RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#085, 2013-05-23 > #086, 2013-05-24 > #087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #87, 25-05-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-05-24 23:37:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 1362, Տպվել է` 48, Ուղարկվել է էլ.փոստով` 54

ԱՄՆ-Ը ԵՎ ԻՐԱՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈ՞ՒՄ ԵՆ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Իրանի դեմ ԱՄՆ-ի ձեռնարկած քաղաքական եւ տնտեսական պատժամիջոցների, ինչպես նաեւ այդ երկրի միջուկային ծրագրի շուրջն անհանգստության, ներառյալ ուժ կիրառելու մասին մշտական դարձած տեղեկատվության համապատկերին երեկ «Ադրբեջանում էներգետիկ եւ ծովային իրավունքը. ազգային եւ միջազգային հեռանկարներ» խորհրդաժողովում ելույթում չափազանց ուշագրավ հայտարարություն է արել Բաքվում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:

Դեսպանի տեղեկացմամբՙ «Կասպից ծովի Շահդենիզ հանքավայրի շահագործման վրա կարող էր արգելք դրվել, քանի որ Իրանը Շահդենիզ նավթային հանքավայրում 10-տոկոսանոց մասնաբաժին ունի, եւ Իրանի հետ նավթագազային ոլորտում համագործակցող ընկերությունները կարող են ԱՄՆ կողմից պատժամիջոցների սպասել» (http://haqqin.az/news/6064):

Այդ իրավիճակում ինչպե՞ս է վարվել ԱՄՆ Կոնգրեսը: Մորնինգսթարի ներկայացմամբՙ ամերիկյան օրենսդիրները նպատակահարմար են գտել «ապահովել փոխզիջումային ելք»: Իսկ եթե այդպիսի որոշում չընդունվեր, ապա «Շահդենիզի շահագործումը մոտակա 20 տարիներին կարող էր սառեցվել»: Այդ դեպքում «միջազգային ընկերությունները չէին կարող առաջ շարժվել շահագործման հարցում»:

Դեսպանն, իհարկե, հաշվի է առել, թե ինչպես է ընկալվում «փոխզիջումային ելք ապահովելու» մասին Կոնգրեսի որոշման մասնակի գաղտնազերծումը, քանի որ ըստ էության նա խոստովանել է, որ հանուն Շահդենիզ հանքավայրի շահագործման ամերիկյան օրենսդիրները, անշուշտ` ոչ առանց Սպիտակ տան հորդորների կամ նույնիսկ ճնշումների, փաստորեն աչք են փակել նավթագազային ոլորտում Իրանի հետ համագործակցության փաստի առաջ, ուստի չափազանց «գործնական» բացատրություն է տվել դրան. «Բայց եկեք այլ կողմից նայենք, ի՞նչ կանեինք մենք, եթե գազը լիովին առաքվեր Իրան կամ Ռուսաստան»:

Ասված է պարզ. որպեսզի Կասպից ծովի էներգակիրները լիովին չառաքվեն Իրան կամ Ռուսաստան, ամերիկյան ժողովրդավարությունը պատրաստ է «փոխզիջումային ելք ապահովել» ԱՄՆ նավթագազային ընկերությունների համար: Այսինքն, թույլատրել, որպեսզի վերջիններս տնտեսական համագործակցություն ունենան Իրանի հետ:

Խնդիրն, իհարկե, այս մասնավոր դեպքը չէ միայն: Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանը սեփական երկրի շահերի պաշտպանության գործում ավելի առաջ է նայել: Նրա կարծիքով, քանի որ «Կասպյան տարածաշրջանի երկրների ծովային սահմանների հարցը չի լուծվում, իսկ արդեն 15-20 տարի է` իրականացվում է նավթարդյունահանում, ապա անդրկասպյան գազամուղի նախագիծը նույնպես կիրացվի նույնիսկ առանց Թուրքմենստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնագրի ստորագրման» (տես` նույն տեղում):

Սա արդեն միջազգային ծովային իրավունքի բացահայտ անտեսման հորդոր է: Դեսպան Մորնինգսթարը, սակայն, «բացատրություն» ունի նաեւ այս դեպքի համար. «Եթե այդ նախագիծն իրականացվի Եվրոմիության հետ պայմանավորվածությունների շրջանակում, Միացյալ Նահանգները շատ ուրախ կլինի... Հույս ունեմ, որ այդ հարցը կլուծվի որոշակի ժամանակ անց» (նույն տեղում):

Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական վերադասավորումների հեռանկարն, այսպիսով, դառնում է ադրբեջանական կողմի թերեւս գլխավոր մտահոգությունը: Անդրադառնալով խնդրին, ռուսաստանցի քաղաքագետ Աբդուլ Նաղիեւը կարծիք է հայտնել, որ «չկա ռուս-ադրբեջանական հարաբերությունների խնդիր, գոյություն ունի Ադրբեջանի հանդեպ վերահսկողության ռուս-ամերիկյան մրցակցություն» (http://www.vesti.az/news/159557):

Նրա ընկալմամբ, «խնդիրը ծագել է Դմիտրի Մեդվեդեւի միջնորդության տապալմամբ, երբ Կրեմլին չհաջողվեց ադրբեջանական ղեկավարությանը համոզել, որպեսզի ուժի չկիրառման փաստաթուղթ ստորագրի` նախքան «Ադրբեջանի տարածքից օկուպացիոն ուժերի դուրսբերումը» (չակերտները մերն են- Վ. Ա.): Այսօր, ինչպես կարելի է ենթադրել դեսպան Մորնինգսթարի «իրատեսական» ձեւակերպումներից, պաշտոնական Բաքուն գրեթե լիովին ընկալունակություն է ցուցաբերում տարածաշրջանում ամերիկյան հետաքրքրությունների հանդեպ: Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը դրա դիմաց ակնկալիքներ ունի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #87, 25-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ