RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#083, 2013-05-21 > #084, 2013-05-22 > #085, 2013-05-23 > #086, 2013-05-24 > #087, 2013-05-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #85, 23-05-2013



ՀԱԿԱԻՇԽԱՆԱԿԱՆ

Տեղադրվել է` 2013-05-22 23:50:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 1166, Տպվել է` 46, Ուղարկվել է էլ.փոստով` 42

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈ՞ՒՆ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Իրանի հետ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու եւս մի փորձ է ձեռնարկել պաշտոնական Բաքուն: Այս անգամ հատուկ բանագնացի դեր վերապահված էր Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Փաշազադեին, որի Թեհրան կատարած այցը նշանավորվեց ադրբեջանցի երկու կալանավորի ազատ արձակման պայմանավորվածությամբ:

Անկասկած, ադրբեջանցի աշխարհիկ որեւէ պաշտոնյայի հանդեպ իրանական կողմը նման մեծահոգություն չէր ցուցաբերի. ձերբակալված Խալիդա Խալիդը եւ նրա օգնականը մեղադրվում էին Իրանի դեմ «թշնամանք սերմանելու» մեջ, եւ նրանց սպասում էր երկարատեւ կալանք: Հանուն Փաշազադեի հեղինակության արված զիջումն, անկասկած, իրանական դիվանագիտության ձեռքբերումն է: Խնդիրն անձը կարեւորելը չէ, այլ` կրոնական առաջնորդին:

Պատահական չէ, որ նույն օրերին, երբ Փաշազադեն գտնվում էր Իրանում, Ադրբեջանի իսլամական կուսակցությունը եւս մեկ անգամ հիշեցրեց իր քաղաքական հավականությունների մասին: Կուսակցությունը, որն Ադրբեջանում պետական գրանցում չունի, ստորագրահավաք է նախաձեռնել` անազատության մեջ գտնվող առաջնորդին` հաջի Մովսում Սամադովին հոկտեմբերին կայանալիք ընտրություններին նախագահի թեկնածու առաջադրելու համար:

Ինչպես հաղորդում է fakxeber.az-ը, մեկ օրվա ընթացքում Բաքվի Նիզամիի եւ Խաթայիի շրջաններում Մովսում Սամադովի թեկնածությունը պաշտպանող հանրագիրը ստորագրել է 13 հազ. մարդ: Իսկ Ադրբեջանի գյուղական բնակավայրերում իսլամական կուսակցության առաջնորդին թեկնածությունն առաջադրելու խնդրանքով նամակին միացել է 54 հազ. մարդ:

Իսլամական կուսակցությունն այդ առթիվ տարածել է հայտարարություն, որով կոչ է անում Ադրբեջանում «անցկացնել արդարացի ընտրություններ»: Իսլամականները կարծում են, որ արդարացի ընտրություններ անցկացնելու դեպքում իրենց թեկնածուի հաղթանակն անառարկելի կդառնա, քանի որ «մարդիկ լավ գիտեն հաջի Մովսում Սամադովի անձնական բարձր հատկանիշները»:

Հաջի Մովսում Սամադովը 2011թ. դատապարտվել է 12 տարվա ազատազրկման եւ ներկայումս պատիժը կրում է թ.11 քրեակատարողական հիմնարկում: Տարեսկզբին տեղեկություններ էին տարածվել, որ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, որի պատճառով բանտից տեղափոխվել է քրեակատարողական ծառայության հատուկ բուժհաստատություն: Այնուհետեւ քրեակատարողական ծառայությունից մամուլին տեղեկացել էին, որ Մովսում Սամադովը վերստին տեղափոխվել է բանտ, «սակայն որոշակի ժամանակահատված պետք է գտնվի հսկողության տակ»:

Ադրբեջանի իսլամական կուսակցության երեկ տարածած հայտարարության մեջ ընդգծվում է, որ հաջի Մովսում Սամադովը «բողոքում է աջ ոտքի երակների լայնացումից, ինչպես նաեւ սրտի եւ լյարդի շրջանում ցավերից» (http://salamnews.org/ru/news/read/57742/predsedatel-ipa-movsum-samedov): Կուսակցությունը հավատում է, որ «ադրբեջանական ժողովուրդը կունենա ազատ կամքի արտահայտություն եւ կոռումպացված իշխանություններին կհեռացնի»:

Ադրբեջանի իսլամական կուսակցությունն ավելի վաղ հանդես էր եկել Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունների դեմ: Նա ավանդաբար համարվում է «Ադրբեջանում իրանական հինգերորդ զորասյուն»: Վերջերս, սակայն, կուսակցությունը ողջունել էր դավանանքի ազատության մասին ԱՄՆ պետական դեպարտամենտի զեկույցում Ադրբեջանի հասցեին քննադատությունը եւ հույս հայտնել, որ իշխանությունները դրանից հետեւություններ կանեն:

Իսլամականների տարածած հայտարարության մեջ հատուկ ընդգծված է, որ Ադրբեջանի «սահմանադրությունը քաղաքացիներին տալիս է ազատություններ, բայց դրանք օրենքներով խլվում են»: Հատկապես ընդգծված է կրթության օրենքով հիջաբ կրելու արգելքը` որպես խղճի ազատության սահմանափակում: Հաջի Մովսում Սամադովը ձերբակալվել էր հիջաբի համար զանգվածային բողոքի ցույցերից մեկի ժամանակ` կրթության նախարարության շենքի մոտ: Հետաքննությունը, սակայն, նրան ներկայացրել է «պետական դավաճանության» մեղադրանք:

Անկախությունից ի վեր առաջին անգամ է, որ Ադրբեջանում իսլամական կուսակցությունը նախագահի պաշտոնի համար պայքարի հայտ է ներկայացնում եւ արժանանում զանգվածային աջակցության: Իսլամն Ադրբեջանում դառնում է քաղաքական գործոն: Պատահական չէ, որ Իլհամ Ալիեւն սկսել է մզկիթներ կառուցել եւ ներկայանալ դրանց բացմանը: Խնդիրն այն է, թե որքանո՞վ են մարդիկ հավատում նրա «բարեպաշտությանը»: Իսկ իսլամական կուսակցությունն արդեն իսկ տասնյակհազարավոր համակիրներ է հավաքագրել: Արդյոք «իսլամական հեղափոխությա՞ն» նպատակով, թե՞ դա էլ իշխանությունների նախագիծն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #85, 23-05-2013

AZG Daily #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ