուրեղյա մաքրության լեզվապաշարն օգտագործելով, մեսրոպյան հայակերտ կտակն իր ձեւով, իր չափով կյանքի կոչելու հաստատ գիտակցությամբ է գրիչ վերցրել, ստեղծել մի աշխարհ, որտեղ անկեղծությունն ու հոգատարությունն են թեւածում, մարդասիրությունն ու արարելու վեհ զգացումը: Գրքի գեղեցիկ ու ճաշակով ձեւավորումը, տեղին մատուցված լուսանկարներն ու փոքրիկ, սակայն գողտրիկ ընկերական շարժերը հարստացնում ու լիարժեք են դարձնում հերոսների մասին ասելիքը: Ավելացնենք, որ ուշադիր ընթերցելու դեպքում նկատելի է դառնում, որ այն պարունակում է հարուստ փաստական տվյալներ սփյուռքահայ մի ողջ սերնդի մասին տվյալներՙ որոնք ի հարկին կարող են օգտակար լինել ոչ միայն գրականագետների, այլեւ պատմաբանների, մասնավորաբար` կուսակցությունների պատմությամբ հետաքրքվածների համար:

Շատ լավ ու միանգամայն տեղին է ասված` «Պատկերազարդ պատմութիւն հայոց»: Ահա ինչպիսին է ներկա հատորը:

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, ՌԱԿ ատենադպիր, պգթ, դոցենտ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #75, 08-05-2013

AZG Daily #35, 20-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ