RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#076, 2013-05-09 > #077, 2013-05-10 > #078, 2013-05-14 > #079, 2013-05-15 > #080, 2013-05-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #78, 14-05-2013



Տեղադրվել է` 2013-05-13 23:45:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1095, Տպվել է` 41, Ուղարկվել է էլ.փոստով` 37

ՉԱՓԱԶԱՆՑՎԱԾ ԸՆԿԱԼՈՒՄ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Վագների «Թանհոյզեր» օպերայի նոր մեկնաբանությունը չընդունվեց

Դյուսելդորֆի օպերային թատրոնում մայիսի 9-ինՙ հինգշաբթի երեկոյան համերգայինՙ նվագախմբի եւ երգիչների կատարմամբ է հնչել Վագների «Թանհոյզեր» հանրահայտ օպերան, որ շաբաթՙ մայիսի 4-ին նույն բեմում իր առաջնախաղն էր ունեցելՙ առիթ տալով սուր բանավեճերի: Բեմադրիչ Բուրկհարդ Կոզմինսկին գերմանական միջնադարյան ավանդապատումների հիման վրա 1842-43 թվականներին գրված «Թանհոյզերի» լիբրետտոն «տեղավորել էր» նացիստական ոճրագործության իր հեռադիտակում, բեմադրության մեջ գազախցիկներ, սպանության պատկերներ ներկայացնելով առիթ էր տվել, որ սկսվելուց 30 րոպե անց հանդիսատեսն իր բարձրաձայն բողոքը հայտնի, օպերասերներից 42-ը ներկայացման ժամանակ լքել էր լեփլեցուն դահլիճը, մի քանիսն էլ դիմել էին բժշկիՙ Հոլոքոսթի տեսարանների ծանրությունը չհանդուրժելով:

Թատրոնի տնօրեն Քրիստոֆ Մայերը, ցավ հայտնելով կատարվածի համար, ասել էր, «թե մարդկանց առողջությունը ստեղծագործական ազատությունից վեր է դասում»: 2 ժամ հեռախոսով համոզել է բեմադրիչին փոփոխություններ կատարելՙ հատկապես բեմադրության սուր տեսարաններում, սակայն ապարդյուն: Գերմանիայի Մաննհայմ քաղաքի թատրոնի տնօրեն Կոզմինսկին, որ առաջին անգամ էր օպերա բեմադրում, նախընտրել է ստեղծագործական ազատությունը: Հրեական համայնքը ողջունել է թատրոնի ղեկավարության որոշումը:

Երգիչներն ու դիրիժոր Աքսել Քոբերը, որ բեմադրիչ Սեբաստիան Բաումգարթենի «Թանհոյզերը» ղեկավարելու է նաեւ ամռանըՙ վագներյան ամենամյա տոնին Բայրոյթում, հոտնկայս ծափերի են արժանացել:

Վագների 200-ամյա հոբելյանական այս տարում գերմանական մամուլը միանգամայն սպասելի է համարում, որ անդրադարձ կարվի նաեւ կոմպոզիտորի հակասեմական հայացքներին, նացիստական գաղափարախոսության վրա նրա ունեցած ազդեցությանը: Բայց անընդունելի է համարում, որ բեմադրիչը հենց հիշյալ ռոմանտիկ օպերան բեմադրելիս է փորձում նացիստական մոտիվըՙ հանրության ուշադրությունը սեւեռելով մեղքի եւ ապաշխարության, դահճի եւ զոհի վրա:

Երեկ մեր հարցմանն ի պատասխան դյուսելդորֆցի մի քանի թատերասերներ կարծիք հայտնեցին, թե բեմադրիչն անըմբռնելի աղերսներ էր գտել, նաեւ չափազանցված համարեցին հանդիսատեսի այդչափ «զգայնությունը», ինչպես նշել էինք սկզբում, մի մասը բժշկի դիմելու անհրաժեշտություն է զգացել: Մեր զրուցակիցները դժվարացան պատասխանելՙ «Թատրոնը բեմո՞ւմ է, դահլիճո՞ւմ, թե՞ այդ շենքի պատերից դուրս»: Մեկն էլ արձանագրեց, թե ինքնՙ օրինակ, շաբաթներ առաջ չկարողանալով տոմս գտնել, այդ օրը օգտվել է բոյկոտիցՙ թանկարժեք տոմսը նետելու ցանկություն ունեցած, դահլիճը լքածներից մեկից նվեր ստանալով, դիտել է բեմադրությունը առաջին գործողությունից հետո, չի հասկացել բեմադրիչի մեկնակերպը, բայց եւ փափուկ սիրտը չի էլ վատացել: Նրա ասելովՙ զարմանալի է, որ հասարակությունը հանդուրժում է սարսափ ֆիլմերը, իսկ թատրոնի բեմում տեսած արյունը հոգեբանական խանգարման է հասցնում:

Մեր կարծիքով, թեեւ Գերմանիան Եվրոպայի քարտեզին իր առաջատար լինելու դիրքն ամրապնդում է առաջին հերթին իր ամենօրյա հատուցմամբ, ապաշխարությամբ, բայց հատկապես նեոնացիստների ներկայությունը հասարակության մեջ նորոգում է այլատյացության հանդեպ տածած համակրանքն ու հակակրանքը: Հայ արդի քաղաքական տերմինաբանությամբՙ հարաբերությունները բնականոն չեն դառնում: Այստեղից էլ երեւիՙ Վագների հանդեպ չափազանցված վերաբերմունքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #78, 14-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ