RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#082, 2013-05-18 > #083, 2013-05-21 > #084, 2013-05-22 > #085, 2013-05-23 > #086, 2013-05-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #84, 22-05-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-05-21 23:46:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1123, Տպվել է` 39, Ուղարկվել է էլ.փոստով` 39

ԽԱՉԻԿ ԽԱՉԵՐ. «ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻՆ ԻՐԱՐ ՄՈՏԵՑՆՈՒՄ Է ԵՎ ԱՄՐԱՑՆՈՒՄ ՆՐԱՆՑ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ»

Իրանի Արվեստագետների Տուն, Օրգան-Ամսագիր, Ապրիլ 2013

Անվանի հայ գրող եւ գրական գործիչ Խաչիկ Խաչերը, որ մինչեւ օրս բազմաթիվ գրքեր է հրատարակել պարսկերեն, հայերեն, անգլերեն եւ գերմաներեն լեզուներով, զբաղվում է նաեւ համեմատական գրականությամբ, ուսումնասիրելով իրանական եւ հայկական գրականությունը:

Այս առիթով էլ մեր թղթակիցը մի հարցազրույց է կատարել մեծ գրողի հետ որը կարող եք կարդալ հետեւյալ տողերում:

- Նախ մի քիչ բացատրություն համեմատական գրականության մասին: Ինչպե՞ս եք գնահատում այս բնագավառի առաքելությունը:

- Այն իրար կողքի է դնում տվյալ պարագայում պարսկերեն եւ հայերեն գրականությունը եւ համեմատություններ կատարում բառերի, առածների, քերականության եւ վերջապես բառի լայն իմաստով երկու ժողովուրդների գրականության միջեւ, այնտեղ ընդհանրություններ հայտնաբերելու համար: Որովհետեւ յուրաքանչյուր համեմատության ժամանակ, հայտնաբերված ընդհանրություն, նմանություն, կարող է երկու ժողովուրդների համար սերտեցման եւ բարեկամության ամրապնդման մի երեւույթ հանդիսանալ:

Համեմատական գրականությունը նշանակում է նաեւ երկու լեզուների, գրականության, բարբառների, խոսակցական ձեւերի համեմատական ուսումնասիրությունների շնորհիվ ընդհանրություններ եւ նմանություններ գտնել երկու ժողովուրդների մշակութային եւ քաղաքակրթության բնագավառներում: Սա էլ իր հերթին կարող է խթանել եւ ավելի արմատավորել բարեկամությունն ու մտերմությունը:

Համեմատական գրականության առաքելության առնչությամբ պետք է ասել, որ տարբեր լեզուների միջեւ գոյություն ունեցող նմանատիպ, ասացվածքները, դարձվածքներն ու բառերը վկայությունն են ազգային ծագումնաբանական ընդհանրությունների գոյության, որոնք գալիս են շատ ու շատ հին ժամանակներից:

Օրինակի համար, պարսկերեն եւ հայերեն լեզուների մեջ շուրջ հազար եւ հարյուր նման բառեր կան հնուց փոխանցված:

Հենց այս մեկ առկա ընդհանրությունից էլ կարելի է բազմաթիվ ընդհանրություններ հայտնաբերել պարսիկ եւ հայ ժողովուրդների մշակույթի, քաղաքակրթության ու պարզ է նաեւՙ գրականության մեջ:

- Ըստ ձեր փորձառության եւ կատարած գրական աշխատանքների համեմատական գրականությունը ի մասնավորի Իրանում ի՞նչ կացության մեջ է եւ ի՞նչ տեղ է գրավում:

- Ես համոզված եմ, որ համեմատական գրականությունը դեռ նախնական ձեւավորման մեջ է, գլխավորապես Իրանում եւ որեւէ որոշիչ տեղ դեռ չի հասցրել գրավել: Այն դեռ նորատունկ է եւ աճելու, ճյուղավորվելու համար մանրակրկիտ, հարատեւող եւ վճռակամ ծրագրավորումների կարիք ունի: Այս առումով էլ բոլոր հանրային կապի, մշակութային եւ գեղարվեստի հաստատություններն ու կենտրոնները ու այլեւայլ հետաքրքրվող մարմիններն ու օրգանները, ինչպես Իրանի Արվեստագետների տունը, որոնք կարեւոր եւ ազդեցիկ աշխատանք են տանում տարբեր խավերի մեջ, կարող են հիմնական ու դրական քայլեր վերցնել ամբողջ Իրանի մակարդակով այն զարգացնելու եւ ամրապնդելու ուղղությամբ:

Հիշյալ կազմակերպություններն ու գործակալությունները կարող են զանազան ձեւերով ու ճամփաներով հովանավորել այս բնագավառի աշխատանքները, նպաստավոր պայմաններ ստեղծելով այլ ժողովուրդների մշակույթի եւ քաղաքակրթության հետ ծանոթանլու գործի տարածման համար, նորանոր հրատարակությունների միջոցով:

Օրինակի համար, իմ թարգմանած ու մշակած «55 + 1 Իրանական ժողովրդական հեքիաթներ» գիրքը ավելի քան 11 տարի է, որ համակարգչիս մեջ կազմ ու պատրաստ տպագրության է սպասում: Բայց նյութականի պակասն ինձ չի թույլատրում այն հանրությանը հրամցնելու:

Մյուս կողմից, պետք է ասել, որ երկրների ու ժողովուրդների հարաբերությունների բարելավումն ու սերտացումն էլ գալիս է նպաստելու համեմատական գրականության զարգացմանը:

- Իրանական եւ հայ գրականություններն ի՞նչ փոխադարձ ազդեցություններ են կրել իրարից:

- Այդ կարգի ազդեցություններն այնքան շատ են, որ խորհրդային օրերի քաշած երկաթե վարագույրներն անգամ չեն հաջողել երկու երկրների ժողովուրդների բարեկամությանը մեծ վնասներ հասցնել: Երբ Հայաստանի անկախացումից հետո Հայաստան այցելեցինք, տեսանք, որ հայ ժողովուրդը լավապես ծանոթ է Իրանի դասական գրականության դեմքերիՙ Սաադիի, Հաֆեզի, Մոլավիի, Ռուդաքիի եւ մյուս անունների հետ: Ֆիրդուսու «Շահնամեն» թարգմանված է մի քանի անգամ եւ մեծ ժողովրդականություն է վայելում:

Բայց դժբախտաբար, թե՛ Հայաստանում եւ թե՛ Իրանում, տեղեկությունները շատ սահմանափակ են ներկա գրականության մասին: Հիմա դա մեր պարտականությունն է, որ ծածկելով այդ բացըՙ ծանոթության եւ գրականության տարածման նոր քայլեր կատարենք: Հենց այս վայրկյանին Հայաստանում 23 ից ավելի դպրոցներ կան, որտեղ պարսից լեզու է դասավանդվում որպես երկրորդ լեզու: Ուրեմն պետք է նշել, որ նոր կարելիություններ եւ կարողություններ կան երկու երկրների հարաբերություններն ավելի զարգացնելու եւ մշակութային, արվեստի ու նաեւ քաղաքական հարաբերությունների բնագավառներում փայլուն ապագա ենք ակնկալում, խոստանալով, որ մենք էլ մեր կարեցածը չխնայենք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #84, 22-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ