RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#082, 2013-05-18 > #083, 2013-05-21 > #084, 2013-05-22 > #085, 2013-05-23 > #086, 2013-05-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #84, 22-05-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-05-21 23:46:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1289, Տպվել է` 33, Ուղարկվել է էլ.փոստով` 40

ԱՍԱԴԻ ԶՈՐՔԵՐՆ ՍԿՍԵԼ ԵՆ ՎԵՐԱՀՍԿԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Քուսեյրի գրավումը կուժեղացնի վարչակարգի դիրքերը միջազգային կոնֆերանսի նախօրյակին

Ինչպես տեղեկացրել էր «Ազգ»-ը նախորդ համարում, Սիրիայի կառավարական զորքերը մտել են Լիբանանի սահմանագիծ Քուսեյր քաղաք, որը խռովարարների ռազմավարական կենտրոն Հոմսից 30 կմ հեռավորության վրա է: Մարտերը քաղաքում շարունակվում էին, միաժամանակ սիրիական ընդդիմությունն ու լիբանանյան որոշ աղբյուրներ տեղեկություն էին տարածում, թե մարտերի ընթացքում սպանվել է «Հզբոլլահի» շուրջ 120 գրոհային:

Երեկ առավոտյան թուրքական հանրային հեռուստատեսությունը նույնպես նշեց «Հզբոլլահի» կրած ծանր կորուստների մասին, բայց ընդգծեց. «Մարտերում սպանվել է Ասադի զորքերի շարքում կռվող «Հզբոլլահի» 20 անդամ»: Սիրիական ընդդիմության տվյալներով, նրանք երեկ սպանվել են Քուսեյրի ռազմավարական նշանակությամբ շրջանը ներթափանցելու պահին»:

Այսինքնՙ «Հզբոլլահի» 120 մարտիկի սպանության մասին լուրերը ցանկատեսություն են: Ընդհակառակըՙ թուրքական հանրայինի տվյալներով, նախագահ Բաշար Ասադի զորքերին հաջողվել է 116 խռովարարի ոչնչացնել Քուսեյրում: Այս փաստը հաստատել են համանուն այլ հեռուստաալիքներ եւ մատնանշել, որ կառավարական զորքերին հաջողվել է գրավել քաղաքապետարանն ու վարչական այլ կարեւոր շենքեր:

Քուսեյրի գրավումով նախագահ Ասադի զորքերը կվերահսկեն Սիրիայի ծովափնյա շրջանը, դրա հետ հարվածի տակ կհայտնվի ընդդիմության թերեւս կարեւորագույն հենակետ Հոմսը: Դա վերջ կտա խռովարարների մատակարարմանը Լիբանանից: Այսպիսով, կառավարական զորքերը կստանան երկրի հյուսիսայինՙ Թուրքիային սահմանամերձ շրջանները վերահսկելու լայն հնարավորություն:

Հատկապես այն դեպքում, երբ հետզհետե խորանում է այսպես կոչված սիրիական ընդդիմությանն աջակցող, այսինքնՙ «Ազատ Սիրիայի բանակի» վարձկաններին զենք-զինամթերք մատակարարող տարածաշրջանի երկրների տարաձայնությունը: Դրանց արձագանքել է «Գարդիանը», ահա թե ինչ է գրել. «Մեծանում է Սիրիայում «Մուսուլման եղբայրների» վերահսկողությանը հակադրվող Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Հորդանանի հետ «Մուսուլման եղբայրներին» աջակցող Թուրքիայի ու Քուվեյթի միջեւ առաջացած ճեղքվածքը: Երբ Քուսեյրում սուննի «Ալ Ղաիդան» մարտնչում է շիա «Հզբոլլահի» դեմ, կնշանակի Պարսից ծոցի սուննի վարչակարգերը տարաձայնություններով ձախողում են միմյանց որդեգրած քաղաքականությունը»:

Անգլիական թերթը նշում է, որ խռովարարների մեջ ամենաարմատական խմբավորումը հանդիսացող «Ան Նուսրան» կազմավորել է «Ալ Ղաիդան», ստեղծված իրավիճակը փաստորեն անհնար է դարձնել սիրիացիների համախմբումը:

Համախմբման պարագայում խոսքը ընդդիմությանն է վերաբերում: Անկախ Քուսեյրում ընթացող մարտերի արդյունքից, վերջին ամիսներին նախագահ Ասադի զորքերը լուրջ հարվածներ են հասցնում ընդդիմություն կոչված մարդասպաններին: Թերեւս այդպիսի հարվածի հետեւանքով էր, որ մայիսի 9-ին սպանվեց «Ան Նուսրայի» պարագլուխ Աբու Մուհամմեդ ալ Ջուլանին, նրա հետ նաեւ տասնյակ վարձկաններ:

Ըստ երեւույթին, «Ազատ Սիրիայի բանակին» աջակցող տարածաշրջանի երկրների միջեւ սիրիական ընդդիմության հարցում առաջացած ճեղքվածքը արձագանքն է նախագահ Ասադի զորքերի վարձկաններին հասցրած հարվածների, որոնց հետեւանքով գործող վարչակարգը սկսել է հետզհետե վերահսկել իրավիճակը երկրում: Համենայն դեպս, Հալեպ քաղաքը մաքրվել է վարձկաններից: Հավանաբար շուտով կմաքրվի նաեւ Իբդիլը:

Վարձկաններին Ասադի զորքերի հարվածներով պետք է պայմանավորել նաեւ Սիրիայում խաղաղ բնակչության դեմ իբր վարչակարգի օգտագործած քիմիական զենքին առնչվող փաստերը, դրանց շուրջը բարձրացված միջազգային աղմուկն ու Սիրիայի տարածքը թռիչքազերծ գոտի հայտարարելու հարցի ակտիվ արծարծումը, որը Թուրքիայի պարագայում ռազմական միջամտության հարցի էր վերածվել: Բայց մինչեւ վարչապետ Էրդողանի այցը Վաշինգտոն, որտեղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նրա ներկայությամբ ասաց. «Իշխանությունից Ասադի հեռացման հարցում համամիտ ենք Թուրքիային: Սակայն ԱՄՆ-ն դա չի կարող միայնակ իրականացնել: Սիրիայի հարցում Մ. Նահանգները մտադիր չի դիմել միակողմանի քայլերի»:

Եթե ԱՄՆ նախագահի խոսքերը համադրենք Քուսեյրում ձեռք բերվող հաղթանակի հետ, կարելի է ենթադրել, որ ընդդիմության նկատմամբ նկատելի ուժեղանում են նախագահ Բաշար Ասադի դիրքերը ոչ միայն կռիվներում, այլեւ հունիսի սկզբներին Ժնեւում նախատեսվող միջազգային կոնֆերանսում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #84, 22-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ