RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#082, 2013-05-18 > #083, 2013-05-21 > #084, 2013-05-22 > #085, 2013-05-23 > #086, 2013-05-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #84, 22-05-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-05-21 23:46:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1140, Տպվել է` 34, Ուղարկվել է էլ.փոստով` 45

ՀԲԸՄԻՈՒԹՅԱՆ 87-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐՆ «ՕՐԵՐ» ՀԱՆԴԵՍՈՒՄ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Պրահայի «Օրեր» եվրոպական ամսագիրը անցած տարվա դեկտեմբերից սկսեց թողարկել համացանցային կայքէջըՙ www.orer.eu հասցեով:

«Ազգի» խմբագրության ստացած հանդեսի վերջին համարը հիմնականում նվիրված է Հայկական բարեգործական ընդհանուր միությանՙ Երեւանում անցած տարի հոկտեմբերին կայացած 87-րդ համագումարին, որը ՀԲԸՄ-ի 100-ամյա պատմության 3-րդ համաժողովն է անցկացված մեր երկրում: Համաժողովին մասնակցել են 300 պատվիրակՙ աշխարհի տարբեր երկրներից, նիստերը անցկացվել են Երեւանում եւ Էջմիածնում: Մասնակիցները եղել են նաեւ Արցախում, հայտարարվել են Արցախում անցկացվող ծրագրերըՙ մասնավորապես նոր կրթական կենտրոնի ստեղծման, քննարկվել են վերաբնակեցմանն ուղղված աշխատանքային պլաններ: Երեւանում նոր կառուցվող Բարեգործական շենքի (Մելիք Ադամյան փողոց), շինարարական ընթացքը, ճարտարապետական լուծումները նույնպես ուշադրության կենտրոնում են եղել:

«Օրերի» խմբագիր Հակոբ Ասատրյանը այդ օրերին հանդիպել եւ զրույցներ է ունեցել սփյուռքահայ ազգային-մշակութային, հասարակական մի շարք գործիչների հետՙ նրանց միջոցով փորձել ներկայացնել տարբեր հայ համայնքների ներկայիս կյանքը, հատկապես արեւմտահայերենի հետ կապված խնդիրները: Ներկայացված են Միլանի հայ համայնքի ներկայացուցիչ, ՀԲԸՄ Եվրոպայի վարչության անդամ Գրիգոր Իստամբուլը, Բեյրութի ՀԲԸՄ պաշտոնաթերթ «Խօսնակ» հանդեսի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը, եգիպտահայ ազգային-հասարակական գործիչ Պերճ Թերզյանը, Եգիպտոսի «Արեւ» պարբերաթերթի խմբագիր Ասպետ Արթինյանը, Բեյրութի «Զարթօնք» օրաթերթի այդ օրերի խմբագիր Պայծիկ Գալայճյանը, Բեյրութի «Սեւան» ռադիոկայանի աշխատակցուհի Վերա Սիսեռյանը: Հարցազրույցներով իրենց գործունեության մասին պատմում են Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական պատգամավորական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը եւ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ատենապետ Գասպար Կարապետյանը:

ՀԲԸՄ-ի նախագահ Պերճ Սեդրակյանի հետ Հ. Ասատրյանի զրույցում շոշափվում են միության նոր ծրագրերը, սերնդափոխության, ժամանակի մարտահրավերներ հետ կապված բազմաբնույթ հարցեր:

ՀԲԸՄ-ն հայ սփյուռքի ամենախոշոր միավորումն էՙ թե՛ կառուցվածքով ու գործունեության մասշտաբներով, թե՛ նյութական միջոցներովՙ 120 մասնաճյուղ 22 երկրում, 22.000-ից ավելի անդամներ, տարեկան բյուջենՙ 36 մլն դոլար եւ բնականաբար սփյուռքահայության եւ Հայաստանի համար ամենահուսալի սատարողն ու աջակիցն է համարվումՙ նյութական, ազգային, նաեւ քաղաքական հարցերում: Բարեգործականը սկսել է իր գործունեությունը որբանոցներ բացելով, 30-40-ականներին արդեն դպրոցներ է հիմնել, ապաՙ երիտասարդական ակումբներ, ասել էՙ թե քաղաքականությունըՙ ժամանակին համաքայլ որոշումներ կայացնելը եւ իրագործելն է:

Ինչպես անցյալում, հիմա էլ Միությունը իր քաղաքականությունը չի փոխումՙ ծրագրերը կազմվում ենՙ ելնելով իրավիճակի անհրաժեշտությունից: «Այսօր սփյուռքի մի ստվար զանգված հեռանում է իր ակունքներից, եւ մենք պետք է փորձենք այդ մարդկանց համար, որոնք հարմարվել են նոր միջավայրին, ապահովել իրենց պահանջներին համապատասխան ծրագրեր», ասում է Պ. Սեդրակյանըՙ նկատելով, որ սփյուռքը դեռեւս ղեկավարվում է 70-ականների մտայնությամբ, մինչդեռ ժամանակը պարտադրում է փոխել մոտեցումները, հայության մի որոշակի շերտի գաղափարախոսությունն ու վերաբերմունքը:

Հանդեսի մշակույթի բաժինը հիմնականում երաժշտական է, Հայկ սրկ. Իվթյուճյանը ներկայացնում է դանիական 2 անակնկալ: Առաջինըՙ Դանիական թագավորական օպերային թատրոնի բեմադրություններից «Կարմեն» օպերայի դերակատարների անվանացանկում հայ երգչուհի Ստելլա Գրիգորյանի ներկայությունն է: Ծագումով վրացահայ, Թբիլիսիի, ապա Վիեննայի կոնսերվատորիայում ուսանած հայ երգչուհու կատարումը հուզմունքով ու ջերմությամբ է ընդունել դանիացի ունկնդիրը: Երգչուհին հանդես է եկել նաեւ Գերմանիայի եւ Ֆրանսիայի թատերաբեմերում, հյուրախաղերով եղել աշխարհի շատ երկրներում, այդ թվում նաեւ Ճապոնիայում:

Երկրորդ անակնկալը դանիաբնակ դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանի փայլուն ելույթն է Դանիական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Երեւանում ծնված եւ նախնական կրթությունն այստեղ ստացած երաժիշտը մասնագիտական ուսումը խորացնելու է մեկնում Գերմանիա, որտեղ նա արժանանում է միջազգային երաժշտական մրցույթների 5 մրցանակներիՙ գրավելով տեղի երաժշտագետների ուշադրությունը: Ներկայում աշխատում է Դանիայի թագավորական երաժշտական ակադեմիայում եւ որպես մենակատար հանդես է գալիս Դանիայի, Սկանդինավյան երկրների եւ Գերմանիայի լավագույն նվագախմբի հետ:

«Օրերը» ներկայացնում է 11-ամյա պրահայաբնակ հայ դաշնակահարուհի Քրիստինե Այվազյանին, որին հանդեսը հայտարարել էր Չեխիայի 2012-ի «Տարվա հայտնություն»ՙ այն բանից հետո, երբ նա անցյալ տարի 2 անգամ արժանացավ դաշնամուրային մրցույթների «Գրան Պրի» մրցանակին:

Հետաքրքրական եւ ամբողջական է ներկայացված երեւանցի լուսանկարիչ-դիզայներ, միջազգային բազմաթիվ մրցույթներ շահած Տաթեւ Մնացականյանը: Հ. Ասատրյանը նրան հանդիպել է ԱԺ-ում կազմակերպված ցուցահանդեսի առիթով, որը Տաշքենդի միջազգային լուսանկարչական բիենալեում Տաթեւի հաղթանակի երեւանյան արձագանքն էր:

Զրույցն ընթանում է ստեղծագործական մոտեցումների, լուսանկարչի աշխարհընկալման, կյանքի եւ իր հերոսների հանդեպ նրա վերաբերմունքի եւ իր «Մշակութային երկխոսություն» վերջին ծրագրի, դրա մտահղացման նշանակության եւ իրագործման դժվարությունների մասին:

Բանասիրական գիտությունների թեկնածու Փառանձեմ Մեյթիխանյանի հրապարակումը Աստվածաշնչի հայերեն թարգմանությանն է վերաբերում:

«Օրերի» այս համարի շապիկին հանրահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի հրաշալի լուսանկարն է: Անցած տարի նա հրավերք ուներ Գյումրիից. այդ օրերին նրան շնորհվեց պատվավոր քաղաքացու կոչում: Հ. Ասատրյանի հետ ունեցած զրույցում երգչուհին անդրադառնում է քաղաքի երաժշտական կյանքին, հատկապես երաժշտական կրթության հարցերին, հայկական օպերային արվեստի ներկա վիճակինՙ ամենամեծ բացթողումը համարելով ներկայացումների ոչ հաճախակիությունը, որի ազդեցությունը երգչի բեմական կյանքի վրա վստահաբար բացասական է:

Հետաքրքրական են իր կարծիքները ժամանակակից օպերային արվեստի նոր միտումներին, ռոք երաժիշտների եւ սիմֆոնիկ նվագախմբերի համատեղ կատարումներին: Երգչուհին ներկայացնում է համեմատաբար հանդարտ ստեղծագործական իր ներկա շրջանը, երբ նա պատրաստվում էր Մագդեբուրգի թատրոնում Վագների «Տրիստանը եւ Իզոլդան» օպերայի ներկայացմանը:

Բեմական միջազգային հարուստ փորձը եւ նվաճումները, նույնչափ հարուստ շփումները նաեւ արդյունքն են աշխարհին հավասար ներկայանալու մտածողության, որի նախապայմանը, ըստ նրաՙ արժանապատիվ ու քաղաքակիրթ ապրելու ճանապարհն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #84, 22-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ