RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-10 19:12:13Սևրի պայմանագիրը Օսմանյան կայսրության կողմից ստորագրել են հակաերիթուրքականները (տեսանյութ)
2020-08-10 16:55:40Կարեն Դեմիրճյանի տեսակետները արդիական են նաև մեր օրերին(տեսանյութ)
2020-08-10 15:01:59Թուրքիան կեղծեց ոչ միայն հարևանների, այլև իր պատմությունը. Ռուբեն Սաֆրաստյան
2020-08-10 14:19:15Հայաստանյան պատվիրակությունը Լիբանանում հանդիպել Տանն Կիլիկիո Կաթողիկե Պատրիարքի հետ
2020-08-10 13:59:07Այսօր Սևրի դաշնագրի 100-ամյակն է
#074, 2013-05-07 > #075, 2013-05-08 > #076, 2013-05-09 > #077, 2013-05-10 > #078, 2013-05-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #76, 09-05-2013



ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐ

Տեղադրվել է` 2013-05-08 22:48:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 2608, Տպվել է` 115, Ուղարկվել է էլ.փոստով` 81

ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ ՉԴԱՐՁՆԵՆՔ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ամեն տարի այս օրերին գրում ենք Շուշիի ազատագրման, նրա պատմական նշանակության մասին հայերիս համար: Եվ դա լավ է, քանի որ հայերիցս շատերի համար հաղթանակ ու Շուշի բառերը վաղուց հոմանիշներ են: Ու 1992 թվականի մայիսի 8-9-ին տեղի ունեցած բեկումն Արցախյան ազատամարտում գուցե մի ողջ սերնդի ու նրան ներարկվող նոր հոգեբանության բուժասեղը դարձավ: Սակայն արդյոք ամեն տարի այս երկու օրվա ցուցանակային հիշողությամբ, Արցախյան պատերազմի հրամանատարների օրացուցային ասուլիսներով հնարավո՞ր է արժանապատվության ու հաղթողական հոգեբանությունը ընդհանրապես պատվաստել եւ աճեցնել հայ մարդու մեջ, արյան շրջանառություն դարձնել, արթնացնել մեր քնած գենը նախնիների դրած ծրագրով, այն է` ընդհանրապես չկոտրվել, հաղթել ու այդ հաղթանակի հետագա հարթակն ամուր պահել, ընդլայնել ու զարգացնել եւ այս կոդը բոլորի համար հասկանալի վերծանել ու ընդունելի դարձնել:

Արդյոք սոցիալական մամլիչի տակ հայտնված, անարդարություններից ու զոռբայությունից նեղացած, մեր մի քանի անմակարդակ հարուստների ոսկյա զուգարանի ու ոսկեպատ բազրիքների մասին լսող ու ելք չգտնելուց արտագաղթող հայը ճիշտ կընկալի՞ այդ կոդը, էլ ուր մնաց` կփոխանցի՞:

Այս օրացուցային հրճվանքի մեջ գուցե օգտակար բան, իրոք, կա այն իմաստով, որ նորանոր մարդիկ են ամեն տարի տեղեկանում Շուշիի ազատագրման մանրամասներին դարերով ծաղկում ապրած այդ քաղաքի եւ Արցախի այլ հրաշքների մշակութային ու պատմական անցյալին, եւ, ընդհանրապես, այժմ ԼՂՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին: Ու միգուցե շատերն անվարան այժմ պատասխանեն չիմացող մեկի տված հարցերին, թե` 71 տարի Շուշին ու Արցախը սովետա-ադրբեջանական գերության մեջ են եղել, ու վերջապես հայ զինվորն ազատագրել է այդ սուրբ հողը: Ու էլի դրական է, որ երեւի շատերը ճիշտ կարող են նշել Շուշիի ազատագրման օրն ու Արցախյան պատերազմի սկիզբն ու ավարտը` մինչեւ զինադադար:

Մինչդեռ սրան զուգահեռ այնքան բան է ամեն օր աչք խոթվում` չեզոքացնելով մեր օրացուցային հայրենասիրությունն ու օրակարգային հիշողությունը, զույգ պետություններում ամեն օր այնպես տեսանելի է Արցախի ազատամարտի հերոսների` քաղաքական եւ սոցիալական տարբեր ճամբարներում լինելը, ընդհանրապես բոլորիս, եւ շուշեցու ու արցախցու առհասարակ թաղվածությունը օրվա կենսական խնդիրների մեջ, որ տեսածն ու զգացածն ամեն օր մեզնից մեկ միլիմետրով հեռացնում-հասարակացնում է 21 տարի առաջվա հաղթանակի մեծ իմաստը: Ամեն օր ու բազմաթիվ առիթներով է երեւում, որ 21-ամյա հաղթանակը մարդկանց նույն գաղափարի շուրջը չի համախմբում, հայերիս համար միասնական նպատակ չի ձեւակերպում, ու մեր կյանքի մեսիջներն ուղղված են դեպի նյութապաշտություն, ճարպկություն ու զոռբայություն, ու ոչ երբեք հոգեւորություն, երկրի զգացողություն եւ արժեքների իշխանություն: Մենք շարունակում ենք բաժան-բաժան լինել` սոցիալական, կրթական ու մակարդակային բաժանարարներով, արտոնյալների հաբռգածությամբ, գեներալների անմիտ հարստության ճոխությամբ ու սոված մնացած ազատամարտիկի աններելի մենակությամբ: Շարունակում ենք կուսակցական շահերի մեջ մասնատել մեր զույգ պետությունների մեծ շահը, կոտորակել ու փշրանքել: Ու չեն գտվում այն մարդիկ, որոնք ի վերջո դուրս կբերեն պետություն-հայրենիքի շահը բաժանարարների, համազգեստների եւ շահի թելադրանքի անմիտ ենթակայությունից, եւ ինչպես 21 տարի առաջ Շուշին ազատագրելիս, հայրենափրկությունը կդարձնեն սովորական մերօրյա ընթացքի երկրակենտրոն կեցվածք, կգնան դեպի սովորական հայ մարդու համար հայրենիքը հարմարավետ դարձնելու գործին ընդառաջ, կմտահոգվեն հասարակ հայով, ով վաղը ծնելու է մեր զույգ պետությունների կյանքն իսկապես փոխողների սերնդին, բայց այսօր ճկված է անհավասար եւ չտրամաբանված օրակարգի պարտադրանքի տակ:

Այնպես լինի, որ Շուշիի ազատագրման երախտավորների անունները հիշելով ու հիշեցնելով, Կոմանդոսի, Դալիբալթայանի, Սեֆիլյանի, մյուսների անունները տալով` մի դեղատոմս- եզրահանգում էլ չկպցնենք պոչից, թե նրանք այսօր իրենց փառքի բարձունքից մոռացել են հասարակ ազատագրողին եւ կյանքը տված մարդուն կամ դարձել քաղաքական, տնտեսական շահերի գերի: Որ լեգենդ անուններ ունենալու ներքին ազատությունն ունենանք ու դրա համար չամաչենք (նրանց այսօրվա կեցվածքը չամաչեցնի մեզ), այսքան առօրեական չնայենք (ոչ մեր մեղքով) մեր արժանավոր անցյալին, քանի որ մեր կյանքն այսպես պրոբլեմային ու անհարմարավետ դարձավ, գեներալներն էլ օգտագործեցին իրենց անցյալը, քանի որ անարժաններն ու փողատերերն առանց անցյալի էին խցկվում եւ օրվա տերը դառնում: Իսկապես` արժեքները տեղը գցենք, արժանավորին գլխներիս դնենք եւ ոչ թե ընդհակառակը...

Ու Շուշիի ազատագրումը ոչ թե օրացույցով նշենք, այլ դա լինի մի տոն, որ միշտ մեզ հետ է եւ ամեն օր է հոգեբանություն է կռում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #76, 09-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ