RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#081, 2013-05-17 > #082, 2013-05-18 > #083, 2013-05-21 > #084, 2013-05-22 > #085, 2013-05-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #83, 21-05-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-05-20 23:40:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 2097, Տպվել է` 79, Ուղարկվել է էլ.փոստով` 75

«ՏԱՇԻՐ 2013»-Ը ԼԵՑՈՒՆ ԷՐ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐՈՎ ԵՎ ՇՈՈՒԲԻԶՆԵՍԻ ԵՐԿՆԱԿԱՄԱՐՈՒՄ ՇՈՂՇՈՂԱՑՈՂ ՆՈՐ ԱՍՏՂԵՐՈՎ

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվա

Մայիսի 18-ին Մոսկվայի Կրեմլի դահլիճում մեծ շուքով եւ հանդիսավորությամբ կայացավ «Տաշիր 2013» ամենամյա երաժշտական ութերորդ մրցանակաբաշխությունը:

2006 թվականից ի վեր յուրաքանչյուր անգամ երաժշտական այս անկրկնելի տոնահանդեսը Ռուսաստանի ամենահեղինակավոր բեմերից ներկայանում է ինքնատիպ եւ յուրահատուկ շոու-ծրագրովՙ մեկ համերգային երեկոյի ընթացքում մեկ հարկի տակ համախմբելով ինչպես հայկական, այնպես էլ միջազգային էստրադայի ամենահայտնի եւ հանրության կողմից սիրելի արտիստներին:

Այս տարին նույնպես բացառություն չէր, եւ ավանդական դարձած այս տոնահանդեսի հազարավոր երկրպագուներ վերստին համոզվեցին, որ «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը, տաղանդավոր գործարար լինելուց բացի, նաեւ արվեստ սիրող ու գնահատող անձնավորություն է, հարուստ ներաշխարհով լի ստեղծագործ մարդ: Ամենավառ վկայությունը արդեն ութ տարի շարունակ մեծ շուքով անցկացվող այս մրցանակաբաշխությունն է, որը, ի դեպ, մտահղացել է հենց ինքը: Եվ ավելորդ չէ նշել, որ Սամվել Կարապետյանի նպատակը դարձյալ սերն է հայրենիքի ու Հայաստան աշխարհի մշակույթի հանդեպ, նա ցանկանում է, որ հայ մշակույթը մշտապես լսելի ու տեսանելի լինի մեծ բեմերում եւ ավելի ու ավելի շատ մարդիկ ճանաչեն մեզ, ցանկանում է, որ այդ մրցանակաբաշխությունների ընթացքում մեծարվեն բոլոր այն արտիստները, ովքեր իրենց կյանքի ընթացքում հայկական մշակույթը զարգացնելու եւ ամբողջ աշխարհում ներկայացնելու մեջ ներդրում են ունեցել: Ամեն տարի «Տաշիր»-ի փառատոներին մասնակցում են նաեւ համաշխարհային աստղեր, որը նույնպես Կարապետյանի մտահղացումներից է: Իսկ մայիսի 18-ին «Տաշիր 2013՚-ը հերթական անգամ լեցուն էր անակնկալներով եւ շոուբիզնեսի երկնակամարում շողշողող նոր աստղերով:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան աշխարհահռչակ երգիչ Էնրիկե Իգլեսիասը, «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլի մենակատարներ Պատրիկ Ֆիորին եւ Էլեն Սեգարան, ինչպես նաեւ ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ Նիկոլայ Բասկովը, Քրիստինա Օրբակայտեն, Սոֆիա Ռոտարուն, Ավրաամ Ռուսոն, Լյուբով Ուսպենսկայան: Հայաստանից մրցանակաբաշխությանը մասնակցում էին Ջիվան Գասպարյանը, Ռազմիկ Ամյանը, Սիրուշոն, Արման Հովհաննիսյանը, Քրիստինե Պեպելյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Արտո Թունջբոյաջյանի ղեկավարած Armenian Navy Band խումբը եւ այլք:

«Տաշիր 2013» մրթանակաբաշխությունում «Լավագույն երգչուհի» անվանակարգում հաղթեց Սիրուշոն, «Լավագույն երգիչ» ճանաչվեց Ռազմիկ Ամյանը, իսկ «Տարվա զուգերգ»ՙ Արման Հովհաննիսյանի ու Քրիստինե Պեպելյանի կատարումը: «Հայաստանի ընկեր» անվանակարգում հաղթող ճանաչվեց Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչը: «Հատուկ մրցանակի» արժանացավ «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող Մերի Մնջոյանը: «Հատուկ մրցանակ» շնորհվեց նաեւ Թաթա Սիմոնյանին: «Ամենապատանի մասնակից» ճանաչվեց Անգելինա Գասպարյանը:

Բոլոր անվանակարգերի հաղթողներն արժանացան «Տաշիր 2013» խորհրդանիշը հանդիսացող փոքրիկ հուշանվերի:

Համերգի արդյունքում հավաքված ֆինանսական միջոցները, ինչպես եւ խոստացել էին կազմակերպիչները, կուղղվեն Հայաստանի մանկական հիմնադրամներին` ինչ որ չափով մեղմելու ճակատագրի բերումով ոչ նպաստավոր պայմաններում հայտնված մեր փոքրիկ, տարաբախտ հայրենակիցների հոգսերը...

Երեկոյի ընթացքում, երաժշտական կատարումներից բացի, հնչեցին նաեւ ողջերթի եւ շնորհակալության բազմաթիվ խոսքերՙ ուղղված արդեն ավանդական դարձած այս գեղեցիկ մրցանակաբաշխության կազմակերպիչներին: Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը բարձր գնահատելով «Տաշիր» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության անգնահատելի դերը հայ-ռուսական իրականության մեջ, ինչի շնորհիվ հայ մշակույթը մշտապես լսելի ու տեսանելի է մեծ բեմերում, եւ դրանով իսկՙ արտերկրում ավելի ու ավելի շատ մարդիկ են ճանաչում մեզՙ իր երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնեց Սամվել Կարապետյանին, ով հայկական մշակույթը զարգացնելու եւ ամբողջ աշխարհում ներկայացնելու գործում անուրանալի եւ մեծ ներդրում ունի: Արա Աբրահամյանի խոսքերովՙ Սամվել Կարապետյանը լինելով չափազանց պատրաստակամ անհատ, ապրելով Ռուսաստանում, չի կարող անտարբեր մնալ Հայաստանի մտահոգությունների նկատմամբ, ուստի մշտապես ակտիվ ու նախաձեռնող է հայրենիքի շենացման նախաձեռնություններում, եւ ցանկանում է իր ներդրումն ունենալ հայրենիքը բարենորոգելու գործում, որի վառ օրինակներից մեկն էլ «Տաշիր» ամենամյա երաժշտական փառատոնն է...

Մոսկովյան Կրեմլի դահլիճում ավարտվեց հայկական համարձակ մտահղացումով եւ անսովոր վառ լույսերով ու գույներով հագեցած երաժտական եւս մեկ տոնախմբություն, որը մի ամբողջ տարի, մինչեւ հերթական մրցանակաբաշխության օրը, լինելու է հանդիսատեսի ուղեկիցը: Անվախճան երթ ցանկանանք ճշմարիտ արվեստ ներկայացնող, զանազան տաշի-տուշիների խառնաշփոթում մշտապես իր ինքնատիպ ձեռագիրն ունեցող եւ տարեցտարի մեծ համբավ վայելող այս մրցանակաբաշխությանը:

Հ. Գ.- Հարգելի ընթերցող, ընդգծված բառակապակցության առնչությամբ կարող ես կարդալ նաեւ մեր թերթի անցյալ տարվա դեկտեմբերին լույս տեսած հրապարակումը http://azg.am/AM/2012121207:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #83, 21-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ