RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#085, 2013-05-23 > #086, 2013-05-24 > #087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #87, 25-05-2013



Տեղադրվել է` 2013-05-24 23:37:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 1536, Տպվել է` 59, Ուղարկվել է էլ.փոստով` 68

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԸՙ ՏԱՐԱԿՈՒՍԱՆՔ ԱՌԱՋԱՑՆՈՂ ՎԻՃԱԿՈՒՄ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ, Ավստրիա, Գրաց

Եվրոպայի կենտրոնում գտնվող Ավստրիայի հետ հայաստանյան հիմնական նմանությունների օրինակներից կարելի է մի քանիսը նշել. երկուսն էլ համաշխարհային ջրերի նավահանգիստներ չունեն, ընդերքները հարուստ չեն նավթով ու գազով, 1 քկմ-ի վրա բնակվողների թվով պատկերը գրեթե մոտ է, գյուղգործունեության հիմնական միջավայր վարելահողերի առումով էլ 1 բնակչի հաշվով բաժին է հասնում 1700 քմ եւ նման բաներ: Ավստրիացիների գյուղատնտեսական հիմնական մշակաբույսերում էլ էական տարբերություն չկա. հացահատիկ, կարտոֆիլ, խաղող ու բանջարեղեն: Շտիրիայի մարզը, որը երկրի հարավում է եւ ավելի մոտ Իտալիային, համարվում է խաղողագործական շրջան: Այցելածս որոշ այգիներ այս շրջանում հայաստանյան խաղողի տարածքների համեմատ յուրօրինակ տեսք ունեն, որոնք տարվա արդյունքով աշնանը ցանկալի բերք են ապահովում: Այգիները հիմնականում 400-600 մ բարձրության վրա են, գրեթե չեն ջրվում, շատ քչերը պաշտպանված են ցանցերով:

Բայց տարօրինակն այլ է. խաղողագործական համարվող տարածքում ավելի հաճախ կարելի է եգիպտացորենի դաշտերի հանդիպել. վերջիններս կան անգամ Գրաց քաղաքի վարչական գոտում: Տեսել եմ 2-4 հա ընդգրկող նման մի քանի դաշտեր, որոնցից, կարծում եմ, Երեւանի տարածքից մասամբ փոքր 300 հազար բնակչությամբ այս քաղաքում էլի կան: Գիտեմ, որ որոշ ազգեր եգիպտացորենի ալյուրից հաց են թխում, որը, վստահեցնում եմ, ավստրիացիներին չի վերաբերում: Այլեւայլ տասնյակ տեսակների հացամթերքների ցանկում եգիպտացորենի արտադրանքի շատ քիչ ենք հանդիպում: Ավստրիացիները եգիպտացորեն մշակելով այլ նպատակ են հետապնդում եւ մի բան հաստատ գիտեն. այս մշակաբույսի 20-25 կգ սերմը 1 հա-ի հաշվով 8-9 տոննա բերք է երաշխավորում, որն առավելագույն կերամիավոր պարունակելով լիարժեք անասնակեր է բոլոր տեսակի անասունների համար: Իսկ անասնամթերքներ, միս, կաթ, ձու, դրանց վերամշակումներ ավստրիացիները շատ են սիրում, դրանք սպառում են ամեն օր, մի քանի անգամ, որպիսի նախասիրություններ ունենք նաեւ հայաստանաբնակներս առանց բացառության: Հիշյալ ավստրիական արտադրատեսակները գրավիչ տեսք ունեն, վաճառվում են հարմար փաթեթավորումով, որոնց վրա նշված են գնորդին հետաքրքրող ու մտահոգող բոլոր տվյալները: Դրանց գները տարբեր են. թե՛ հայաստանյանին մոտ, թե՛ կրկնակի ու եռակի գերազանցող: Բայց դրանք կարելի է գնել նաեւ որոշակի ցածր գներով, որոնք տարբեր ձեւերով իրականացվում են գրեթե յուրաքանչյուր շաբաթ, երբեմն իրարից 100-150 մ հեռավորության վրա գտնվող սուպերմարկետներում: Այս մասին հիշեցնող առեւտրային ցանցի գովազդային թերթիկները անվճար վաղ առավոտյան են հայտնվում ավստրիաբնակների փոստարկղերում, որոնցից վերցված լուսանկարները պարբերաբար ենք ներկայացրել մեր ընթերցողներին:

Հիմա ծանոթանանք Ավստրիայի անասնապահության հիմնական ուղղությունների մի քանի թվերի: Երկրում պահվում են բարձր կաթնա-մսատու 2 մլն խոշոր եղջյուրավոր եւ 3 մլն-ից ավելի խոզ, 16 մլն հավ եւ սրանց համեմատ աննշան մանր եղջյուրավոր: 2010-ին միայն խոզի մսի արտադրությունը կազմել է 540 հազար տոննա, թեեւ երկիրն ունեցել է նաեւ 620 հազար տոննայի ցուցանիշ: 8 մլն բնակչության պարագայում 1 բնակչի հաշվով ստացվում է տարեկան 70 կգ խոզի մսի արտադրություն, որին տավարի ու հավի մսատեսակներն էլ հավելելով ապահովվում է այն միջավայրը, որի մասնակի պարկերացումն ունենք հայաստանցիներս այս երկրի մասին: Ավստրիայի մեծ ու փոքր բնակավայրերում ապաստանած մեր մի քանի հազար հայրենակիցները փաստում են, որ գերմանախոս այս մարդիկ էական ոչնչով այլքից չեն առանձնանում, եթե չնշենք բարվոք սննդի արդյունքում ձեւավորվող բարեխիղճ աշխատասիրությունն ու որոշակի բծախնդրությունը: Վերջին հատկանիշը դրսեւորվում է ամենուր եւ բարյացակամորեն է ընդունվում երկրում հաստատվողների, այդ թվում մեր հայրենակիցների կողմից, որոնց գերակշիռ մասը հայաստանցիներ են, ժամանակավոր թե հիմնական Ավստրիա տեղափոխվածներ: Ուրեմն ի՞նչ անել այս ամենը Հայաստանում ապահովելու, արտագաղթ թույլ չտալու եւ առավել ցանկալի ներգաղթ ու վերադարձ ապահովելու, համանման լրատվությունն էլ անհարկի գովազդ չդարձնելու նպատակով:

ՀՀ քաղաքացուս այսօրինակ մտորումներով էր պայմանավորված ամիսներ առաջ երկրի բարձրագույն ղեկավարությանն ուղղված մտահոգությունս, կապված ՀՀ վարելահողերում առվույտ ու կորնգան մշակելու լայնածավալ ծրագրի հետ: Համաշխարհային փորձը փաստարկելով տարբեր առիթներով նշել, ակնարկել ու ահազանգել եմ, որ ՀՀ գյուղոլորտում փորձարկումների նմանվող գործընթացները որեւէ հիմնավորում չունեն, չեն բխում գործարար միջավայր ստեղծելու տրամաբանությունից եւ անցանկալի հետեւանքների են հանգեցնում, այդ թվում ավերիչ դրսեւորումների պատճառ դառնում: Բայց չգիտես ում մտքով է անցել եւ իշխանական որ մակարդակում որոշում կայացվել հերթական անգամ առաջնորդվել «փորձը փորձանք չէ» սկզբունքով: Անշուշտ, առվույտն ու կորնգանն էլ են անասնակեր, միայն այն տարբերությամբ, որ դրանցով սնված անասունները իրենց մթերատվությամբ մի քանի անգամ զիջում են: Երկիր մոլորակի արդեն թիվ 1 մշակաբույս համարվող եգիպտացորենի հատիկին: Ամենուր իրավիճակը պարզից էլ պարզ է, միայն ոչ... ՀՀ գյուղնախարարության համար, ուր համամիտ չեն տողերիս հեղինակիՙ ՀՀ նախագահին ուղղված «Ահազանգում թիվ 7»-ի այն գնահատականին, որ նախարարությունը պատրաստակամ չէ լուծելու երկրի պարենային անվտանգության ապահովման խնդիրը: ՀՀ գյուղնախարար Ս. Կարապետյանի ստորագրությամբ վավերացված պատասխանում ընդգծվում է, որ հանրապետությունում վերջին տարիներին որոշակի աշխատանքներ են իրականացվել անասնաբուծության զարգացման ուղղությամբ, դրանք նշվել են կոնկրետ թվերով. մսի իրացման ծավալների աճ մոտ 2 տոկոսով, կաթի` 3 տոկոսով, ձվի` 4 տոկոսով: Միայն թե արտառոց տարօրինակ է, որ նման ցուցանիշներ արձանագրվում են յուրաքանչյուր ակնթարթ աղքատացող ՀՀ գյուղական բնակչության պարագայում, արտերկրներից ներկրված էժանագին մսատեսակներից ու կաթի փոշուց պատրաստված երշիկեղենի ու կաթնամթերքի ստացման արդյունքում, հայ հողագործի աշխատանքը ոչ լիարժեք արդյունավետության ուղղորդելու հետեւանքով, նրան արտագաղթելու դրդելու միջոցով: Անհասկանալիից առավել անընդունելի է, թե ինչու է հարկատուների միջոցներով պահվող ՀՀ իշխանության մաս կազմող գյուղնախը անիրատեսական համարում առաջիկա տարիներին 80-100 հազար տոննա խոզի մսի արտադրությունը, խոչընդոտ հռչակելով խոզերի անհրաժեշտ գլխաքանակի ու լիարժեք կերերի բացակայությունը: Վստահ նշեմ, որ Երկիր մոլորակի չորս կողմերում կարողանում են պարզագույն այս խնդիրը լուծել: Մեր տարածքն ունեցող Բելգիայում 6,5 մլն խոզ են պահում, հարեւան Դանիայում դրա կրկնակին կա, Բրազիլիայում այս անասնատեսակը 50 մլն է, Չինաստանում 500 մլն: 2000-2010 թթ այս մսատեսակի համաշխարհային արտադրությունն ավելացել է 20 մլն տոննայով: ՀՀ-ում թե՛ արտադրությունն է աննշան, թե՛ աճը, որը որեւէ տրամաբանական բացատրություն չունի, քանզի խոշոր ծավալներով ներկրում է իրականացվում: Երկիր մոլորակի վրա ամենուր գերարտադրություն է արձանագրվում, որի անմիջական ականատեսն ենք դառնում հայաստանյան առեւտրային ցանցում գնումներ կատարելիս: Հայաստանի պարագայում իրավիճակում փոփոխություն հնարավոր չէ, քանզի մերն ուրիշ է, տարօրինակորեն ուրիշ, ուրիշների տարակուսանքը հարուցող ուրիշ: Ավստրիացի ծանոթներս միամտորեն հարցնում են, թե խոզի միսն ի՞նչ է, որ պահանջվող ծավալներով արտադրել չենք կարողանում: Ցավոք, պատասխանը տրամաբանությունից դուրս է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #87, 25-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ