RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#076, 2013-05-09 > #077, 2013-05-10 > #078, 2013-05-14 > #079, 2013-05-15 > #080, 2013-05-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #78, 14-05-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-05-13 23:45:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1168, Տպվել է` 54, Ուղարկվել է էլ.փոստով` 39

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Մի ոտքից կաղ ծերուկըՙ զինվորական համազգեստով, մայիսի 9-ին, կանգնած Եռաբլուր տանող ճանապարհին, անցորդներից փող մուրալով ներկայանում է որպես ազատամարտիկ ու անարգում է զինվորական համազգեստը: Բարձրաստիճան սպայի ուսադիրներով, թանկարժեք մեքենայից նոր իջած, որպես կանոնՙ բեղով զինվորականը, որ մոտենում է ու ինչ-որ գումար տալիս կաղ ծերուկին, եւս անարգում է զինվորական համազգեստը: Մուրացկանությունն այդպիսի բան է. հավասարաչափ անարգում է ե՛ւ վերցնողին, քանի որ նա, փաստորեն, սոված է մի միջավայրում, որտեղ «բոլորը կուշտ են», ե՛ւ տվողին, քանի որ նա կուշտ է մի միջավայրում, որտեղ, փաստորեն, սովածներ կան:

Բայց ազատամարտիկ լինելը, ավելի ճիշտՙ ազատամարտիկ եղած լինելը աստիճանաբար մեզանում դարձավ ձեռքբերովի բան: Ազատամարտիկ սկսեցին կոչվել շատերըՙ «դուք բոլորդ ինձ պարտական եք» հոգեբանությամբ: Մինչդեռ չի կարող այնպես լինել, որ ազատամարտիկ լինեն շատերը, այդպես չի լինում, որովհետեւ պատերազմ չեն մեկնում շատերը: Ընդ որում պատերազմ չմեկնել ամենեւին էլ չի նշանակում պատերազմին չմասնակցել, այլ հարց է, որ ամեն պատերազմին մասնակից չի կարող ասել, թե ինքը ազատամարտիկ է, որովհետեւ պատերազմին մասնակիցը ըստ էության պատերազմի ժամանակ ապրողն է, այդպիսի բան է պատերազմը, ինչի մասնակիցներից «մի քանիսին» միայն կարելի է անվանել ազատամարտիկ: Սա գիշերը երազում ցեխոտ ու խավար խրամատը տեսնող մարդն է, ով հիշում է, թե ինչպես իր աչքի առջեւ խոցվեց ընկերը, նրա կողքինը, եւս մի քանիսը, թե ինչպես իրենք ազատագրեցին մի ավերակ ու վառված գյուղ եւ տեսան մանուկների դիակների կույտ, որոնց վրա մի կին անգամ չկար կենդանի, որ լացեր, «ստիպված» տղամարդիկ էին սեփական անզորությունից կրկնապատկված ցավից ոռնում... Նա այսքանից հետո, այս ամենի միջով անցած, բայց իր ներսի մարդուն պահպանած «հուշարձանն» է, ազգային, ոչ թե անկախության, այլ ազգային խորհրդանիշը: Նա չի կարող վախենալ մահից, բայց նրան հնարավոր է սպանել:

Իրականում ամեն բան, իհարկե, այսքան վեհ չէ: Բայց երբեք էլ ամեն բան վեհ չի եղել, հակառակ պարագայում վեհ ոչինչ չէր լինի... Անգամ ազատագրումը վեհ չէ, անգամ ազատագրողները կողոպտել են, իսկ կողոպտել են, որովհետեւ պատերազմի ժամանակ դժվար է զատորոշել ազատագրման ու թալանի սահմանագիծը: Հատկապես եթե պատերազմին մասնակցում են ոչ միայն ազատագրելու համար, այլեւ կողոպտելու, անգամ ազատամարտիկի կոչումըՙ ազատամարտիկից, եւ ավելի շատերըՙ հենց սրա համար: Պարզապես պատերազմի ժամանակ մի անգամ իր ազատամարտիկ քեռու մոտ «Վիլիս»-ով մեկնած այն ժամանակ տասներկուամյա պատանին այսօր «ազատամարտիկ» է դարձել: Ու սա բնական է, բնական է նաեւ, որ պատերազմից հետո շատ ազատամարտիկներ պետք է դառնան համայնքի ղեկավարներՙ թույլ կամ ուժեղ, դա էական չէ: Շատերը պետք է հրամանատար դառնան ու բռունցքի, հաճախ էլ ոտքի մեկ հարվածով սպանեն, կոտրեն, ավերեն իրենց դիմաց կանգնած դեռահաս զինվոր պատանուՙ ազատամարտիկի ոգին: Բնական է եւ այն, որ շատերը նրանցից պետք է իրենց անտեսված զգան, շատերը պետք է չտեսնեն այս ամենն էլ, չլինեն էլ, շատերը պետք է հեռանան, մոռացվեն, չմեծարվեն: Ազատագրումը ըստ էության մեծարելու բան էլ չէ, ազատագրումը պահպանելու բան է:

Իսկ ազատամարտիկն ամենեւին ընդհանրական հասկացողություն չէ, մարդկային բնավորության գիծ, տեսակ չէ, քանի որ ազատամարտիկ կարող են լինել տարբեր մարդիկ: Օրինակ, այն կաղ ծերուկըՙ Եռաբլուրի ճանապարհին փող մուրալիս, կարող է եւ ազատամարտիկ լինել, բայց դա ամենեւին չի նշանակում, որ բոլոր ազատամարտիկներն այդ վիճակում են: Մեքենայից իջած բարձրաստիճան սպան, որ փող տվեց ծերուկին, եւս կարող է ազատամարտիկ լինել, տաքսու ամեն ինչից դժգոհ վարորդըՙ նույնպես, սրճարանների ցանցի սեփականատերըՙ եւս, բանակում փողով զինվորին տուն ուղարկող սպան էլ կարող է ազատամարտիկ լինել, Ռուսաստանում պատ շարող տղամարդն էլ... Նրանք շատ են ու տարբեր, ոմանք, ինչպես Ժիրայր Սեֆիլյանն է ասում, «տրվեցին նյութին», եւ հիմա նյութի կարիք չունեն, ոմանք, ինչպես Ժիրայր Սեֆիլյանը, ինչ-որ նոր պայքար ձեռնարկեցինՙ ազդարարելով, որ «ազգային-ազատագրական պատերազմը չի ավարտվել, քանի որ մեր նպատակը միայն հող ազատագրելը չէր, այլ նաեւ արդար Հայաստանի կերտումն էր», ոմանք էլ կարող են հոգնել ամեն օր իրենցՙ «նյութին տրված» մարտական ընկերների ընդունարաններում արդարությանը սպասելուց եւ միանան Սեֆիլյանի «նոր ազգային-ազատագրական պատերազմին»: Բայց սեփական երկրում արդարության հաստատմանն ուղղված գործողությունը չի կարող կոչվել պատերազմ, այլՙ կռիվ է, ինչը խիստ անհրաժեշտ է յուրաքանչյուր երկրի ամեն հասարակության առաջընթացի համար:

Իսկ որոշ ազատամարտիկներ կամ ազատամարտիկ ներկայացողներ (այդպիսիք մեր օրերում ավելի շատ են, քան ազատամարտիկները) Սեֆիլյանի ձեռնարկած «նոր ազգային-ազատագրական պատերազմի» համապատկերում նստացույց են հայտարարել Ազատության հրապարակում: Նրանց պահանջները հիմնականում սոցիալական են, նրանք պահանջում են իրենց հատկացվող կենսաթոշակների բարձրացում, իսկ մի ծերունի` Երեմ Ղուկասյանը, բնակարան է պահանջում «իրեն թալանած պետությունից»: Նստացույց հայտարարածների շարքերում է նաեւ, ինչպես ինքն ասաց` «Սեյրան Օհանյանի մարտական ընկեր», պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, բավական երիտասարդ մի տղամարդ, որը, սակայն, անհասկանալի է, թե ինչո՞ւ է հենց պահեստազորի գնդապետ: Հավանաբար այս ամենը կարեւոր չէ, կարեւորն այն է, որ մուրացկանությունը անարգում է ե՛ւ ուզողին, ե՛ւ տվողին, իսկ ամենակարեւորն այն է, որ Շուշիի ազատագրման կապակցությամբ ավելի շատ մարդ է հերոսության համար պարգեւատրվել, քան Շուշին ազատագրողներն են:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #78, 14-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ