RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#085, 2013-05-23 > #086, 2013-05-24 > #087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #87, 25-05-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-05-24 23:37:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 1951, Տպվել է` 86, Ուղարկվել է էլ.փոստով` 73

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՀՄԱՆ ՉՈՒՆԵՆԱԼԸ ՉԻ ԽՈՉԸՆԴՈՏԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Մոսկվա

«Մեր առջեւ դրված նպատակներից կարեւորն այն է, որ որեւէ կերպ քաղաքական միություն չստեղծենք: Այս տարածաշրջանի համար դա նման է ֆոբիայի: Առաջնահերթ մեզ համար հարկավոր է ստեղծել լիարժեք տնտեսական միություն, որը թույլ կտա ամրապնդել մեր տնտեսությունն ու միեւնույն ժամանակ նոր գլոբալ տնտեսության մեջ տեղ զբաղեցնել: Ես վստահ եմ, որ այդ գլոբալ տնտեսությունը կկայացնեն ոչ թե 200 պետություններ, այլ 20 տարածաշրջանային դաշինքներ, որոնք այսօր ձեւավորվում են»: Տեսակետը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման եւ մակրոտնտեսության հիմնական ուղղությունների նախարար Տատյանա Վալովայայինն է: Նա հավաստիացնում է, որ Եվրասիական միություն ասելիս չպետք է կարծել, որ քաղաքական միություն է: «Մենք որեւէ կերպ չենք խոսում քաղաքական միության ձեւավորման կամ միության արտաքին քաղաքական ուղղվածության մասին: Մենք այդ առնչությամբ չենք մտածել ու չենք մտածում քննարկումներ անցկացնել, որովհետեւ դրա համար կան այլ հարթակներ: Մենք ՄԱԿ-ի անդամ ենք, արտաքին քաղաքականության վերաբերյալ բոլոր հարցերը քննարկում ենք այդ հարթակում եւ հույս ունեմ, որ այդ մակարդակին էլ կմնա», ասաց Վալովայանՙ հավելելով, որ Մաքսային միությունը բացառապես տնտեսական նշանակություն կունենա:

Վալովայան համամիտ չէ, որ Եվրասիական միությունը Խորհրդային Միության վերածնունդն է նշանակում: «Ռուսաստանը նման նպատակ իր առջեւ չի դրել եւ այդ նպատակը չի հետապնդում: Բոլոր նրանք, ովքեր ցանկություն կհայտնեն Եվրասիական տնտեսական միության հիմքի վրա ստեղծել Խորհրդային Միություն, առաջին հերթին կկորցնեն Ռուսաստանի աջակցությունը»: Տատյանա Վալովայան համոզված է, որ նման խոսակցություններն արհեստական բնույթ են կրում եւ հատուկ արվում, որ նման տրամադրություններ շատ լինեն: Նախարարը համոզված է, որ շատերն են գիտակցում, որ ճիշտ գաղափար է առաջ քաշված եւ այդ գաղափարը շատ կարեւոր է տնտեսության տեսանկյունից: Վալովայան հավաստիացնում է, որ Ռուսաստանն իր առջեւ խնդիր չի դրել բանակցել ինչ-որ երկրների հետՙ Եվրասիական տնտեսական միությանը միանալու համար: «Անկեղծ կլինեմ, դա մեզ ձեռնտու չէ: Մենք ելնում ենք այն հանգամանքից, թե ԱՊՀ երկրներից ով ինչպիսի որոշակի հետաքրքրություն է ցուցաբերում հարցի վերաբերյալ: Ձեր երկրի մասով պետք է ասեմ, որ կա փոփոխություն: Երբ գաղափարն առաջ եկավ, Հայաստանինը ընդամենը հետաքրքրություն էր, այժմ Հայաստանը դիտորդի կարգավիճակով մտավ Եվրասիական տնտեսական միություն», ասաց Վալովայան: Ռուս պաշտոնյան հավաստիացնում է, որ Հայաստանի կամ որեւէ այլ երկրի առջեւ չի դրվելու «կամ-կամ» տարբերակը: «Մենք խնդիր չենք տեսնում, որ Հայաստան-Եվրոմիություն հարաբերությունների զարգացման ուղղությամբ ընթանում են բանակցություններ: ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունները չեն կարող խոչընդոտել Մաքսային միության շրջանակներում Հայաստանի ակտիվ գործունեությանը», ասաց Վալովայան:

Հայկական կողմին հետաքրքրող ամենակարեւոր հարցերից մեկն այն է, թե ինչպես կարող է երկիրն անդամակցել Եվրասիական միությանը, եթե չունի ընդհանուր սահման նախ Ռուսաստանի, ապա միության կազմում առկա այլ երկրների հետ: Տատյանա Վալովայայի գնահատմամբՙ խնդիրը որեւէ կերպ չի խոչընդոտում Եվրասիական միության կայացմանը: Նա հղում է կատարում միջազգային պրակտիկայում առկա երեւույթին, երբ համատեղ սահմանի բացակայությունը չի խանգարել տնտեսական համագործակցությանը: Թեպետ Վալովայան շեշտում է, որ ընդհանուր սահմանի բացակայությունը կարող է խնդիրներ եւ չնախատեսված ծախսեր առաջացնել, սակայն անհաղթահարելի խոչընդոտ չէ: «Բացի դրանիցՙ եթե համատեղ սահման չունենանք, Կովկասում տնտեսական իրավիճակն արագ զարգանալու պարագայում, կլուծվի նաեւ տարածքային հեռավորության հարցն ու ապրանքների տեղափոխումը խնդիր չի հարուցի»: Այս համատեքստում Վալովայան շեշտում է, որ մեր երկրից հիմնական արտահանվող ապրանքատեսակները լինելու են բարձր տեխնոլոգիաներն ու այդ առումով սահմանային խնդիրներ ընդհանրապես չեն առաջանում: Նախարարի խոսքովՙ Հայաստանի առեւտրաշրջանառությունը Մաքսային միության երկրների հետ շատ արագ է աճում: Մեր երկրիՙ վերոնշյալ երկրներ արտահանում աճել է 43, ներմուծումըՙ 17, իսկ առեւտրաշրջանառությունըՙ 22 տոկոսով: Մեր երկրից հիմնականումն արտահանվում են գյուղատնտեսական եւ սննդի արդյունաբերության ապրանքներ:

Հիշեցնենք, որ Մաքսային միության անդամ երկրներ են Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների նախաձեռնությամբ նախորդ տարի ստեղծվել է ռուս-հայկական համատեղ հանձնաժողով, որն ուսումնասիրում է Մաքսային միության եւ միասնական տնտեսական տարածքի հետ Հայաստանի հնարավորություններն ու ուղղությունները:

Հ. Գ. - Այցելությունը Մոսկվա իրականացել է «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծության հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #87, 25-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ