RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#083, 2013-05-21 > #084, 2013-05-22 > #085, 2013-05-23 > #086, 2013-05-24 > #087, 2013-05-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #85, 23-05-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-05-22 23:50:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 1813, Տպվել է` 59, Ուղարկվել է էլ.փոստով` 67

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՌՈՔՖԵԼԵՐԻ ԱՐԽԻՎԻՑ ՆՅՈՒԹԵՐ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Առաջին անգամ Հայաստանում կցուցադրվի Ռոքֆելերի արխիվային կենտրոնում պահվող Մերձավոր Արեւելքի նպաստամատույց կոմիտեի (Near East Relief) լուսանկարների բացառիկ հավաքածուն:

Հայաստանի ազգային պատկերասրահում մայիսի 25-ին տեղի կունենա ցուցահանդեսի բացումը, մայիսի 26-ին` Նարեկացի արվեստի միությունում, իսկ մայիսի 27-ինՙ Գյումրու «Թռչունյան տուն» մանկատանը:

Մտահղացումը Նարեկացի արվեստի միությանն է, որին աջակցում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը եւ ԱՄՆ Մերձավոր Արեւելքի հիմնադրամը;

Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի Մ. Նահանգներում գործող Ռոքֆելերի արխիվային կենտրոնի` հայոց պատմությանը վերաբերող լուսանկարների հավաքածուն, ասվում է Նարեկացի արվեստի միության տարածած հաղորդագրության մեջ:

Նյու Յորքի Սլիփի Հոլլոու կալվածքում տեղակայված Ռոքֆելերի կենտրոնը 20-րդ դարի մարդասիրական առաքելություններին նվիրված աշխարհի ամենախոշոր պահոցներից է, որի շուրջ 60 մլն փաստաթղթերի, կես միլիոն լուսանկարների ու 2.000 ֆիլմերի հարուստ հավաքածուի մի զգալի մասն ուղղակիորեն առնչվում է հայոց պատմությանը եւ, ի մասնավորի, Մերձավոր Արեւելքի նպաստամատույցի Հայաստանում ծավալած որբախնամ գործունեությանը:

Նարեկացի միության, ԱՄՆ դեսպանության եւ ԱՄՆ Մերձավոր Արեւելքի հիմնադրամի համատեղ ջանքերով Հայաստան են բերվել շուրջ 200 արխիվային լուսանկարներ, որ «Հետքերով որբերի հայոց» խորագրի ներքո միաժամանակ կցուցադրվեն երեք տարբեր վայրերում.

Ցուցահանդեսները կուղեկցվեն Յոհաննես Լեփսիուսի` «Գերմանիայի արեւելյան առաքելություն» միությանը (Deutsch Orient-Mission) հղած «Հայոց չարչարանքն ու քրիստոնյա աշխարհի զորակցությունը» տեսավավերագրական եռամաս զեկույցի ցուցադրությամբ: Երեք ցուցահանդեսների մուտքն էլ ազատ է, երեքն էլ բաց կլինեն մինչեւ 2013 թ. հունիսի 8-ը:

Ցուցահանդեսի բացման օրերին բանախոսություններով հանդես կգան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, սկաուտապետ եւ Ալեքսանդրապոլի որբերի ֆիզիկական դաստիարակության գործում մեծ ներդրում ունեցած Վահե Չերազի դուստր Բյուրակն Չերազ-Անդրեասյանը եւ պատմաբան Րաֆֆի Պապոյանը:

Ցուցահանդեսին ընդառաջ, Նարեկացի արվեստի միությունը հրատարակել է ներկայացվելիք արխիվային լուսանկարների ծավալուն ալբոմ, որն անվճար կնվիրվի ցուցահանդեսի բացմանը ներկա հյուրերին: Վերատպված լուսանկարներից զատ, գրքում համառոտ ներկայացվում են Նպաստամատույց կոմիտեի պատմությունը, գաղափարական հենքը, ծավալած գործունեության փուլերը, արդյունավետ դրամահավաքությանը միտված կոմիտեի ռազմավարությունը, որբերի հետցնցումային ապաքինմանն ու հետագա հասարակական ինտեգրմանն ուղղված նախաձեռնությունները:

Բացման երեք օրերին էլ կատարումներով հանդես կգա Նարեկացի ժողնվագարանների համույթը (գեղ. ղեկավար` Հովիկ Սահակյան): Կցուցադրվի նաեւ Զարեհ Ճգնաւորեանի «Որ չկորչեն անհետ» վավերագրական կինոնկարը:

Ցուցահանդեսի փակումից հետո վերատպված լուսանկարները կհամալրեն Նարեկացի տեսողական արվեստների մշտական հավաքածուն, իսկ Գյումրիի ցուցադրանմուշները կնվիրվեն «Թռչունյան տուն» մանկատանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #85, 23-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ