RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#080, 2013-05-16 > #081, 2013-05-17 > #082, 2013-05-18 > #083, 2013-05-21 > #084, 2013-05-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #82, 18-05-2013



Անկարա-Վաշինգտոն

Տեղադրվել է` 2013-05-18 00:10:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1626, Տպվել է` 83, Ուղարկվել է էլ.փոստով` 40

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՂԹԱԿԱՆ ԱՅՑԸ ՎԱՇԻՆԳՏՈՆ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Ճիշտ է ասել անգլիացի պատմաբան եւ գրող Լորդ Եքթոնը, որ ուժը, իշխանությունը հակված է կոռումպացնելու, իսկ բացարձակ իշխանությունըՙ ամբողջապես կոռումպացնելու (մարդուն): Այս խոսքերի ճշմարտությունը ցույց տալու համար ավելի վառ օրինակ չենք կարող գտնել, քան Վաշինգտոնում իշխանության ղեկին կանգնած երկու քաղաքական գործիչներիՙ նախագահ Օբամայի եւ պետքարտուղար Ջոն Քերրիի անունների հիշատակումը:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Վաշինգտոն կատարած այցի նախօրեին, նրանք ի պատիվ նրան, ազատվեցին իրենց համար երկրորդական թվացող պարտավորություններից հանդեպ հայերի եւ Հայոց ցեղասպանության: Այնինչ սենատում եղած ժամանակ երկուսն էլ շատ մարդասիրական եւ բարոյական հիմքերի վրա էին կանգնած: Քերրին քաջատեղյակ է հայերի հանդեպ կատարվածից եւ երբեմն նույնիսկ ամենահուզիչ արտահայտություններ է արել ի նպաստ Ցեղասպանության պաշտոնական ճանաչման: Այդուհանդերձ, Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ վերջին շրջանում ընթացող մաքոքային դիվանագիտության շրջանակներում նա գովաբանում է Թուրքիայի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության դրական հանգուցալուծման գործում:

Եվ նա անթաքույց է խոսում այդ մասին, մոռանալով Թուրքիայի կողմից արդեն երկար ժամանակ շարունակվող անօրինական շրջափակման մասին: Ինչ վերաբերում է Օբամային, նա այս տարի էլ կրկնեց «Մեծ եղեռն» եզրը ապրիլի 24-ի առթիվ արտասանած իր ճառի ընթացքում: Նա նաեւ շարունակում է բաց պահել Բուշ-Չեյնիի ժամանակներից Մ. Նահանգների համար խարան դարձած Գուանտանամոն, որը ժողովրդավարության եւ մարդու իրավունքների խախտման վառ օրինակ է:

Օբաման Թուրքիային շատ ավելին է տվել, քան վերջինս ակնկալում էր, որովհետեւ քաղաքական գետնի վրա հայկական հարցն ու իրավունքները նվազ նշանակություն ունեն նրա համար: Նա առանց այն էլ զգալիորեն նվազեցրել էր Հայաստանին տրվող Մ. Նահանգների օժանդակությունը, իսկ այժմ մի նոր իրավական նվեր է մատուցում Էրդողանին արծաթե սկուտեղի վրա, պահանջելով Ամերիկայի Գերագույն դատարանից ընթացք չտալ 9-րդ դատական օկրուգի 2012-ի հայցին, որով նախատեսվում էր ընդլայնել Ցեղասպանության զոհերի ապահովագրական պոլիսների իրավասությունները: Արդարությունը ոտնատակ անելու նպատակով դատավորների վրա ճնշում գործադրելը երրորդ աշխարհի երկրներին է հատուկ: Եթե դա անհատ քաղաքացու կողմից կատարված լիներ, կորակվեր որպես արդարության խախտում: Վարչակազմը փաստորեն իր այդ քայլով միջամտում է վճիռ կայացնելու գերագույն դատարանի գործընթացին:

Էրդողանին նախատեսված էր ամենաբարձր մակարդակի ընդունելություն որպես նախագահ Օբամայի պաշտոնական հյուրի: Քննարկումների օրակարգում Սիրիան անշուշտ գերակայող թեման էր: Իսկ մյուս թեմաների շարքումՙ երկխոսություն քրդական փոքրամասնության հետ, Իսրայելի հետ Թուրքիայի հարաբերությունները, Թուրքիայի գործարարական քաղաքականությունը Իրանի հետ եւ Իրաքում անկախ Քուրդիստանի ձեւավորումը: Թուրքիան մինչ օրս վախենում էր նման իրավիճակից, բայց այժմ զարմանալիորեն ողջունում է դրա գոյառումըՙ նպատակ ունենալով ապակայունացնել Իրաքի վարչապետ Մալիքիի դիրքերը:

Քաղաքական օրակարգի վերանայումը մեզ արդեն ստիպում էր կասկածի տակ առնել, թե Օբաման երբեւէ էրդողանին կհիշեցնի իր տխուր անցյալի հետ հաշտվելու հորդորը, որը նա Թուրքիա կատարած իր այցի ժամանակ կատարել էր Թուրքիայի խորհրդարանում:

Էրդողանին նման շքեղությամբ ընդունում են, որովհետեւ արյունոտ ձեռքերով է գալիս: Նա գլխավոր դերակատարն է մի ամբողջ ինքնիշխան երկրիՙ Սիրիայի ապակայունացման գործում: Սիրիան հրաժարվում է խոնարհվել: Նա առաջվա նման շարունակում է պաշտպանել պաղեստինցիների իրավունքը եւ Թուրքիայից ու Իսրայելից պահանջել համապատասխանաբար 1939-ին եւ 1967-ին առգրավված Ալեքսանդրետի Սանջակն ու Գոլանի բարձրունքները: Հաթայի շրջանում գտնվող հիմնականում արաբներով եւ ալավիներով բնակեցված Ռեյհանլի գավառի պայթյունները, որոնց հետեւանքում սպանվեց 46 մարդ եւ վիրավորվեց ավելի քան 100-ը, կարող են զգուշացում լինել Սիրիայում ռազմական գործողություններ ծավալելուն նպաստող միջազգային բարենպաստ մթնոլորտ ստեղծելու համար: Դավութօղլուի եւ արեւմուտքի համար հարմար առիթ է, որ դրանում Ասադի վարչակարգին մեղադրեն: Եթե դրան գումարենք նաեւ «քիմիական զենքի օգտագործման» թմբկահարումը, ապա պատերազմն անխուսափելի կդառնա:

Որպես արեւմուտքի լիազոր ներկայացուցիչը Մերձավոր Արեւելքում Թուրքիան շրջանային հզոր պետության կարգավիճակն է ձեռք բերել, այն էլ անկախ գործելու իրավունքով: Այդ կարգավիճակը սահմանափակում է Հայաստանի շարժումները: Այդ պատճառով էլ Էրդողանի Վաշինգտոն այցելության ժամանակ ոչ ոք նրան չհիշեցրեց վերացնել Հայաստանի շրջափակումը:

Թուրքերը նաեւ արդեն ծրագրել են 2015-ին ցեղասպանության հարյուրամյակը դիմավորելու իրենց տարբերակը: Ինչպես նշում է Ռոբերտ Ֆիսքը «Ինդիփենդենտ» թերթի մայիսի 12-ի համարում, Դավութօղլուի հայտարարությունը բացահայտ ասում է. «Մենք 2015 թվականը դարձնելու ենք ոչ թե ինչ-որ մի ցեղասպանություն, ինչպես որոշ մարդիկ պնդում են, այլ Գալիպոլիում մեր ժողովրդի փառավոր պաշտպանության տարեդարձը»:

Հաշտեցման կամ զղջումի ոչ մի ակնարկ: Թուրքիան մտադրվում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը խեղդել Գալիպոլիում տարված կասկածելի հաղթանակի թմբկահարումով: Կասկածելի, որովհետեւ մինչ օրս առեղծված է, թե ինչպես փլուզվող Օսմանյան կայսրության բանակը կարողացավ հաղթել Ուինսթոն Չերչիլի հրամանատարության տակ գործող բրիտանա-ֆրանսիական զորքին: Ենթադրություններ կան, որ Բրիտանիան դավաճանեց իր բանակին, որպեսզի խոչընդոտի Ռուսաստանի մուտքը դեպի Միջերկրական ծովը եւ հատկապես Բոսֆորի նեղուցը:

Հայերս կարող էինք Վաշինգտոնում Էրդողանի կարմիր գորգի վրայով հաղթական քայլքը դիմավորել զանգվածային հանրահավաքով եւ «ճանաչիր ցեղասպանությունը», «վերացրու շրջափակումը» կամ «արյունոտ ձեռքներդ հեռու Սիրիայից» պաստառներով: Բայց նախընտրել ենք ավելի հանգիստ, «բազկաթոռային դիվանագիտությունը», որին գալիս է ավելանալու անավարտ մնացած Վաշինգտոնի Հայոց ցեղասպանության թանգարանի խրթին հարցը:

Էրդողանը երեւի մտածելու է, որ «եթե սա է ամերիկահայերի քաղաքական ուժը, ապա ես կարող եմ հաղթականորեն քայլել ոչ միայն կարմիր գորգի, այլեւ 1,5 միլիոն հայերի ոսկորների վրայով»:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ.ՙ Հ. Ծ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #82, 18-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ