RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#074, 2013-05-07 > #075, 2013-05-08 > #076, 2013-05-09 > #077, 2013-05-10 > #078, 2013-05-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #76, 09-05-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-05-08 22:48:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1789, Տպվել է` 74, Ուղարկվել է էլ.փոստով` 51

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԱՑԻՙ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Արվեստագետի որոնող միտքը Տաթեւ Մնացականյանին ամեն անգամ նոր ծրագրերի է մղում: Լուսանկարիչ-դիզայների բազմաթիվ հետաքրքրությունների մեջ տարիներ արդեն նրան հետապնդում է կարեւոր մի ծրագիրՙ ստեղծել լուսանկարների դիմաշարՙ ավագ սերնդի արվեստագետների, հիմնականում նկարիչ-քանդակագործների եւ երկխոսություն-հաղորդակցություն ձեւավորել տարբեր մշակույթներ կրող արվեստագետների միջեւ: Այդպես նա ստեղծեց այսօր Հայաստանում ապրող տարեց մարդկանց պատկառելի մի դիմաշար, որը ցուցադրվեց ԱԺ-ի սրահում եւ «Ակադեմիա» պատկերասրահումՙ ամիսներ առաջ: Նրանց մեծ մասը կյանքի մայրամուտի շեմին է, կան արդեն կյանքից հեռացածներ, նաեւ մոռացության տրված անուններ (Քնարիկ Հովհաննիսյան, Լեւոն Կոջոյան, Արտաշես Հովսեփյան, Զաքար Խաչատրյան, Ելենա Աբրահամյան, Ջանիկ Գասպարյան, Թերեզա Միրզոեւա, Ֆրենկ Գասպարյան, Գեւորգ Ավագյան եւ այլք): Երիտասարդ լուսանկարչի ծրագրի բուն նշանակությունը վերստին ուշադրություն հրավիրելն է նրանց հանդեպ, ովքեր որոշակի ներդրում ունենալով հայ արվեստի պատմության մեջ, դեռ կենդանության օրոք արդեն մոռացվում են, ինչպես նաեւ հայտնի, անվանի արվեստագետների ներկայացնել յուրովի, այնպեսՙ ինչպես ինքն է ընկալել-ընթերցել նրանց, ինչպեսՙ Հակոբ Հակոբյանի, Էդվարդ Միրզոյանի, Սեն Արեւշատյանի, Հովհաննես Չեքիջյանի պարագայում:

Այս լուսանկարների հերոսները բոլորը տարիքով մարդիկ են: Նրա օբյեկտիվը փորձել է արձանագրել այն հատկանիշներըՙ ներքին եւ արտաքին, ինչը հատուկ է հենց այդ հասակին, այսինքնՙ դիմախորշեր, ընդգծված կնճիռներ, ծերունական շարժումներ եւ ներաշխարհային շերտեր, որ հայացքի խորքում ես կարդումՙ ափսոսանք, կարոտ, խամրող հույս, իմաստնության հանդարտություն, ավելի մտասեւեռում, ավելի հայեցողականություն, իհարկեՙ ե՛ւ ցավ, իհարկեՙ ե՛ւ վախ կամ հուսահատությունՙ ժամանակի հանդեպ, օտարացած միջավայրի, արած-չարածի հանդեպ եւ այլն, եւ այլն:

Իր այս ծրագիրն ընդլայնելու ցանկությունը Տաթեւին մղեց տարբեր ժողովուրդների արվեստագետների միջեւ մշակութային երկխոսություն ծավալելու գաղափարի իրականացմանը, որով փորձ է անելու ընդգրկել Արեւմտյան Եվրոպայի, Մ. Նահանգների, Կանադայի, Ռուսաստանի, Մերձավոր Արեւելքի այն բնակավայրերը, որտեղ հայկական մեծ համայնքներ կան, եւ որոնք ազգերի միջեւ մշակութային կամրջի դեր ունեն: Առաջին այդպիսի հանգրվանը եղավ Եգիպտոսը, որտեղ հայկական համայնքը ժամանակին աշխույժ եւ բուռն հասարակական-մշակութային կյանք էր ծավալել եւ արժեքներ ստեղծել: ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանատան աջակցությամբ այցելեց Եգիպտոս, եղավ Կահիրեում, Ալեքսանդրիայում, հայ համայնքի եւ Հայաստանի դեսպանատան աջակցությամբ այնտեղ հանդիպեց հայ եւ եգիպտացի արվեստագետներին, ծանոթացավ նրանց մշակույթին, լուսանկարներ արեց իրենց հարազատ միջավայրում: Արդեն մի քանի ամիս Տաթեւը զբաղված է այդ շարքը ցուցադրելու նախապատրաստական աշխատանքներով:

Եվ ահա առաջին ցուցադրությունը կայացավ 3 օր առաջ, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակումՙ բազմաթիվ հյուրերի, լուսանկարիչների, ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանի ներկայությամբ: Եգիպտոսը ներկայացնում էր Էսմաթ Դավեսթի Աշիի, Մահեր Գյուրգուիսի, Մոհսեն Աբդ Ռաբուի, Միհրան Ղազելյանի, Սարգիս Թոսունյանի, Հրանտ Քեշիշյանի, Հասմիկ Փամբուկչյանի եւ այլոց, նաեւ Պողոս Բեյի, Պողոս Նուբար փաշայի (վերջին երկուսըՙ արխիվային լուսանկարներից) դիմաշարքը:

Տաթեւ Մնացականյանն աշխատում է լուսանկարչության սեւ-սպիտակ կոնտրաստներով: Ներկայացված կերպարները` հիմնականում ծավալուն ֆորմատով, տպավորիչ ազդեցություն թողեցին : Պահի արձանագրման հետեւում մարդկային-զգացական աշխատանք կաՙ իր հերոսների հետ ծանոթություն-մտերմության, բարեկամական հարաբերությունների ժամանակաընթացք, որը շարունակվում է աշխատանքն ավարտելուց հետո էլ: Շատերին նա փոխանցում է երիտասարդությանը բնորոշ իր լավատեսությունը, վստահությունը, սակայն ամենից կարեւորը ուշադրությունն է: Իր ծրագրի մի մասը կազմում եւ իր համար կարեւորվում է ցուցադրության ժամանակ այդ պերսոնաժների բուն ներկայությունը:

Ծրագիրն իր էությամբ մարդասիրական է, եւ արվեստագետի հայացքի ջերմությունը այս մարդկանց համար եւ կյանքի այս փուլում շատ էական նշանակություն ունի, որ յուրատեսակ վերադարձ է` հիշողության, ուշադրության: Այսպիսի շեշտադրում ուներ Ռուբեն Գեւորգյանցի գնահատականը, շարքիՙ որպես պատմության մեջ մնալու արժանի վավերագրություն:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի սրահում Տաթեւ Մնացականյանի լուսանկարչական դիմանկարների շարքը տպավորիչ արձագանք գտավ: Խորհրդանշական էր տարեց արվեստագետներիցՙ Լեւոն Կոջոյանի քիչ ուշացումով, կորացած, դողդոջուն մուտքը սրահ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #76, 09-05-2013

AZG Daily #3, 24-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ