RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#080, 2013-05-16 > #081, 2013-05-17 > #082, 2013-05-18 > #083, 2013-05-21 > #084, 2013-05-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #82, 18-05-2013



Տեղադրվել է` 2013-05-18 00:10:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 2034, Տպվել է` 80, Ուղարկվել է էլ.փոստով` 76

ՕԲԱՄԱ-ԷՐԴՈՂԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆՆ ԱՐԾԱՐԾՎԵԼ Է ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Սակայն Սիրիայի քաղաքական զարգացումները եղել են քննարկման առանցքային խնդիրը

Ինչպես տեղեկացրել էինք նախորդ համարներում, մայիսի 16-ին Սպիտակ տանը նախագահ Բարաք Օբաման ընդունեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Էրդողանն էլ վերջերս պաշտոնականի տեղ էր ընդունել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի բանավոր անհասցե ներողությունը, այլապես նա չէր արժանանա այդ հանդիպմանը, որին ավելի քան 4 ամիս սպասում էր:

Օբամա-Էրդողան հանդիպումը ծրագրված էր 2 ժամ 15 րոպե, տեւել է 2,5 ժամ: Թուրքական կառավարամետ լրատվամիջոցները հանդիպման նշանակությունը կարեւորելու համար տեւողությունը դարձնում են 3 ժամ: Այդ ընթացքում, իհարկե, նրանց ուշադրությունից վրիպում է նախագահ Օբամայի ելույթը հեռարձակող ամերիկյան հեռուստաալիքների արարքը, որոնք վարչապետ Էրդողանի ելույթի ժամանակ ուղիղ եթերում Սպիտակ տնից հեռարձակվող հաղորդումը ընդհատել եւ ընթացիկ լուրեր են հաղորդել: Ավելին, նրանք հարկ չեն համարել անգլերեն թարգմանել Էրդողանի ելույթը, ոչ էլ հաղորդել են թուրք լրագրողների հարցերը, միանալով Սպիտակ տուն միայն այն ժամանակ, երբ հարցերին պատասխանել է ԱՄՆ նախագահը:

Նույն օրը երեկոյան Օբաման աշխատանքային ընթրիքի սեղանին մեկ անգամ եւս հանդիպել է Էրդողանին: Ընթրիքին ամերիկյան կողմից ներկա են եղել նաեւ պետքարտուղար Ջոն Քերրին ու նրա հետախուզության գծով խորհրդականը: Իսկ թուրքական կողմը բացի վարչապետից ներկայացրել են արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն եւ Ազգային հետախուզական կազմակերպությանՙ MIT-ի ղեկավար Հաքան Ֆիդանը: Ի դեպ, վերջինը մինչ այդ թուրքական պատվիրակության կազմում մասնակցել էր Օբամայի հետ հանդիպմանը:

Աննախադեպ այս երեւույթը, այսինքնՙ Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարի ներգրավումը պատվիրակության կազմում թերեւս պայմանավորված պետք է լինի PKK-ականների Թուրքիայից հեռացման եւ Ռեյհանլիի պայթյունների մութ ծալքերով եւ հատկապես այն ապացույցներով, թուրքական կողմը իբր ունի Սիրիայում խաղաղ բնակչության դեմ Ասադի վարչակարգի օգտագործած քիմիական զենքի մասին:

Թուրքական հեռուստաալիքները, ի տարբերություն ամերիկյանների, ուղիղ եթերում հեռարձակեցին Օբամա-Էրդողան համատեղ ասուլիսըՙ ելույթներով հանդերձ: Մինչ ելույթներին անդրադառնալը նշենք, որ Էրդողանը Վաշինգտոն ուղեւորվելուց առաջ Անկարայի օդանավակայանում հայտարարել էր. «Մ. Նահանգները մեզ պահանջ չի ներկայացնի, մենք ենք ներկայացնելու»: Ի՞նչ պահանջ: Հարցին թերեւս պատասխանում է Օբամայի ելույթը:

Օբաման ելույթում գովեստի խոսքեր ուղղեց Էրդողանին, անվանելով «եղբայր», կարեւորեց վերջինի այցի նշանակությունը թուրք-ամերիկյան հարաբերություններում, ցավակցություն հայտնեց Ռեյհանլիի ահաբեկչության առնչությամբ, գոհունակությամբ նշեց սիրիացի փախստականներին սրտաբաց ընդունելու Թուրքիայի արարքը, խոստացավ շարունակել օգնությունըՙ թեթեւացնելու համար այդ բեռը, եւ ավելացրեց. «Շարունակելու ենք մեր ջանքերը այն Սիրիայի կերտման համար, որտեղ չի լինի Բաշար Ասադը: Իշխանությունից Ասադի հեռացման հարցում համամիտ ենք: Պայքարելու ենք Ասադից անկախ Սիրիայի համար, դա բխում է բոլոր ազգերի շահերից»:

Վարչապետ Էրդողանն էլ ջերմ ընդունելության համար շնորհակալություն հայտնեց ԱՄՆ նախագահին, ասաց, որ հասկանում է Օբամայիՙ Բենգազիում ամերիկյան 4 դիվանագետի սպանությունից բխող վրդովմունքը, ապա շարունակեց. «Սիրիայի հետ կապված ծրագրերի առումով համընկնում են մեր տեսակետները: Սիրիայում արյունահեղությանը վերջ տալու հարցում ԱՄՆ-ի հետ կատարյալ համաձայնության ենք եկել: Ահաբեկչական կազմակերպությունների գործունեության դադարեցումն ու քիմիական զենքի օգտագործման կանխարգելումը Սիրիայում մեր ընդհանուր առաջնահերթություններից են»:

Ելույթին հետեւեցին հարցերը: Ամերիկացի լրագրողները բացառապես Օբամային էին հարցեր ուղղում, ընդ որումՙ միայն մեկը Սիրիայի մասին հարցրեց, մնացածների հարցերը կապված էին ներքաղաքական խնդիրների հետ: Նրանցից ոչ մեկի շուրթերից չհնչեց «Թուրքիա» բառը, միայն մեկը հարց տվեց Էրդողանին, այն էլՙ պայմանավորված Գազա այցով, եւ Էրդողանը պատասխանեց, որ հունիսին է պատրաստվում մեկնել, որտեղից անցնելու է Այսրհորդանան:

Ինչ վերաբերում է թուրք լրագրողներին, ապա նրանք էլ Սիրիայում քիմիական զենքի օգտագործման եւ Ասադի վարչակարգից հեռացման մասին հարցրեցին: Նախագահ Օբաման առաջին հարցի առնչությամբ ասաց. «Մեր հետախուզությունը շարունակում է տեղեկություններ հավաքել: Մենք պետք է մանրամասն եւ հստակ տվյալներ ունենանք քիմիական զենքի հարցում: Պետք է զորեղացնել ընդդիմությանը, որ ի վիճակի լինի պայքարել Ասադի դեմ: Այդ դեպքում Ասադը կզգա հեռանալու անհրաժեշտությունը: Սակայն ԱՄՆ-ն դա չի կարող միայնակ իրականացնել: Սիրիայի հարցում ԱՄՆ-ն մտադիր չէ դիմել միակողմանի քայլերի»:

Գալով նախագահ Ասադի հեռացմանըՙ ԱՄՆ նախագահը ասաց, որ Ասադը կորցրել է լեգիտիմությունը, սեփական ժողովրդին է սպանում, եւ ավելացրեց. «Չունենք իշխանությունից Ասադին հեռացնելու կախարդական բաղադրատոմս, որքան շուտ հեռանա, այնքանՙ լավ: Կուժեղացնենք միջազգային ճնշումներն ու կշարունակենք աջակցել ընդդիմությանը»:

Մինչդեռ վարչապետ Էրդողանը Վաշինգտոն էր մեկնել նախագահ Ասադին ռազմական գործողությունների միջոցով շուտափույթ տապալելու հարցում ԱՄՆ-ին համոզելու համար, նույնիսկ իր հետ տանելով Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարին, որ նախագահ Օբամային ներկայացնի Սիրիայում գործող վարչակարգի խաղաղ բնակչության դեմ իբր օգտագործած քիմիական զենքին առնչվող ապացույցները: Այլ կերպ, վարչապետ Էրդողանը չհասավ նպատակին:

Գալով Հայաստանի հարցի արծարծմանըՙ Էրդողանը ելույթում Ադրբեջանի հետ նշեց նաեւ Հայաստանի անունը, այն էլՙ Հարավային Կովկասի ենթատեքստում: Մանրամասները թուրքական NTV-ի էկրանից հայտնեց հանդիպմանը պատվիրակության կազմում մասնակցած Մեւլութ Չավուշօղլուն, որը Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության փոխնախագահն է: Նա ասաց. «Մենք ոչ մի անգամ միայնակ չենք թողել Ադրբեջանին: Հաշտեցման համար Հայաստանը պետք է դուրս գա օկուպացրած տարածքներից: Մեր մեծարգո վարչապետն այս հարցը մշտապես բարձրացրել է միջազգային ֆորումներում, բարձրացրեց նաեւ նախագահ Օբամայի հետ հանդիպմանը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #82, 18-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ