RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#085, 2013-05-23 > #086, 2013-05-24 > #087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #87, 25-05-2013



Տնտեսություն

Տեղադրվել է` 2013-05-24 23:37:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 1087, Տպվել է` 62, Ուղարկվել է էլ.փոստով` 42

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ` ԱՎԵԼԻ ԿՈՆԿՐԵՏ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ի՞նչ սպասելիքներ ունենանք առաջիկա 4 տարիներին

Թեեւ կանխատեսումներն անելն անշնորհակալ գործ է, բայց աշխարհի բոլոր կառավարությունները իրենց ծրագրերը ներկայացնելիս պարզապես պարտավոր են ներկայացնել կոնկրետ միջոցառումներ եւ կանխատեսումներ անել, թե դրանք ի՞նչ արդյունքների կհանգեցնեն: Բացառություն չէ նաեւ Հայաստանի կառավարությունը, որի ղեկավարը մի քանի օր առաջ Ազգային Ժոովում ներկայացրեց առաջիկա 4 տարիների իր գործունեության ծրագիրը եւ քննարկումները դրա շուրջը հիմա էլ շարունակվում են: Սակայն, ավելի կոնկրետ նպատակային ցուցանիշները տեղադրված են կառավարության ծրագրում: Որո՞նք են դրանք, ի՞նչ պետք է փոխվի նոր կառավարության գործունեության արդյունքում առաջիկա 5 տարիներին, մասնավորապես սոցիալ-տնտեսական կյանքում:

2013-2017-ի, ընթացքում կառավարությունը նպատակադրել է մեր երկրում ապահովել զարգացած երկրների համեմատ ավելի բարձր տեմպերով տնտեսական (համախառն ներքին արդյունքի) աճ` տարեկան 5-7 տոկոս, ինչպես նաեւ ներմուծման նկատմամբ արտահանման առաջանցիկ աճ: Հարկ է նշել, որ վերջին 2 տարիներին արդեն իսկ տնտեսական աճի այս տեմպն առկա է, իսկ վերջին 2 ամիսներին արձանագրվում է արտահանման աճ եւ ներմուծման նվազում, թեեւ այս ցուցանիշը միտում համարելու համար դեռեւս ժամանակ է պետք:

Հաջորդ նպատակը նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկումն է: Հիշեցնենք, որ ներկայումս նվազագույն աշխատավարձը 35 հազար դրամ է, բայց հուլիսի 1-ից նախատեսված է սահմանել 45 հազար դրամ, ինչը նշանակում է աշխատավարձերի համամասնորեն մոտ 30 տոկոսով բարձրացում: Նվազագույն աշխատավարձի կրկնապատկման դեպքում 4 տարի հետո պետք է լինի 70 հազար դրամ: Համեմատության համար նշենք, որ այս պահի դրությամբ Հայաստանում միջին աշխատավարձը կազմում է 141 հազար դրամ: Նվազագույն աշխատավարձի կրկնապատկման դեպքում պետք է ենթադրել, որ 4 տարի հետո միջին աշխատավարձը Հայաստանում կգտնվի 280-300 հազար դրամի սահմաններում:

Սոցիալական ոլորտի մյուս նպատակներն են նվազագույն աշխատավարձ/աղքատության ցուցանիշի առնվազն 140 տոկոս մակարդակի ապահովում, ծնելիության գումարային գործակցի աճՙ մինչեւ 1,8-ի, 5-6 տարեկան երեխաների առնվազն 90 տոկոսի համար նախադպրոցական կրթության հասանելիության ապահովում, միջին աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակի մակարդակի բարձրացումՙ հասցնելով աղքատության գծի համեմատ առնվազն 125 տոկոսի, աղքատության կրճատման ապահովումՙ 8-10 տոկոսային կետով: Ի դեպ, աղքատության վերացումը կառավարության ծրագրում գերակայությունների մեջ է նշված, ինչի մասին խորհրդարանում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ներկայումս Հայաստանի բնակչության 34 տոկոսը համարվում է աղքատ: 2008-ին աղքատության ցուցանիշը, 7-8 տարվա ընթացքում, 51 տոկոսից նվազել էր, հասնելով 25 տոկոսի: Ցավոք, աղքատության մակարդակը բարձրացավ տնտեսական ճգնաժամի հետեւանքով, եւ կառավարությունը պարտավորվել է 2017-ին այդ ցուցանիշը հասցնել նախաճգնաժամային մակարդակին, ինչը նշանակում է, որ մոտ 300 հազար մարդ պետք է դադարեն աղքատ լինել:

Հայաստանի համար կարեւոր հաջորդ հիմնահարցը գործազրկությունն է: Այս առումով առաջիկա 5 տարիներին կառավարությունն ակնկալում է պայմաններ ապահովել 100 հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծման համար: Ընդ որում, ոչ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվածների թիվը պետք է ավելանա 30-50 հազարով:

Նախատեսվում է նաեւ տարեկան համախառն ներքին արդյունքի նկատմամբ 0,3-0,4 տոկոսային կետի չափով պետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճի ապահովել: Այս ցուցանիշի ապահովումը, ըստ էության, հիմնական անհրաժեշտ պայմանն է այն բոլոր սոցիալական ծրագրերի, որ նպատակադրել է իրականացնել կառավարությունը, քանի որ առանց ստվերի նվազման եւ հարկերի հավաքման մակարդակի բարձրացման, միջոցները պարզապես չեն բավարարի այդ նպատակների իրականացման համար:

Միեւնույն ժամանակ, ծրագրում նշվում է, որ արտաքին տնտեսական միջավայրի վատթարացումը կարող է որոշակի ճշգրտումներ մտցնել նաեւ Հայաստանի կառավարության ծրագրերի իրագործման համար` վտանգելով թիրախային ցուցանիշների հասանելիությունը: Նման դրսեւորումները կարող են զսպել ՀՆԱ աճի տեմպը: Հայաստանի կառավարությունն այս պայմաններում ջանքերը կկենտրոնացնի Հայաստանի տնտեսության կայունության պահպանման, ներքին ռեսուրսների առավել օպտիմալ օգտագործման միջոցով տնտեսական զարգացման ապահովման վրա, ելնելով Հայաստանի` տվյալ պահին առկա յուրահատկություններից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #87, 25-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ