RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#076, 2013-05-09 > #077, 2013-05-10 > #078, 2013-05-14 > #079, 2013-05-15 > #080, 2013-05-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #78, 14-05-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-05-13 23:45:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1525, Տպվել է` 40, Ուղարկվել է էլ.փոստով` 54

«ՍԻՐԻԱՆ ԳԵՐԵԶՄԱՆ Է ԴԱՌՆԱԼՈՒ ԷՐԴՈՂԱՆԻ ՀԱՄԱՐ»

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Այս կարգախոսով Ռեյհանլիի բնակչությունը հակազդել է զույգ պայթյուններին

Հաթայը նախկին Ալեքսանդրետի սանջակն է, 1939-ին Սիրիայից անջատվել է եւ կցվել է Թուրքիա: Այս հանգամանքը ինքնին ենթադրում է, որ տվյալ վիլայեթը սահմանակից է Սիրիային, զգալի բնակեցված արաբներով, որոնց մեջ մեծ թիվ են կազմում ալավիները: 2011-ի մարտին Սիրիայում առաջացած ճգնաժամն ու Թուրքիայի միջամտությունը ճգնաժամին հանգեցրեց արաբների համալրմանը ինչպես սիրիացի փախստականներով, այնպես էլ «Ազատ Սիրիայի բանակի» վարձկաններով, քանի որ Հաթայի սիրիական սահմանի երկայնքով փախստականների համար ճամբարներ էր ստեղծվում, իսկ վարձկանները բացի հենակետերում տեղակայվելուց, բնակարան վարձելու միջոցով հաստատվում էին Անտիոքում եւ վարչական այս կենտրոնի գավառներում:

Ընդհանուր առմամբ Հաթայում տեղացի արաբների հարաբերությունները թուրքերի հետ լարված բնույթ են ունեցել: Սիրիացի փախստականների վերաբնակեցումն ու «Ազատ Սիրիայի բանակի» վարձականների տեղակայումը Հաթայում էլ ավելի սրեցին լարվածությունը: Այն առումով, որ տեղացի արաբները սիրիացի փախստականներին նայում էին թշնամու, իսկ վարձականներինՙ մարդասպանի աչքով, թե սահմանն անցնում եւ Սիրիայում սպանում են իրենց եղբայրներին:

Նրանք Սիրիայի նկատմամբ որդեգրած քաղաքականության համար միաժամանակ դատապարտում էին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությանը, որ պատսպարում է սիրիական ընդդիմությանը ընդդեմ նախագահ Բաշար Ասադի: Սկսած 2011-ից Անտիոքում բազմաթիվ ցույցեր են կազմակերպվել «Ձեռքերդ հեռու Ասադի վարչակարգից» կարգախոսով, տեղի են ունեցել նաեւ բախումներ բնակչության եւ վարձկանների միջեւ, որոնք տարածվել են Հաթայի գավառներում:

Մայիսի 3-ի համարում «Հաթայի ալավիներըՙ թիրախ «Ազատ Սիրիայի բանակի» թուրք մոջահիդների» վերնագրով անդրադարձել էինք լարվածության հարցինՙ ընդգծելու Անտիոքում եւ գավառներում տիրող պայթյունավտանգ իրավիճակը: Հաթայի գավառներից է Սիրիային սահմանագիծ Ռեյհանլին, որտեղ պայթյունավտանգ իրավիճակը համադրվեց մայիսի 11-ին իրականացված զույգ պայթյուններով, որոնք պաշտոնական տվյալներով հանգեցրել են 46 մարդու սպանության, ավելի քան 100-ը վիրավորվել է:

Գավառում տիրող պայթյունավտանգ իրավիճակը ահաբեկչական պայթյուններ կազմակերպելու առումով Ռեյհանլին դարձրել էր խիստ նպատակահարմար կազմակերպիչների համար: Ովքե՞ր են դրանք: Դժվար է հարցին միանշանակ պատասխանել, սակայն Թուրքիայի ղեկավարները միանշանակ պատասխանեցին, այն էլՙ պայթյուններից մի քանի ժամ հետո: Փոխվարչապետ Բեշիր Աթալայը հայտարարեց, որ ձերբակալվել է 9 կասկածյալ, եւ կասկածյալները խոստովանել են իրենց առնչությունը պայթյուններին:

Այնուհետեւ Ազգային հետախուզական կազմակերպությունըՙ MIT-ը, պարզեց, որ ձերբակալվածները սիրիական գաղտնի ծառայություններիՙ Ալ Մուխաբարաթի գործակալներ են: Դա հաստատեց Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, իսկ թուրքական կենտրոնական «Հուրիեթ», «Վաթան», «Միլիեթ» եւ «Սթար» թերթերը հիմնավորեցին Դավութօղլուին: Այդ ընթացքում «Սաբահը» եզրակացրեց. «Ասադը Ալ Մուխաբարաթին «Թուրքիան դժոխքի վերածելու» կարգադրություն տվեց, որը գործի անցնելու ազդակ հանդիսացավ նախապես Ռեյհանլիի ներթափանցած գործակալների համար»:

Մինչ պայթյունների համար նախագահ Ասադի վարչակարգին մեղադրում էր նաեւ վարչապետ Էրդողանը, մեղադրանքին հակազդեցությամբ մայիսի 12-ին արձագանքեց Սիրիայի տեղեկատվության նախարար Ումրան ալ Զուբինՙ հայտարարելով. «Ոչ ոք իրավունք չունի Թուրքիայում տեղի ունեցած պայթյունների համար կամայականորեն մեղադրել Սիրիային: Դրանց պատասխանատուն հենց Թուրքիան է: Էրդողանը ջանում է հաղթանակ կերտել թուրքերի եւ սիրիացիաների արյան վրա»:

Թուրքական եւ սիրիական կողմերի փոխադարձ մեղադրանքը ենթադրելի է: Սակայն դա հազիվ թե պատասխանի «ովքե՞ր են կազմակերպել պայթյունները» հարցին: Հետեւաբար կազմակերպիչներին եթե ոչ բացահայտելու, ապա գոնե դրանց մասին պատկերացում կազմելու լավագույն եղանակը ճշտելն է, թե ում են ձեռնտու պայթյունները: Միանշանակ չէ նաեւ այս հարցի պատասխանը: Ակնհայտ է սակայն, որ Ռեյհանլիի զույգ պայթյունները իրականացվել են վարչապետ Էրդողանի ԱՄՆ նախատեսվող այցելությունից առաջ եւ Ալ Նուսրայի պարագլուխ Աբուլ Մուհամմեդ Էլ Ջեւանիի սիրիական ռազմաօդային ուժերի ձեռնարկած հարձակման հետեւանքով սպանությունից հետո:

Առաջին հայացքից գուցե տրամաբանական թվա, որ Թուրքիայում բազմաթիվ գրոհայիններ ունեցող Ալ Նուսրան սպանության համար վրեժխնդիր լինի նախագահ Ասադին պաշտպանող Ռեյհանլիի բնակիչներից: Սակայն չմոռանալ Ժնեւում նախատեսվող Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունները Սիրիայի ճգնաժամի հարցով: Հաշվի առնելով դրանք, պետք է ճշտել նաեւ, թե ում է ձեռնտու այս բանակցությունների կացնահարումը: Համենայնդեպս, Թուրքիան Սիրիայի դեմ անհապաղ ռազմական գործողությունների դիմելու կողմնակից է, իսկ ժնեւյան բանակցությունները հակասում են գործողությունների տրամաբանությանը:

Ի դեպ, ինչպես նշում է Odatv.com կայքէջը, պայթյունի հաջորդ օրը Ռեյհանլիում կազմակերպվել է Էրդողանի կառավարության դատապարտման ցույց, որին մասնակցել է 5.000 մարդ: Ծրարները վարչապետ Էրդողանի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նկարի վրա «Ձեռքերդ հեռու Սիրիայից» մակագրությամբ ցուցապաստառով երթ են կազմակերպել: Երթի ընթացքում նրանք վանկարկել են. «Նահանգապետ, հրաժարական տուր», «Մարդասպանը ԱՄՆ-ն է, Էրդողանի կառավարությունըՙ նրա գործակիցը», «Էրդողանից հրաժարական ենք պահանջում», «Սիրիան Էրդողանին գերեզման է դառնալու»:

Համանման ցույց կազմակերպվել է նաեւ Ստամբուլի Շիշլի վարչական տարածքում, հենց Էրդողանի կուսակցության տարածքային վարչության շենքի առջեւ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #78, 14-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ