RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#073, 2013-05-04 > #074, 2013-05-07 > #075, 2013-05-08 > #076, 2013-05-09 > #077, 2013-05-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #75, 08-05-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-05-07 23:43:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1767, Տպվել է` 79, Ուղարկվել է էլ.փոստով` 68

«ՓՅՈՒՆԻԿԸ» ՎԵՑԱԿԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ

Ընդամենը 4 օր առաջ առաջնության 40-րդ տուրում Երեւանում հաղթելով «Փյունիկին», Գյումրիի «Շիրակը» ժամկետից շուտ նվաճել էր Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Երեկ «Հրազդան» մարզադաշտում կայացած գավաթի եզրափակիչ հանդիպմանը շիրակցիները ներկայացել էին նորընծա չեմպիոնների կարգավիճակով: Սակայն գյումրեցիներին չհաջողվեց երկրորդ տարին անընդմեջ նվաճել հանրապետության գավաթըՙ դրանով իսկ ընթացիկ մրցաշրջանում հասնելու կրկնակի հաջողության: «Փյունիկը» ռեւանշի հասավ առաջնությունում կրած պարտության դիմաց եւ իր պատմության մեջ 6-րդ անգամ դարձավ հանրապետության գավաթակիրՙ այդ ցուցանիշով հավասարվելով ռեկորդակիր «Միկային»:

Գավաթի վճռորոշ հանդիպումն անցավ անհաշտ մրցակցությունում: Առաջին խաղակեսում թեեւ ավելի ակտիվ էին փյունիկցիները, սակայն «Շիրակն» ավելի մոտ էր հաջողությանը: Արդեն 21-րդ րոպեին «Շիրակը» կարող էր բացել հաշիվը, սակայն նպաստավոր դիրքից Դավիթ Հակոբյանի գլխի հարվածը շեղ ստացվեց: 5 րոպե անց շիրակցիների հերթական գրոհի ժամանակ դարպասապահի դիմաց մեն-մենակ դուրս եկավ Դամե Դիոպը, սակայն նա մի պահ հապաղեց եւ «Փյունիկի» պաշտպանը հասցրեց չեզոքացնել վտանգը:

Իսկ ահա «Փյունիկն» ավելի հաջողակ գտնվեց: 40-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Տարոն Ոսկանյանը գրավեց Արթուր Հարությունյանի պաշտպանած դարպասը: Գավաթի ընթացիկ խաղարկությունում դա «Շիրակի» բաց թողած առաջին գոլն էր, որն, ինչպես պարզվեց, միակն էր այս խաղում:

Բաց թողած գոլից հետո «Շիրակը» շատ ջանքեր գործադրեց պարտությունից խուսափելու եւ խաղում բեկում մտցնելու համար: Իր ակտիվությամբ աչքի ընկած Լեւոն Փաչաջյանը կորցրեց դարպասը գրավելու հիանալի պահը: Մեն մենակ հայտնվելով դարպասապահի դիմաց, նա աններելիորեն վրիպեց: Խաղավերջում էլ «Շիրակին» պարտությունից կարող էր փրկել Լամին Լի Յորոն, սակայն նրա վտանգավոր հարվածից հետո «Փյունիկին» փրկեց դարպասապահ Գոռ Մանուկյանը:

Եվ այսպես, «Փյունիկը» խաղը հասցրեց հաղթական ավարտի եւ երկամյա ընդմիջումից հետո կրկին իրեն վերադարձրեց պատվավոր մրցանակը: Խաղից հետո Հայաստանի գավաթը «Փյունիկի» ավագ Դավիթ Մանոյանին հանձնեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում թիմերի մարզիչները հետեւյալ կարծիքն արտահայտեցին.

Ռաֆայել Նազարյան («Փյունիկ») - Շնորհավորում եմ թիմի ֆուտբոլիստներին, «Փյունիկ» ակումբի ղեկավարությանը: Այսօր շատ հզոր հակառակորդի դեմ մրցավեճում կարողացանք հաղթանակ տոնել: 2-րդ խաղակեսում երիտասարդ ֆուտբոլիստների մոտ զգացնել տվեց հոգնածությունն ու փորձի պակասը: Սակայն նրանք մինչեւ վերջ նվիրվածություն դրսեւորեցին, եւ խաղը հասցրին հաղթական ավարտի: Կարծում եմ, որ այս տիտղոսը վստահություն կհաղորդի թիմի երիտասարդ ֆուտբոլիստներին, որոնցից շատերը տարիքային տարբեր հավաքականների խաղացողներ են: «Շիրակը» կարող էր մի քանի անգամ գրավել մեր դարպասը, սակայն բախտը ժպտաց մեզ: Ֆուտբոլում առանց բախտի հաջողություն չի լինում:

Վարդան Բիչախչյան («Շիրակ») - Հավանաբար ընթացիկ մրցաշրջանում սա մեր ամենալավ խաղն էր, քանի որ չկար այն լարվածությունը, որը թիմին ուղեկցում էր առաջնության հանդիպումներում: «Շիրակը» կոմբինացիոն եւ դիտարժան ֆուտբոլ ցուցադրեց, գոլային շատ պահեր ստեղծեց, սակայն, ցավոք, չօգտագործեց դրանցից ոչ մեկը: Իսկ ահա պաշտպանության անփույթ խաղի արդյունքում գոլ բաց թողեցինք: Շնորհավորում եմ «Փյունիկին» եւ մաղթում հետագա հաջողություններ: Շնորհակալություն եմ հայտնում մեր երկրպագուներին, որոնք միշտ մեր կողքին են: Հուսով եմ, որ այս պարտությունը այնքան էլ չվշտացրեց նրանց: Չեմպիոնի տիտղոսը նվաճելն այնքան էլ դժվար չէ, որքանՙ պահպանելը: Չեմպիոնների լիգայի մրցաշարին դեռ շատ ժամանակ կա, կմտածենք կազմը համալրելու մասին: Արդեն հայտնի է, որ Իրանից թիմ է վերադառնալու Ֆոֆանա Բեկոն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #75, 08-05-2013

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ