RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#076, 2013-05-09 > #077, 2013-05-10 > #078, 2013-05-14 > #079, 2013-05-15 > #080, 2013-05-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #78, 14-05-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-05-13 23:45:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1569, Տպվել է` 62, Ուղարկվել է էլ.փոստով` 60

ԲԵՐՔԻ ԿՈՐՈՒՍՏԸՙ 45-50 ՏՈԿՈՍ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՏԵՎԱՆՔ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

5 տարի առաջ ընտրվեց այս համակարգը նախկին` 94 տոկոս արդյունավետություն ունեցողի փոխարեն

Գյուղատնտեսության նախարարությունում երեկ հրատապ խորհրդակցություն է կայացել մայիսի 12-ին Արմավիրի մարզում տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով ստեղծված իրավիճակի գնահատման, վնասի չափերը նվազագույնի հասցնելուն ուղղված միջոցառումների կազմակերպման նպատակով: Կարկտահարությունից հիմնական վնասը կրել են Արմավիրի մարզի գյուղերի, Մեծամոր եւ Արմավիր քաղաքների մշակաբույսերը եւ ցանքատարածքները: Միաժամանակ, Արարատի մարզից մեր ստացած տեղեկությունների համաձայն, այստեղ եւս կարկտահարություն է եղել եւ նույնպես վնասներ են եղել: Գյուղատնտեսության փոխնախարարները եղել են Արարատյան դաշտի տարբեր բնակավայրերում, հանդիպել գյուղացիների հետՙ պարզելու համար կորուստները եւ թե ինչ օժանդակություն կկարողանա տրամադրել գյուղնախարարությունը:

Ինչպես ակնհայտ է դառնում մայիսի 12-ի կարկուտից, մեր երկրում հրատապ է արդյունավետ հակակարկտային համակարգի ստեղծումը: Գյուղացիների վկայությամբՙ այն վայրերում, որտեղ տեղադրված են հակակարկտային համակարգերը, դրանք գործել են, բայց, անարդյունավետ: Ո՞րն է դրա պատճառը, ինչո՞ւ հակակարկտային ծառայության առկայությունը չի փրկում գյուղացուն բերքի կորստից եւ ի՞նչ իմաստ ունի նման համակարգն ընդհանրապես, եթե նրա գործելու դեպքում բերքն ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ ոչնչանում է: Այս հարցերի պատասխանները ստանալու համար հարկ է հետ գնալ 5 տարով, երբ կառավարությունը, 2008-ի սեպտեմբերի 18-ի որոշմամբ, հաստատեց Հայաստանի տարածքում մթնոլորտային վտանգավոր երեւույթների վրա ակտիվ ներգործության համակարգի ստեղծման ծրագիրը: Ծրագրով որոշվեց, որ պետք է ստեղծվի հակակարկտային այսպես կոչված գեներատորային համակարգը:

Դավիթ Լոքյանը եւ արգենտինական հակակարկտային գեներատորային համակարգերը

Հայաստանում գազագեներատորային հակակարկտային համակարգերի ներդրումը սկսվել է 2004-ից: Այն ժամանակ գյուղնախարար Դավիթ Լոքյանի` արգենտինյան SAPOI. SA ընկերության հետ կնքված պայմանագրով, 15 այդպիսի ացետիլենային գեներատորներ տեղադրվել են Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանում, որոնք կարկտահարությունից պետք է պաշտպանեն 1200 հա տարածք: 2007-ից այդ համակարգերը շահագործող «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ը կառուցել ու գործարկել է նոր 15 հակակարկտային համակարգեր, որոնցով պաշտպանության տակ է վերցվել եւս 1200 հեկտար գյուղատնտեսական տարածք: Պարզվել է, որ այս մեթոդը «բավականին արդյունավետ» է եղել թույլ, միջին եւ անգամ ուժեղ կարկուտների կանխման համար: Համենայն դեպս, այդպես է նշվել նաեւ կառավարության վերոնշյալ որոշման մեջ: Միաժամանակ, ընդգծվել է, որ շատ ուժեղ եւ աղետալի կարկուտների դեպքում պայքարի արդյունավետության աստիճանը որոշելու համար անհրաժեշտ են եւս 2-3 տարվա գիտափորձարարական աշխատանքներ, ինչպես նաեւ Արմավիրի եւ Արագածոտնի մարզերից յուրաքանչյուրում 20-ական նոր հակակարկտային համակարգերի տեղադրում:

Այդ ժամանակ նշվել է, որ ացետիլենով գործող գազագեներատորային մեթոդի արդյունավետությունը կազմում է մինչեւ 50 տոկոս, քիմական ռեագենտով գործող գեներատորային մեթոդը` 45 տոկոս: Քանի որ դրանք եղել են ամենաէժան տարբերակները, արտակարգ իրավիճակների նախարարությունում նախընտրել են այդ համակարգին անցնել, ինչին էլ հավանություն է տվել կառավարությունը:

Փաստորեն, նոր համակարգերի տեղադրումից 2-3 տարի անց կամ չեն պարզել, թե որքանո՞վ են գազագեներատորային հակակարկտային համակարգերն արդյունավետ ուժեղ եւ աղետալի կարկուտների դեպքում, կամ էլ 45-50 տոկոս արդյունավետությունը բավարար են համարել: Ստացանք այս տարվա մայիսի 12-ի կարկուտի աղետալի հետեւանքները եւ բերքից զրկված հազարավոր գյուղացիական տնտեսություններ ու քաղաքային բնակչություն, դրանից բխող գնաճի հնարավոր բարձրացմամբ: Հարց է առաջանում, իսկ ունեցե՞լ ենք այլընտրանք եւ ի՞նչ հակակարկտային ծառայություն է գործել խորհրդային տարիներին: Պարզվում է, որ ունեցել ենք, ինչի մասին նշված է եղել կառավարության վերոնշյալ` 2008-ի որոշման մեջ:

Խորհրդային հակակարկտային համակարգն ու դրա ճակատագիրը

Հակակարկտային ռազմականացված ծառայությունը Խորհրդային Հայաստանում ստեղծվել է 1964-ին: 1980-ականներին ուներ 11 հակակարկտային ռազմականացված կենտրոն` 60 հրթիռահրետանային մարտկոցով: Համակարգում աշխատում էին շուրջ 1700 մարդ: Հայաստանի այն ժամանակվա 15 վարչական շրջանների ավելի քան 1 մլն հեկտար ընդհանուր տարածքի վրա կատարվում էին կարկուտի դեմ պայքարի աշխատանքներ: Այդ աշխատանքներն իրականացվել են ավելի քան 400 միավոր զենիթային հրանոթներով եւ շուրջ 100 միավոր հրթիռային կայանքներով: Մինչեւ 1992-ը հակակարկտային պաշտպանության աշխատանքների արդյունավետությունը, ըստ վիճակագրական տվյալների, կազմել է 94 տոկոս: Կարկտահարությունից վնասված տարածքները տարեկան նվազել են միջինը 20 անգամ, իսկ ստացված եկամուտները գերազանցել են ծախսերն ավելի քան 5 անգամ: Ծառայությունն իրականացրել է նաեւ ակտիվ ներգործության աշխատանքներ Սեւանի ավազանում տեղումների արհեստական ավելացման ուղղությամբ: Այս դեպքում ստացված եկամուտները գերազանցել են կատարված ծախսերը 8-10 անգամ:

Սակայն 1992 -ից հակակարկտային աշխատանքները դադարեցվել են ֆինանսական հատկացումների բացակայության պատճառով: Հրթիռահրետանային տեխնիկայի, զինամթերքի, կապի ու տրանսպորտային միջոցների, ռադիոլոկացիոն համակարգերի մի մասը 1990-1993-ականներին ոչնչացել է սահմանամերձ գոտում մարտական գործողությունների ընթացքում, իսկ մնացած մասըՙ հանձնվել պաշտպանության նախարարությանը: Այս բոլոր տեղեկությունների մասին նույնպես տեղեկացել ենք կառավարության վերոնշյալ որոշումից: Այսինքն, դրանք հավաստի են եւ խորհրդային տարիների հակակարկտային 94 տոկոս արդյունավետության ունեցող համակարգի մի մասը դեռեւս պահպանված է եղել 5 տարի առաջ: Ի՞նչն էր խանգարում շարունակել աշխատել նման արդյունավետություն ունեցող այս մեթոդով, օգտագործելով եւ զարգացնելով պահպանվածը: Այս հարցի պատասխանը չստացանք ոչ 2008-ին, երբ այս թեմայի վերաբերյալ «Ազգում» հանդես եկանք համապատասխան հրապարակմամբ, ոչ էլ հիմա կստանանք: Այն ժամանակ արտակարգ իրավիճակների նախարարությունը ցանկություն հայտնեց պատասխանելու մեր հրապարակմանը, բայց այդպես էլ չստացանք այդ պատասխանը: Այն ժամանակ բառացիորեն գրել էինք, որ շատ հավանական է ու տրամաբանական, որ գեներատորային համակարգերն անարդյունավետ լինեն ուժեղ կարկուտների կանխման համար, ինչն էլ այսօր տեղի է ունենում:

Նույն կոտրած տաշտակի առջե՞ւ

Այժմ, երբ անցյալում թույլ տրված եւ հետագայում չկանխված հերթական դիլետանտական եւ անհոգի որոշման պատճառով մեր գյուղատնտեսությունն ու գյուղացիները նման ծանր գին են վճարում, ի՞նչ պետք է արվի: Շարունակե՞նք շահագործել նույն համակարգը, որն իրեն չի արդարացնում անհրաժեշտության պարագայում: Թե գուցե հրաժարվե՞նք այդ իբր թե էժան, բայց իրականում շատ թանկ արժեցած համակարգերից, որոնք մեզ այսօր կանգնեցրին կոտրած տաշտակի առջեւ: Կառավարությունը պետք է ուժ եւ քաղաքական կամք ցուցաբերի, ընդունի նախկինում ընդունած որոշման սխալ լինելը եւ ապագայում նման տհաճ իրավիճակներից խուսափելու համար հրաժարվի հակակարկտային անարդյունավետ համակարգից եւ թեկուզ աստիճանաբար անցում կատարի նոր` ավելի բարձր արդյունավետություն ունեցող համակարգի, որքան էլ դա թանկ լինի: Ամեն դեպքում, դա ավելի թանկ չի լինի, քան պարբերաբար մեր գյուղատնտեսությանը հասցվող վնասի չափերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #78, 14-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ