RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31 > #090, 2013-06-01 > #091, 2013-06-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #89, 31-05-2013



«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԻՍՏ

Տեղադրվել է` 2013-05-30 23:58:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 2011, Տպվել է` 70, Ուղարկվել է էլ.փոստով` 69

ՍՓՅՈՒՌՔՈՒՄ ԳՈՒՄԱՐ ՀԱՎԱՔԱԳՐԵԼԸ ԲՆԱՎ ՀԵՇՏ ՉԷ

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 22-րդ նիստը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 22-րդ նիստը տեղի ունեցավ երեկ կառավարության ընդունելությունների տանը: Նիստի բացմանը հանրապետության նախագահը, որը նաեւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, հանդես եկավ խոսքով: Սերժ Սարգսյանը նախ եւ առաջ շեշտեց, որ նիստը կրելու է խիստ աշխատանքային բնույթ, ապա նշեց. «Առաջիկա տարիներին Հայաստանում ընտրությունների բացակայությունը կծառայի լավ առիթ քիչ խոսելու ու շատ աշխատելու համար: Կարծում եմ` առաջիկա տարիները ոչ միայն Հայաստանի իշխանությունների, այլեւ ողջ հայության համար պետք է լինեն քրտնաջան ու լուրջ աշխատանքի տարիներ: Եվ լուրջ արդյունքներ արձանագրելու համար ունենք բոլոր անհրաժեշտ հիմքերը»:

Երեկվա նիստի ժամանակ նախորդ տարվա կատարված անելիքներն ու առաջիկա ծրագրերը քննարկելուն զուգահեռ կրկին ընդգծվեց սիրիահայությանն օգնելու հարցը: Ըստ նախագահ Սարգսյանի` սիրիահայության խնդիրը շարունակում է մնալ բաց վերք ողջ հայության համար. «Մենք, որպես պետություն ու որպես հայ ժողովուրդ, աջակցել եւ աջակցելու ենք սիրիահայ մեր քույրերին ու եղբայրներին, անկախ նրանիցՙ նրանք եկել են Հայաստան, թե՞ մնացել են Սիրիայում»: Իսկ ելույթը եզրափակելիս Սերժ Սարգսյանը նշեց, որ ոչ մի կառույց այնքան ամբողջական չի արտացոլում Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն ու հայության հնարավորությունները, որքան «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

Վերջին տարիներին «Հայաստան» հիմնադրամի քարտեզի վրա հայտնվել են բնակավայրեր, որոնք օրինակներ են համայնքների լիակատար զարգացմանն ուղղված ծրագրերի: Օրինակ` միայն Տավուշի մարզի Դիտավան գյուղում անցած տարիներին հիմնադրամն ավարտին է հասցրել հինգ ծրագիր` նոր դպրոց, ջրագիծ, գազատար, համայնքային կենտրոն, ոռոգման համակարգ, որոնք հեշտացրել են գյուղի բնակիչների կյանքը: Ընդհանրապես իր գործունեության ընթացքում Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում հիմնադրամն իրականացրել է բազմաթիվ համալիր ծրագրեր, որոնք փաստում են, որ հետեւողականությունը հիմնադրամի կարեւորագույն սկզբունքներից է:

Հիմնադրամի 22-րդ նիստին ներկա էին նաեւ ԼՂ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետը, արտգործնախարարը, սփյուռքի նախարարը եւ ուրիշներ: Եվ ընդհանուր առմամբ` հոգաբարձուների խորհրդի 37 անդամներից ներկա էին 28-ը:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը նիստի ընթացքում ներկայացրեց գործադիր վարչության հաշվետվությունը 2012-ի կատարած աշխատանքների մասին: Իսկ լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ Արա Վարդանյանը տեղեկացրեց, որ 2012-ի աշխատանքները գնահատվել են գոհացուցիչ, ու խնդիրներ չեն ծագել: Նա նշեց` առաջարկվել է, որ հիմնադրամի դրամահավաքը նաեւ ուղղվի Ղարաբաղ տանող երկրորդՙ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմանը: Ըստ նրա` ճանապարհի հողային աշխատանքների մեծամասնությունը ՀՀ եւ ԼՂՀ կառավարությունների կողմից արդեն իրականացվել է, եւ հիմնադրամին մնում է կատարել ասֆալտապատման ու բարեկարգման աշխատանքները: Ճանապարհի ընդհանուր երկարությունը 114 կիլոմետր է, իսկ արժեքը` մոտավորապես 30 միլիոն դոլար: «Ընտրվել է հատկապես այս ճանապարհը, քանի որ դա Հայաստանը Ղարաբաղին կապող երկրորդ ճանապարհն է, եւ սա կհեշտացնի դեպի Հայաստան ու Ղարաբաղ գալ-գնալը, կզարգացնի տուրիզմը: Ճանապարհի կառուցումը կարեւոր է նաեւ ռազմավարական առումով: Իրոք, ուրախ եմ, որ «Հայաստան» հիմնադրամին պատիվ է ընձեռվում իրականացնելու նման ծրագիր: Եվ նոր ճանապարհով Երեւանից հնարավոր կլինի հասնել Ստեփանակերտ ընդամենը 3 ժամում», ասաց Արա Վարդանյանը:

2013-ի բոլոր դրամահավաքները կավարտվեն տարեվերջին, հունվարին վերջնականապես կհայտարարվի, թե որքան գումար է հավաքվել, այնուհետեւ կհայտարարվեն եւ շինարարական մրցույթները:

Ինչ վերաբերում է սիրիահայությանն օգնելու հարցին, Արա Վարդանյանը ասում է, որ կշարունակեն ինչպես նախկինում` տրամադրելով ուսանողների ուսանողական վարձերը, հոգալով սիրիահայերի բուժման ծախսերը եւ այլն:

Ավստրիայի «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատասխանատու Ռազմիկ Թամրազյանը նույնպես նշեց, որ 2012-ին հիմնադրամի գործունեությունն արդյունավետ է եղել, ու նախատեսված բոլոր աշխատանքները կատարվել են:

Իսկ 2013-ի համար ամեն տեղական մարմին իր ծրագրերն ունի: «Ավստրիայի մեր տեղական մարմնի հավաքագրած բոլոր նվիրատվությունները տրամադրվում են զոհված ազատամարտիկների ու առաջին կարգի հաշմանդամների ընտանիքներին օգնելու նպատակով: Եվ ամեն տարի նրանց տրամադրվող գումարը կազմում է մոտավորապես 15-20 հազար դոլար», ավելացրեց Ռազմիկ Թամրազյանը:

Իսկ Տորոնտոյի տեղական մարմնի հիմնադիր-ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ մարդասիրական աշխատանքին զուգահեռ հիմնադրամի գործունեությունը նաեւ օժանդակում է տնտեսությանը:

Անգլիայի մասնաճյուղի ատենապետուհի Արմինե Կարապետյանը գալիք ծրագրերին նույնպես անդրադարձավ. «Կարծում եմՙ մեր մասնաճյուղն այս տարի կվերցնի Աշտարակի մոտ գտնվող Սասունիկ գյուղում մանկապարտեզ կառուցելու գործը: Սասունիկում հիմա մանկապարտեզ չկա, եւ գյուղի շուրջ 100 երեխա ստիպված մանկապարտեզ է հաճախում Աշտարակում»:

Արմինե Կարապետյանը նաեւ նշում է, որ Սփյուռքում դրամ հավաքագրելը բնավ հեշտ չէ, եւ պատճառներից մեկն էլ Սփյուռքում սերնդափոխությունն է. երիտասարդները չունեն հայրենիքի մասին այնպիսի պատկերացումներ եւ այնպիսի վերաբերմունք հայրենիքի հանդեպ, ինչպիսին ունեն Սփյուռքի ավելի ավագ սերնդի մեր հայրենակիցները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #89, 31-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ