RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#083, 2013-05-21 > #084, 2013-05-22 > #085, 2013-05-23 > #086, 2013-05-24 > #087, 2013-05-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #85, 23-05-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-05-22 23:50:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 1407, Տպվել է` 48, Ուղարկվել է էլ.փոստով` 43

ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒ «ԱՋ ԹԵՎԸ» ՈԼՈՐԵՑԻՆ, ՀԵՏՈ՞

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

«Հզոր» Մերաբիշվիլուն լուրջ մեղադրանքներ են առաջադրվել, որոնք, սակայն, կարող են միայն ծաղիկները լինել

Վրաստանում իշխանական բուրգի նախկին ղեկավարների նկատմամբ սկսված հետապնդումը կամաց-կամաց մոտենում է այնպիսի իրավիճակի, երբ ձերբակալությունները արդեն անակնկալ չեն, այլՙ օրինաչափ, իսկ ներկայացվող մեղադրանքներն էլ, մի կողմից, Վրաստանի, ինչու չէ, նաեւ Հայաստանի նման երկրներում լիովին իրական կարող են լինել, մյուս կողմից` քաղաքական պատվերի «հոտը» դժվար է չզգալ:

Մայիսի 21-ի կեսօրից քիչ անց Վրաստանի նախկին վարչապետ, նախկին ՆԳ նախարար, վրաց նախագահ Միխեիլ Սաակաշվիլու «Միացյալ ազգային շարժման» գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին, որ կանչվել էր դատախազությունՙ հարցաքննության, ձերբակալվեց: Նրա հետ ձերբակալվեց նաեւ Կախեթի տարածաշրջանի նահանգապետ Զուրաբ Ճիաբերաշվիլին: Մերաբիշվիլուն երեք մեղադրանք է առաջադրել` վարչապետության ընթացքում կոռուպցիոն դրսեւորումների առնչությամբ:

Մեղադրանքներից մեկի համաձայն, Մերաբիշվիլին, որ փաստացի երկրորդ դեմքն էր Սաակաշվիլուց հետո, եթե, իհարկե, հաշվի չառնենք վրաց պատրիարքին, 2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ առողջապահության նախարար Ճիաբերաշվիլու հետ անօրինական աշխատանքի ընդունված է ձեւակերպել իր կուսակցության մոտ 1000 ակտիվիստի ու պետական բյուջեից նրանց վճարել մոտ 5.2 մլն լարի (մոտ 32 հզ. դոլար): Մեկ այլ հոդված վերաբերում է 2009-ին «միջազգային ներդրումային ընկերություն» կազմակերպությունից խլել է թանկարժեք մի առանձնատուն Կվարիաթի գյուղում եւ օգտագործել մինչեւ 2013 թ.-ը:

Միով բանիվՙ Մերաբիշվիլին կարող է դատապարտվել 7-12 տարվա ազատազրկման, եթե ներկայիս իշխանությունները բավարարվեն նշված մեղադրանքներով: Ու, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ արդեն երեկ, քանի որ վրացական որոշ լրատվամիջոցներ, հղում անելով իրենց սեփական աղբյուրներին, երեկ հրապարակեցին, թե Մերաբիշվիլուն ներկայացված մեղադրանքը ավելի ծանր կլինի:

Մեղադրանքի մի բաժին էլ Մերաբիշվիլուն կարող է ներկայացվել 2011-ի մայիսի 26-ին տեղի ունեցած ցույցը ցրելու եւ բանկի ղեկավար Սանդրո Գիրգվլիանիի (2006թ. հունվարի 29-ին Գրիգվլիանիին գտել էին մահացած` բռնության հետքերով այն դեպքում, երբ նախորդ օրը նա իր մտերիմների հետ այցելել էր Թբիլիսիի սրճարաններից մեկն ու վեճի բռնվել ՆԳՆ վարչություններից մեկի պետ Գուրամ Դոնաձեի հետ - Վ.Պ.) սպանության գործերին առնչվող հանգամանքներով:

Ու, ինչպես ասում են, ձնագունդը սկսեց շարժվել` մեծանալով ու հարցին առնչվող-չառնչվող ամեն ինչ ներառելով ընդհուպ այնտեղ, որ ամենանախնական փուլում արվեցին հայտարարություններ, թե Վրաստանն ընկնելու է Ուկրաինայի օրը` փորձելով դատել նախկին վարչապետին: Այսպիսի համեմատականներ արել է Վրաստանի նախագահ Սաակաշվիլին, այնպիսի տրամաբանությամբ, կարծես որեւէ երկրում վարչապետ դատելու հեռանկարը Եվրոպայից մերժվածի կարգավիճակն է:

«Ուկրաինայի բոլոր հարաբերությունները Եվրոմիության հետ սառեցված են, խնդիրներ են առաջացել ԱՄՆ հետ, եւ դա այն դեպքում, երբ այդ երկրում քաղաքական մոտիվներով ձերբակալված է նախկին վարչապետ Տիմոշենկոն», հայտարարել է Սաակաշվիլին: Նույն ոգով շարունակելով` Սաակաշվիլին զգուշացրել է, որ եթե Մերաբիշվիլին երկար մնա բանտում, «Վրաստանին լուրջ խնդիրներ են սպասում»: «Դա միջազգային մեկուսացման խնդիրն է, առավել եւս, որ մեր վարչապետը (Բիձինա Իվանիշվիլին - Վ.Պ.) առանց այդ էլ գտնվում է մեկուսացման մեջ», հայտարարել է Սաակաշվիլին:

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, իր հերթին, հայտարարել է, թե որեւէ բան չպետք է պնդել Մերաբիշվիլու առնչությամբ, քանի դեռ դատական իշխանությունները այդ մասին որոշում չունեն: Իսկ որ Մերաբիշվիլուն ձերբակալել են քաղաքական մոտիվներով` Իվանիշվիլին թույլ փաստարկ է համարում:

Այդուհանդերձ, վրացի փորձագետները գտնում են, թե Մերաբիշվիլու դեմ հիմնական մեղադրանքը Գրիգվլիանիի սպանության գործով է, որի պարագայում, եթե Մերաբիշվիլին խոստովանական ցուցմունք տա, ձերբակալության որոշում կարող է կայացվել նաեւ Վրաստանի նախագահ Սաակաշվիլու նկատմամբ, ընդ որում, նրանց կարող է «միանալ» Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան, որին եւս վերջերս հաճախ հարցաքննում են:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #85, 23-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ