RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#080, 2013-05-16 > #081, 2013-05-17 > #082, 2013-05-18 > #083, 2013-05-21 > #084, 2013-05-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #82, 18-05-2013



Տեղադրվել է` 2013-05-18 00:10:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1876, Տպվել է` 73, Ուղարկվել է էլ.փոստով` 70

ՎԻՃԱԿՆ ԱՀԱԳՆԱՑՈՂ Է, ԲԱՅՑ ՈՉ... ԽՈՒՃԱՊԱՅԻՆ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ, Ավստրիա, Գրաց

Հայերիս որոշ մասի մեջ տարօրինակ մի զգացում կաՙ Հայաստանը փոքր երկիր համարել, հայերիս էլ սակավաթիվ հռչակել: Անշուշտ, տողերիս հեղինակն էլ դեմ չէ իր հայրենին 300 հազար քառակուսի կիլոմետր տարածքով, բնակչությունն էլ երկնիշ միլիոններով տեսնել: Վստահ եմՙ մի օր կունենանք այդ երկիրը: Հարց է այն, թե այսօր ինչ ենք անում երազ երկրին հասնելու ժամանակը հնարավորինս մոտեցնելու առումով:

Մերօրյա հայը այսօրինակ մտորումների մշտապես է տրվում, փորձում մեր առջեւ ծագող խնդիրների կանխման ու լուծման միջոցով նաեւ կանխատեսելի դարձնել առաջիկան: Մայիսյան եռատոնի օրերին էլ մտահոգություններն իրենց արտահայտությունը գտան, որին ակտիվորեն հետեւում էին արտերկրներում հանգրվանած մեր միլիոնավոր հայրենակիցները: ՀՀ մշտական բնակչիս, որը վերջին տարիներին շաբաթներ ձգվող ժամանակահատվածներով եղել է ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, ասել է թե հանդիպել է մեր հայրենակիցներին ու լսել նրանց, մտահոգում է ոչ այնքան յուրօրինակ արտահայտվելու ցանկությունը, որքան արտահայտչաձեւը. ինչքանո՞վ են տեղին «երկրում մարդ չի մնա», բանակի խնդիրներ կունենանք, եւ համանման կարծիքները: Իհարկե, այսօրվա Հայաստանն այն բնակատեղին չէ, որը 10-12 մլն հայերից յուրաքանչյուրը պատրաստ է իր հանգրվանը համարել, ուր իրեն հանգիստ ու ապահով կզգա: Բայց ընդունենք նաեւ, որ միայն այսօրվա Հայաստանում է որ լիարժեք հայկական կյանք կա, մշակութային ու մարզական, կրթական ու գիտական միջավայր է ստեղծվում, ակնթարթը հայկականությամբ է շնչում: Եվ հանկարծ, արբանյակային հեռուստատեսությամբ, ճոխ սեղանների առջեւ հայաստանյան հաղորդումներ ու բանավեճեր դիտող մեր հայրենակիցը լսում է, թե մենք ոչ միայն փոքր ազգ ու երկիր ենք, այլեւ աղքատ է մեր ընդերքը եւ նման բաներ: Ի՞նչ մտածի նա: Հավանաբար նման մի պահի է մերօրյա Չինաստանի վերափոխիչ Դեն Սյաոպինն ասել, թե քամի փչելու պարագայում ոչ թե պատ շարելու մասին է պետք մտածել, այլ հողմակներ տեղադրելու: Կենսափորձս իրավունք է տալիս նշելու, որ ներկա Հայաստանի հիմնախնդիրները յուրօրինակ ձեւով բարձրաձայնելու մեջ հատկապես առանձնանում են որոշակի ոլորտներում հաստատվելու փորձ անողները, որոնց թվում են նաեւ լրագրության ներկայացուցիչներ: Նրանցից մեկն, օրինակ, որը եռատոնի առիթով բանավեճային հաղորդում էր վարում, մշտապես հիշեցնում էր, որ հայերս արցախյան պատերազմում մեզ տասնապատիկ գերազանցող հակառակորդին հաղթեցինք մեր բարոյականության ուժով, որն արտագաղթի ներկա պայմաններում հնարավոր չէ պահպանել: Թե ինչքանով է արդարացված նման մոտեցումը, փորձենք ներկայացնել փաստերի օգնությամբ, բնավ չմոռանալով արտագաղթը ժամ առաջ կանխելու հրամայականը:

1980-ականների վերջերին Ադրբեջանի բնակչությունը 5,5 մլն էր, որից մոտ 500-հազարական ռուսներին ու հայերին եւ մյուս այլազգիներին հանելուց հետո ազերի էին 4 մլն-ը: Հայերս տարածաշրջանում, որտեղից բազմաբնույթ մասնակցություն ապահովվեց, 4,5 մլն էինք: Վստահ եմ, առավել նպաստավոր դիրքի առումով սա է անհրաժեշտ փաստարկել, քանզի ինչքան էլ մեր դեմ հոխորտացողներն իրենց ինչ-ինչ գործառույթները նշեն, տարածաշրջանում հայկական գործոնը շարունակում է ազդեցիկ մնալ. թե՛ ֆինանսական, թե՛ մարդկային, թե՛ համակրանքի ու վստահության առումներով հայերս բավարար ներուժ ունենք, եւ մեր դեմ իրոք խաղ չկա: Այնպես որ ոմանց խուճապայինի մոտեցող տրամադրությունները հարկ է զուգահեռել այլ գործոնների վրա հիմնված իրողությունները փաստարկելով:

Հաճախ է արծարծվում ընդերքի հարցը, որակվում մեր խնդրահարույց տնտեսության կայացման հիմնական խոչընդոտներից մեկը: Կարծես դիտավորյալ չի նշվում, որ նավթ ու գազով հարուստ չեն նաեւ մեր մոլորակի 100-ից ավելի համեմատաբար բարվոք կենցաղ ունեցող երկրները, հենց թեկուզ Եվրոպան, որի մասնակի անդամ է Հայաստանը: Տարօրինակորեն չի փաստվում, որ այդ նավթն ու գազն ունեցող երկրներն էլ կախված են հզոր տնտեսություն ունեցողներից, ուր էներգակիրներին այլընտրանք է փնտրվում: Հյուրընկալ Ավստրիան էլ է օգտվում ռուսական գազից, որի տեսակարար կշիռը 1 բնակչի հաշվով 8000 կվտ.ժամ տարեկան ցուցանիշի մեջ անհանգստացնող չէ: Ինչո՞ւ. որովհետեւ Ավստրիայում գործում են տանիքներին տեղադրված տասնյակհազարավոր արեւային ջրատաքացուցիչներ, էլեկտրաէներգիա են արտադրում երկրով մեկ սփռված հողմակները, ավտոբուսներն աշխատում են «բիոէներգիա» կոչվող վառելիքով, տները տաքացվում են ընդերքի տաք ջրերի օգնությամբ... Երկրաստեղծ այս ոլորտում գործելու փոխարեն մեզանում ընդունված է Հայաստանը էլեկտրաէներգետիկ առումով ինքնաբավ համարել, երբ ներկրվող էներգակիրների միջոցով աշխատող առկա բոլոր էներգահզորություններն առավելագույն ձեւով շահագործելու պարագայում 1 բնակչի հաշվով հազիվ 3000 կվտ.ժամ էլհոսանք կարելի է ստանալ: Բավական է մի քանի արդյունաբերական հսկաներ աշխատեն, եւ մենք կենցաղում խնդիրներ կունենանք:

Եվ վերջում նշեմ ՀՀ բնակչության 2050 թվականի կանխատեսվող թվի մասին: Ըստ ԱՄՆ-ում լույս տեսնող «Համաշխարհային փաստեր. 2013» տեղեկատուի, որտեղ օգտագործվել են ոլորտի միջազգային 6 կազմակերպությունների վերլուծությունները, ՀՀ բնակչության առումով նշված է 3 մլն մարդ: Թերեւս այս քանակին մոտ կլինի նաեւ մեր հայրենակիցների թիվը մերձակա երկրներում: Արժե ուշադրություն դարձնել նաեւ տեղեկատուի մի հրապարակմանը. ներկայումս հայերեն խոսում են աշխարհի 30 երկրներում ապրող 6 մլն հայեր, երբ ազերիների դեպքում թվերը համապատասխանաբար 10 երկիր եւ 7 մլն են:

Նորանկախ Հայաստանում խնդիրներն անշուշտ շատ են, սպասվածից առավել շատ: Մենք պարտադրված ենք դրանք լուծել, ինչքան էլ վիճակն ահագնացող ու խուճապային լինի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #82, 18-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ