RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#082, 2013-05-18 > #083, 2013-05-21 > #084, 2013-05-22 > #085, 2013-05-23 > #086, 2013-05-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #84, 22-05-2013



Տեղադրվել է` 2013-05-21 23:46:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1830, Տպվել է` 75, Ուղարկվել է էլ.փոստով` 65

ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԶԻՋՈՒՄ

Մ. Խ.

Ընդդիմությունը երեք ընտրություններում պարտվելուց հետո Ազգային ժողովում փորձում է ուղղել իր մեջքը` նախ կառավարության ծրագիրը մի լավ քննադատելով, ապա եւ` Ընտրական օրենսգրքի փոփոխություններ առաջարկելով: Երեկ Ազգային ժողովում հատուկ ընթացակարգով (կառավարության ծրագրի քննարկումն ընդհատելով) քննարկվեց ու այսօր հավանաբար քվեարկությամբ կմերժվի Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների` Ընտրական օրենսգրքի փոփոխությունների այն նախագիծը, որով առաջարկվում է ընտրություններից հետո հրապարակել ընտրությունների մասնակիցների ցուցակները: Այս նախաձեռնության հեղինակների կարծիքով` այդ դեպքում ի չիք կդառնա երկրից բացակայող մի քանի հարյուր հազար ընտրողների փոխարեն քվեարկելու հնարավորությունը, կբարձրանա ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը, եւ իշխանությունը գոնե այս ռեսուրսի հաշվին չի վերարտադրվի, կկանխվեն լցոնումները, իսկ արտագաղթի մեծ տոկոս ունեցող մարզերում հատկապես 70-տոկոսանոց ընտրողների ներկայություն չի գրանցվի: Հիմնական զեկուցող, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, թե ցուցակների հրապարակումը պետք է տեղի ունենա ընտրություններից հետո երկու օրվա ընթացքում:

Այս նախաձեռնությանը կողմ էին ընդդիմադիր խմբակցություններն ու անգամ ԲՀԿ-ն, որի ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ կողմ են քվեարկելու օրինագծին. «Վենետիկյան հանձնաժողովը տվել է, որ չպետք է հրապարակվեն ցուցակները, բայց նրանք չեն կարող հասկանալ, որ Հայաստանում քվեարկում են բոլորը, արտագաղթը զրոյականացվում է», ասաց:

Հարակից զեկուցող եւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի եւ ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանը , սակայն, նշեց, թե այս նախագիծը հակասահմանադրական է, հակասում է Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը, ուստի եւ հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել: Իսկ Դավիթ Հարությունյանի կարծիքով` եթե ընտրողների ցուցակները հրապարակվեն, ու անհամապատասխանության մի քանի դեպք հայտնաբերվի, սա ավելի չի նպաստի ընտրությունների ինստիտուտի նկատմամբ վստահությանը, սակայն, ի վերջո. «Իրականում հասկանում եք, որ հանրային վստահության վրա ոչ թե դրական, այլ բացասական ազդեցություն կունենա»:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էլ, ընդդիմախոսելով նախաձեռնությանը, հղում արեց էլի Վենետիկի հանձնաժողովին, թե այդպիսով կխախտվի անձի քվեարկության գաղտնիությունը, ինչն էլ հակասում է սահմանադրությանը: Մեր կողմից նշենք, որ քաղաքացիների անձնագրերում կլոր ու եռանկյունի կնիքների տեղադրումը ընտրություններին մասնակցելիս արդեն անձի քվեարկության մասնակցության գաղտնիության խախտում է, այնպես որ ցուցակ հրապարակելով հազիվ թե դրանից ավելին արվի:

Ընդդիմությունից հատկապես Ալեքսանդր Արզումանյանը չէր հասկանում Սահմանադրական դատարանի վերջին տարիների շատ որոշումներ (ԸՕ դրույթների վերաբերյալ)` «ՍԴ որոշումները Քրիստոսի պես անմեկնելի են» ասելով: Արամ Մանուկյանին գաղտնիությունը աբսուրդի հասցնելու խնդիրը զարմացնում էր, քանի որ բոլորն են տեսնում` ո՞վ է գնում քվեարկության: Ըստ Արմեն Ռուստամյանի ` մեծամասնությունը ի սկզբանե մերժելու է այս տեսակ բոլոր նախաձեռնությունները, քանի որ դրանք կարող են խանգարել վերարտադրվելուն: Զարուհի Փոստանջյանն էլ ասում էր, որ մեծամասնությունն այս օրինագիծն ընդունելով` իր համար էլ հավասար պայմաններ է ստեղծում, քանի որ հաջորդ ընտրություններին ինքն է լինելու ընդդիմություն:

«Չեք գիտակցում, թե ինչ եք անում», իր եզրափակիչ խոսքում մեծամասնության ընդդիմախոսության վրա զայրացավ Ռուբիկ Հակոբյանը : Դե, երեւի վստահ էր, որ օրինագիծը քվեարկությամբ մեծամասնությունը կմերժի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #84, 22-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ