RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#078, 2013-05-14 > #079, 2013-05-15 > #080, 2013-05-16 > #081, 2013-05-17 > #082, 2013-05-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #80, 16-05-2013



ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԱՄՈՒԼ

Տեղադրվել է` 2013-05-16 17:04:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1219, Տպվել է` 43, Ուղարկվել է էլ.փոստով` 50

ՍԻՐԻԱ. ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Թարգմ. Հ. Ծ.

Խմբագրությունը լիբանանահայ ասմունքող Հակոբ Գույումճյանից վերոնշյալ խորագրով հոդվածն է ստացել որպես «հետաքրքրական եւ այժմեական», գրված Րիմ Հադդադի կողմից եւ տպագրված Ամերիկայի «լավագույն քաղաքական տեղեկատու» համարվող «Counter Punch» («Հակահարված») պարբերականի մայիսի 3-5-ի շաբաթավերջյան համարում: Րիմ Հադդադը Սիրիայի կառավարության մամուլի գրասենյակի անգլերեն լեզվով հաղորդագրությունների գլխավոր խոսնակն է: Գրականության գծով մագիստրոսի աստիճան է ստացել Օքսֆորդ համալսարանից եւ հայտնի է որպես սիրիական կառավարության անխոնջ պաշտպան: Ստորեւՙ թարգմանաբար նրա հոդվածը:

Շատ էր նիհարել, եւ աչքերում հալածվածի արտահայտությունը նշմարելի էր: Կորցրել էր տունը, իր ամբողջ պարունակությամբ, ինչպես շատ սիրիացիներ, որոնք միեւնույն ճակատագրին էին արժանացել: Տունը Ջոբարում էրՙ Դամասկոսի ծայրամասային թեժ կետերից մեկում, եւ ինքը տեսել էր, թե ինչպես զինված մարդիկ զենքերը ճոճելով լկտիաբար շրջում են հարեւան փողոցում: Նա այդ մասին տեղեկացրել էր փողոցի անկյունում գտնվող շտաբի ներկայացուցիչներին, բայց վերջիններս անտեղի էին համարել միջամտել: Հանկարծ մի փամփուշտ անցավ իր ննջարանի պատուհանի մոտ կանգնած եղբոր կողքով: Որոշեցին դուրս գալ տնից եւ հեռանալ, մինչեւ կհանդարտվեր տարածքը: Բայց նրանց մտքով անգամ չէր անցնում, որ այլեւս երբեք իրենց տանը չեն գիշերելու:

Օրեր անց շտաբից մի զինվոր նրանց հայտնեց, որ այդ զինված տղամարդիկ իրենց տունը մտնելով ամբողջովին թալանել են: Տարել էին ամեն ինչ, որ արժեք ուներ, եւ որ երկար տարիների տքնաջան աշխատանքի արդյունքն էր: Տունը կորել էր ընդմիշտ: Սիրիական բանակի զինվորները որոշ բաներ կարողացել էին փրկել եւ հանձնել նրանց: Երկու շաբաթ անց նրանք տեղեկացան, որ իրենց տունն օգտագործվում է որպես ապստամբների կենտրոնակայան: Եղածից ոչինչ չէր մնացել, ոչ տուն, ոչ հանգստություն, ոչ իսկ հիշողություն:

Այս ամբողջ պատմության մեջ ցավալին այն է, որ այդ տիկնոջ նախնիները Սիրիա էին եկել ապաստարան գտնելու: Նրանց հետապնդել եւ կոտորել էին թուրքերը: Նրանք օրերով անվերջ քայլել էին անապատային ճանապարհներով, մինչեւ Սիրիա էին հասել: Սիրիան գրկաբաց ընդունել էր նրանց, եւ նրանք իրոք դարձել էին սիրիական մոզաիկայի անքակտելի մասնիկը:

Այդ մարդիկ Սիրիայի հայերն են, իսկ տիկինըՙ Երադո Գրիգորյանը, հայկական ծագումով մի սիրիացի, որ աշխատում է Սիրիայի արաբական հեռուստատեսությունում: Հայերը շատ երկար էին տառապել Օսմանյան կայսրության լծի ներքո եւ Թուրքիայի կողմից հարատեւորեն ժխտվող կոտորածներից փախչելով ապաստան էին գտել հարեւան Սիրիայում:

Սիրիայում ապրող հայերը սերտորեն միահյուսված համայնքային կյանք են վարում: Աշխատասեր են, արհեստավարժ եւ բոլորն էլ իրենց հոգու խորքում պահպանում են դեռեւս թուրքերի պատճառած սպիները:

Մեկ ուրիշ սիրիահայ, Դամասկոսի համալսարանի դասախոս Ժակը, հայերեն այդպես էլ չէր սովորել: Հայրը վախեցել էր, որ հայերեն սովորելով ազգային հպարտության զգացմունքներ կարթնանան որդու մեջ եւ նա վրեժխնդիր կլինի: Թուրքերի թողած սպին այնքան խորն էր, որ հայրը չէր ցանկացել նման ռիսկի դիմել:

Իսկ այժմ հայերը միեւնույն կոտրած տաշտակի առաջ են կանգնած եւ ստիպված են փախչել այն երկրից, որն իրենց սիրել եւ հյուրընկալել էր: Զինված խմբավորումների թիրախը դառնալովՙ նրանցից ոմանք այլ ընտրություն չունեն, քան Հայաստան տեղափոխվելը: Նրանք այդ քայլին են դիմում ծանրացած սրտով եւ հույս ունեն, որ շուտով կվերադառնան: Հայաստանի կառավարությունը հատուկ կարգադրությամբ թույլատրել է, որ հայկական դպրոցներում սիրիահայ երեխաները սովորեն սիրիական ուսումնական ծրագրերով: Նրանք իրենց հետ սիրիական դասագրքեր են տարել Հայաստան, որպեսզի վերադարձին հետ չընկնեն իրենց տեղացի ընկերներից: Նրանք ցանկանում են վերադառնալ:

Հուսանք, որ նրանց ցանկությունը շուտով իրականություն կդառնա, եւ նրանք դարձյալ կհարստացնեն սիրիական մոզաիկան: Ով գիտի, գուցե մի օր էլ Երադոն նույնպես վերադառնա Ջոբարում գտնվող սեւացած պատերով եւ ջարդված ապակիներով իր տունը: Իսկ Ժակը այնքան ապահով ու անվտանգ կզգա իրեն այստեղ, որ իր զավակներին կսովորեցնի հայոց լեզուն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #80, 16-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ