ՈՉ-ՈՔԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՀԵՏ ՄՐՑԱՎԵՃՈՒՄ Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկեց շախմատի գերմրցաշարը, որն առաջին անգամ է անցկացվում: Մինչեւ դասական շախմատի մրցաշարի մեկնարկը 10 գրոսմայստերներն ուժերը չափեցին կայծակնային մրցախաղում: Լեւոն Արոնյանն անհաջող խաղացՙ 9 հնարավորից վաստակած 2,5 միավորով զբաղեցնելով նախավերջինՙ 9-րդ տեղը: Հաղթող ճանաչվեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, որը վաստակեց 6,5 միավոր: 6-ական միավորով հաջորդ տեղերը զբաղեցրին Մագնուս Կառլսենը, Վիշվանաթան Անանդը եւ Հիկարու Նակամուրան: Մրցակարգի համաձայն, կայծակնային մրցաշարի հաղթողն ինքն ընտրեց հիմնական մրցաշարում իր համարը: Նա նախընտրեց 5-րդ համարը: Լեւոն Արոնյանին բաժին հասավ 9-րդ համարը, ուստի մեկնարկային տուրում նրա մրցակիցը մրցաշարի 2-րդ համար, աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդն էր: Մեկնարկային պարտիան կարճ տեւեց: Մրցակիցներն արդեն 33-րդ քայլին հաշտություն կնքեցին` առաջինն ավարտելով իրենց մրցախաղը: Ոչ-ոքի ավարտվեց նաեւ Մագնուս Կառլսենի եւ Վեսելին Թոփալովի պարտիան: Հիկարու Նակամուրան հաղթեց Վան Հաոյին, Սերգեյ Կարյակինը պարտության մատնեց Թեյմուր Ռաջաբովին, Պյոտր Սվիդլերն էլ առավելության հասավ Համերի նկատմամբ: Այսպիսով, մեկնարկային տուրից հետո մեկական միավորով աղյուսակը գլխավորեցին Նակամուրան, Կարյակինը եւ Սվիդլերը: Այսօր կայանալիք 2-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա ճապոնացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրայի հետ: Տուրի կենտրոնական պարտիան կլինի Մագնուս Կառլսենի եւ Վիշվանաթան Անանդի մրցավեճը: |