RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#083, 2013-05-21 > #084, 2013-05-22 > #085, 2013-05-23 > #086, 2013-05-24 > #087, 2013-05-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #85, 23-05-2013



Տեղադրվել է` 2013-05-22 23:50:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 1492, Տպվել է` 59, Ուղարկվել է էլ.փոստով` 47

«ՁԳՏԵԼՈՒ ԵՆՔ, ՈՐ ԱՇԽԱՐՀԸ ՃԱՆԱՉԻ 1915-Ը, ԲԱՅՑ ՈՐՊԵՍ ԴԱՐԴԱՆԵԼԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՏԱՐԵԴԱՐՁ, ՈՉ ԹԵ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑ»

Հ. ՉԱՔՐՅԱՆ

Նշելով Դավութօղլուի խոսքերըՙ Ռոբերտ Ֆիսքը հարցնում է. «Թուրքիան ինչպե՞ս է անդամակցելու ԵՄ-ին»

Ռոբերտ Ֆիսքը «Ինդիփենդենտի» մերձավորարեւելյան թղթակիցն է, ավելի քան 30 տարի Բեյրութից հետեւում է իրադարձությունների զարգացմանը: Լուսաբանել է հակաաֆղանական, հակաիրաքյան պատերազմները: «Նյու Յորք թայմսը» նրան բնութագրել էրՙ «Մեծ Բրիտանիայի արտասահմանյան թերեւս ամենահռչակավոր թղթակիցը»: Վերջին շրջանում Ռոբերտ Ֆիսքի ուշադրության կենտրոնում է նորից հայտնվել Հայոց ցեղասպանության հարցը, որի շրջանակներում նա անդրադարձել է օսմանյան բանակի հայ կապիտան Սարգիս Թորոսյանի հերոսական գործունեությանը 1915-ի Դարդանելի կռիվներում եւ վերջինի ընտանիքի դժբախտ ճակատագրին: Այսինքն մինչ Թորոսյանը Դարդանելում հերոսաբար կռվում էր Անտանտի զորքերի դեմ, թիկունքում թուրքերը հաշվեհարդար էին տեսնում նրա ընտանիքի հետ:

Ցեղասպանության հարցում ցուցաբերած հետաքրքրության եւ կապիտան Թորոսյանի գործունեությանը նվիրված հոդվածների համար Avrupagazete-ի լոնդոնաբնակ հեղինակ Մահիր Թանը մայիսի 14-ին Ֆիսքին համարում է «Հայոց ցեղասպանության կամավոր քարոզիչ» եւ նրան մեղադրում «Թորոսյանի դեպքը դյուցազներգության վերածելով, «Ինդիփենդենտում» հրապարակելու» մեջ:

Ֆիսքի վերջին հոդվածը օսմանյան բանակի հայ սպայի մասին հրապարակվել էր անգլիական թերթի մայիսի 12-ի համարում Թուրքիայում Թորոսյանի «Դարդանելից մինչեւ Պաղեստինի ռազմաճակատ» հուշագրության հրատարակման առթիվ, որը հրատարակության է պատրաստել Ստամբուլի «Բիլգի» համալսարանի պրոֆ. Այհան Աքթարը:

Ֆիսքի հոդվածը «Ինդիփենդենտում» լույս է տեսել «Թորոսյանՙ հայ հերոս, որին Թուրքիան նախընտրում է մոռացության տալ» վերնագրով: Մայիսի 18-ի համարում նաեւ «Ակօս»-ի թարգմանաբար հրապարակած հոդվածը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով: Ահա թե ինչ է գրել.

«Մտաբերեք կապիտան Թորոսյանին: 1915-ին օսմանյան թուրքերի ձեռքով 1,5 մլն հայ տղամարդկանց, կանանց եւ երեխաների սպանությամբ իրականացված սարսափազդու ցեղասպանության 100-րդ տարելիցին դեմ հանդիման կանգնած թուրքական կառավարությունը փորձում է Գելիբոլիում Անտանտի զորքերի դեմ նույն թվին ձեռք բերված հաղթանակի հանդիսություններով մոռացության տալ կոտորածների հուշերը: Պետությանը հավատարիմ գիտնականները անտեսելու համար 1915-ին Գելիբոլիում թուրքական բանակի արաբներին, ջանք չեն խնայում եւ ստախոսության մեջ են մեղադրում ծառայությունների համար շքանշանների արժանացած թուրքական բանակի հրետանավոր հայ սպային, թե իրեն նպաստավոր կենսագրություն է հորինել:

Մինչդեռ շքաշաններն անձամբ Սարգիս Թորոսյանին հանձնել է Էնվեր փաշանՙ Թուրքիայի պատերազմի նախարարը, օսմանյան իշխանության հզորագույն դեմքը: Գելիբոլիի գլխավոր հերոսը Մուստաֆա Քեմալն է, ժամանակակից Թուրքիայի հիմնադիրը: Սակայն, հաշվի առնելով Թուրքիայի առաջնակարգ այն գիտնականներին, որոնք Թորոսյանին որպես խաբեբայի են ներկայացնում, ժամանակակից բառը վերցնում ենք չակերտների մեջ: Այս պատմաբանները ելնում եւ հայտարարում են, թե Էնվերից ստացած 2 շքանշանը մտացածին է եւ ինքըՙ հայ սպան է հորինել: Մինչդեռ Թաներ Աքչամը Թորոսյանի ամերիկաբնակ հարազատների տուն է գնացել, ուսումնասիրել է շքանշանները եւ տեսել, որ մեկի վրա Էնվեր փաշայի ստորագրությունն է փորագրած:

Ինչպես հայտնի է, Թուրքիան ձգտում է անդամակցել Եվրոմիությանը: Ես էլ այդ կարծիքին եմ: Սակայն այդ նույն Թուրքիան առ այսօր մերժում է ճանաչել Հայոց ցեղասպանության իրողությունը եւ մերժումը պայմանավորում է տարիներ առաջ մահացած օսմանյան բանակի հայ սպայի վրա հարձակումներ գործելով: Նման մոտեցումով նա ինչպե՞ս է անդամակցելու հույսեր փայփայում: Թող թուրքական կառավարությունը որքան ուզում է 2015-ին Գելիբոլիում հաղթանակ թմբկահարի, միեւնեւյն է, կապիտան Թորոսյանի ուրվականը շրջելու է 1915-ի ռազմադաշտերում:

Պրոֆ. Աքթարը, երբ թուրքերեն հրատարակեց Թորոսյանի գիրքը, արձագանքները դրական էին մինչեւ որ «Սաբանջի» համալսարանից երկու պատմաբան հակաճառեցին: Օրինակ, Հալիլ Բերքթայը Թորոսյանի վրա խաբեբայի պիտակ կպցնելու համար 13 հոդված հրապարակեց «Թարաֆ» թերթում: Մինչդեռ Աքթարի վկայությամբ, հակառակ Էնվեր փաշայի նահանգապետերին տված կարգադրություններին, Սիրիա է աքսորվել նաեւ Թորոսյանի ընտանիքը:

Օսմանյան բանակի կրտսեր սպաներին զինաթափել էին եւ սպանել կանանց հետ, որոնք ենթարկվում էին թուրք ժանդարմների, չերքեզ եւ քուրդ հրոսակների բռնաբարության: Չերչիլն այդ կոտորածները որակել է «ցեղասպանություն»: Մոռանալով այս ամենը, թուրք քննադատներից մեկը պնդել է, որ Թորոսյան անունով մեկը առհասարակ չի եղել:

Երկու տարի առաջ Գելիբոլիում ելույթ ունեցավ արտգործնախարար Դավութօղլուն եւ այնտեղ անկեղծ խոստովանություն արեց, թե Թուրքիան 100-րդ տարելիցին ինչպես է բնութագրելու Հայոց ցեղասպանությունը: Նա բառացի ասաց. «Ձգտելու ենք, որ ողջ աշխարհը ճանաչի 1915-ը, բայց որպես Գելիբոլիի դիմադրության տարեդարձ, այլ ոչ թե ցեղասպանության տարելից, ինչպես ոմանք զրպարտում եւ ստում են»: Կնշանակի, որ առաջիկա 1-2 տարում թուրքական ազգայնականությունը պատմության դեմ պայքարում հաղթանակ է ակնկալում»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #85, 23-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ