RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#074, 2013-05-07 > #075, 2013-05-08 > #076, 2013-05-09 > #077, 2013-05-10 > #078, 2013-05-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #76, 09-05-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-05-08 22:48:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1811, Տպվել է` 83, Ուղարկվել է էլ.փոստով` 73

ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸՙ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ, ԿԱՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Այնպիսի տպավորություն է, որ բնապահպանության ոլորտը մեր երկրի ու կառավարության համար աննշան կամ շատ քիչ կարեւորություն ունեցող թեմա է: Իրականում, մեր երկիրն ու հատկապես մայրաքաղաքը բնապահպանական լուրջ աղետի շեմին են: Դրա մասին բազմիցս բարձրաձայնվել է, սակայն էական փոփոխություններ այդպես էլ տեղի չեն ունեցել: Օդի աղտոտվածություն, կանաչ տարածքների վերացում, հանքերի ավելացում, պոչամբարների կուտակում, որոնք լուրջ ազդեցություն են ունենում ոչ միայն բնության, այլեւ մեր առողջության ու միջավայրի վրա:

Կառավարության նոր կազմում բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը կշարունակի իր գործունեությունը: Եթե ամփոփենք Արամ Հարությունյանի հնգամյա գործունեությունը, ապա դժվար կլինի որեւէ խնդիր մատնանշել, որ նա կարողացել է լուծել: Նախարարը բնապահպանությունից հեռու, խնդիրներին անտեղյակ մարդու տպավորություն է թողնում, որ որեւէ անգամ չի բարձրացրել հարցեր, այլ միայն որոշումների տակ ստորագրում է, առանց հաշվի առնելու, թե դա ինչ ազդեցություն կունենա եւ որքան վնաս կտա բնությանն ու բնապահպանությանը:

Հենց իր նախարարության ժամանակ էր, երբ Խոսրովի պետական արգելոցում սկսվեց ռեստորանի եւ սրճարանի շինարարությունը: Մեր թերթն առաջինն էր, որ բարձրացրեց այդ հարցը, ու միայն 1,5 տարի մամուլի ու բնապահպան ակտիվիստների համատեղ պայքարի արդյունքում կառավարության որոշմամբ Խոսրովի արգելոց Գիլան արգելավայրին վերադարձվեց նախկին կարգավիճակն ու ապօրինի շինարարությունը կանգնեցվեց: Անշուշտ, Գիլանի կարգավիճակը փոխվել էր այլ նախարարի օրոք, սակայն դա չէր նշանակում, որ ներկա նախարարը պետք է ձեռքերը ծալեր ու ասերՙ մենք այդ որոշման հետ կապ չունենք եւ լուռ հետեւեր արգելոցի բետոնոցմանը:

Այդ ժամանակահատվածում բնապահպանության նախարարությունից կամ պատասխանում էին, որ ծառեր չեն հատվում, կամ էլ հավաստիացնում էին, թե կգնան, կստուգեն, մոնիտորինգ կանցկացնեն, սակայն որեւէ տեղաշարժ այդպես էլ չէր լինում:

Նույն Խոսրովի արգելոցում մի քանի անգամ արգելված որսի դեպքեր գրանցվեցին: Նախարարությունից սկզբում հերքում էին, հետո, երբ հայտնվում էին տեսանյութեր, հոդվածներ ու հարցազրույցներ, հավաստիացնում էին, որ հարցը կլուծվի, բայց ամեն ինչ մնում էր խոստումների մակարդակի վրա:

Գառնու «Քարերի սիմֆոնիան» բնության հուշարձան է բաց երկնքի տակ, եւ բնապահպանության նախարարությունը պարտավորություններ ունի այն պահպանելու համար: Մինչդեռ բազմիցս գրել ենք, որ հուշարձանի քարերը կտրում են եւ վաճառում: Դժվար թե նախարարությունում տեղյակ չլինեն, որ բնության հուշարձանն ավերում են, ավելին, մի քանի անգամ նախարարությունից եւ Կոտայքի ոստիկանությունից զանգել են մեր խմբագրությունՙ որոշակի տեղեկություններ ստանալու համար. սակայն հարցն այդպես էլ մնում է չլուծված, ու ժամանակ առ ժամանակ հայտնվում են լուսանկարներ, որ Գառնու «Քարերի սիմֆոնիան» ենթարկվում է վանդալիզմի:

Կար ժամանակ, երբ Երեւանում յուրաքաչյուր երկրորդ անձը գիտեր ու խոսում էր Թռչկանի ջրվեժի մասին: Խնդիրն այն էր, որ կառավարության որոշմամբ եւ նախարարի ստորագրությամբ Թռչկանի հարեւանությամբ պետք է ՀԷԿ կառուցվեր, ինչի հետեւանքով ջրվեժը կորցնում էր իր նշանակությունն ու գեղեցկագույն ջրվեժը վերածվելու էր սովորական «չռիկի»: Ամիսներ շարունակ հոդվածներ, քննադատություն, քաղաքացիական նախաձեռնություն ու հերթապահություն ջրվեժի շուրջը: Այդ ընթացքում յուրաքանչյուր հինգշաբթի կառավարության շենքի դիմաց տեղի էին ունենում բողոքի ակցիաներ, նախարար Հարությունյանն էլ կամ երկրորդ մուտքով էր դուրս գալիս, կամ խուսափում էր լրագրողների հարցերից ու վազում դեպի ավտոմեքենան: Մի քանի ամիս տեւած քաղաքացիական նախաձեռնությունը հաղթեց, Թռչկանը փրկվեց, բայց ոչ նախարարի շնորհիվ:

Թռչկանը փրկվեց, «Ուսանողական այգին»ՙ ոչ: Թեպետ տարածքը պատկանում էր քաղաքապետարանին, սակայն երբ երիտասարդ ակտիվիստները նամակ էին գրել նախարարությանըՙ օգնելու խնդրանքով, որպեսզի կենտրոնի եզակի այգիներից մեկը չբետոնապատվի, նախարարությունից նախ չէին արձագանքել, հաջորդ նամակին ի պատասխան ասելու, որ բնապահպանության նախարարությունը հարցի առնչությամբ տեսակետ չունի:

Ամիսներ տեւեց նաեւ մարտունեցիների պայքարը, որպեսզի Գայլաձոր վտակի վրա ՀԷկ չկառուցվեր ու շրջանի շուրջ 30.000 բնակիչներ չզրկվեին ոռոգման ջրից:

Սեւանա լիճն էլ այսօր կլիներ սարսափելի վիճակում, եթե չլիներ Վլադիմիր Մովսիսյանն ու իր անսահման նվիրվածությունըՙ լուծելու պրոբլեմները: Վերոնշյալ խնդիրները մի քանիսն են տասնյակ նման հարցերից, որոնք կամ չեն լուծվել, կամ լուրջ պայքարի արդյունքում կառավարությունը փոխել է որոշումը: Այս ամբողջ ընթացքում, Արամ Հարությունյանը որեւէ կերպ որեւէ խնդիր չի բարձրացրել կամ կառավարության որեւէ հարցադրման «ոչ» չի ասել, այդ կերպ առավել նպաստելով բնապահպանական աղետների խորացմանը:

Բնապահպանական ռիսկերից մեկն էլ հանքարդյունաբերության նոր օրենքն էր, համաձայն որի առավել նպաստավոր պայմաններ էին ստեղծվում պոչամբարների համար: Մեր երկրում հանքում պայթեցումը կատարվում է բաց եղանակով, թունավոր հանքանյութերը լցվում են մոտակա գետերն ու լճերը, ինչի հետեւանքով հսկայական դաշտեր աղտոտվում են, ոռոգման ջրերըՙ նույնպես: Ոռոգվող ջրերի միջոցով թափոնները լցվում են հողն ու անցնում միրգ ու բանջարեղենին. շուկայում վաճառվող մրգերն ու բանջարեղենը թունավոր են, դրանց մեջ մի քանի անգամ գերազանցում են ծանր մետաղները: Սրանք հարցերի մի ամբողջ խումբ են, որոնց պետք է լուծում տրվի: Հինգ տարվա ընթացքում Հարությունյանն այդ հարցերի առնչությամբ որեւէ մեկնաբանություն չի կատարել, վստահաբարՙ առաջիկա 5 տարվա ընթացքում էլ նա որեւէ հարցի լուծում չի տա, եւ երկրում կշարունակվի բնապահպանական ճգնաժամը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #76, 09-05-2013

AZG Daily #2, 17-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ