RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31 > #090, 2013-06-01 > #091, 2013-06-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #89, 31-05-2013



Տեղադրվել է` 2013-05-30 23:58:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1354, Տպվել է` 82, Ուղարկվել է էլ.փոստով` 44

«ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ԱՊՐՈՒՄ ԵՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ»

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացի շուրջը (ոչ թե բուն կարգավորման գործընթացում) բավականին ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում:

Մասնավորաբար, օրերս տարածաշրջան կատարած այցից առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եռյակը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշեց հակամարտության կարգավորման նպատակով կողմերին առաջարկվելիք «նոր միջոցների» մասին: Այդ միջոցների կոնկրետ ինչպիսին լինելը, բնականաբար, հայտնի չդարձավ ոչ այցի ժամանակ, ոչ էլ դրանից հետո: Հետեւաբար, այդ «նոր միջոցները» պետք է ենթադրել:

Բայց, նախ Մոսկվա մեկնեց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Կասկածից վեր է, որ այդ «նոր միջոցների» մասին Մամեդյարովն անձամբ տեղեկացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովից, ու հանդիպումից հետո` ասուլիսում, այնուհետեւ ռուսական պարբերականին տված հարցազրույցում խոսում է ԼՂ հիմնահարցի կարգավորման բացառապես խաղաղ ճանապարհի մասին` ընդգծելով, սակայն, որ «Ադրբեջանը կավելացնի իր ակտիվ ջանքերը միայն հոկտեմբերին կայանալիք համապետական ընտրություններից հետո»: Հետեւաբար, Բաքվին «նոր միջոցներին» ավելի հանգամանալից ծանոթանալու համար ժամանակ է անհրաժեշտ, կամ այդ միջոցներն այնքան լավ չեն Բաքվի համար, եւ Մամեդյարովը հասկանում է, որ դրանց այս պահին բարձրաձայնումը կարող է բացասաբար անդրադառնալ Իլհամ Ալիեւի երրորդ նախագահական նկրտումների վրա:

Բայց մոսկովյան Լավրով-Մամեդյարով հանդիպումը ամենեւին էլ այսքան միանշանակ չէր: Լավրովն ինքը իր հայտարարություններով որոշակիորեն անհանգստանալու հիմքեր տալիս է ԼՂ հակամարտության հայկական կողմերին: Մասնավորաբար` ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական կայքէջում «ՌԴ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Էլմար Մամեդյարովի համատեղ մամուլի ասուլիսը Մոսկվայում» խորագրի ներքո զետեղված նյութում կարդում ենք Լավրովի հետեւյալ արտահայտությունները` «Ստատուս քվոն ձեռնտու չէ ոչ մի կողմին. առաջին հերթինՙ Ադրբեջանին, Հայաստանին եւ նրանց, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում»: Այնուհետեւ Լավրովը նշել է. «Ստատուս քվոյի պահպանումը ոչ միայն չլուծված է թողնում ադրբեջանական հողերի վերադարձի հարցը, այլեւ պահպանում է Հայաստանի էներգետիկ շրջափակումը, հետեւաբար ստատուս քվոյի պահպանումն անթույլատրելի է»:

Հայկական մեդիայում, հատկապես ընդդիմադիր շրջանակները Լավրովի այս արտահայտությունները սկսեցին դիտարկել Ռուսաստան-Հայաստան, ավելի կոնկրետ` նախագահ Պուտին-նախագահ Սարգսյան լարված կամ սառը հարաբերությունների տիրույթում, որոնց շրջանակներում է նաեւ գազի սակագնի թանկացումը Հայաստանի համար: Գուցե եւ այստեղ ճշմարտության հատիկ կա, մասնավորաբար, եթե նախագահ Մեդվեդեւի հետ նախագահ Սարգսյանը հանդիպել է ավելին քան տասը անգամ Մեդվեդեւի նախագահության չորս տարիների ընթացքում, ապա նախագահ Պուտինին նախագահ Սարգսյանը հանդիպել է ընդամենը երկու անգամ` երկու անգամ էլ Մոսկվայում, առաջին անգամ, երբ Պուտինը վերադարձավ Կրեմլ, երկրորդ անգամ, երբ Սարգսյանը վերընտրվեց Հայաստանի նախագահի պաշտոնում:

Սակայն իրենց տարածաշրջանային այցելության ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից Ռուսաստանի ներկայացուցիչ Իգոր Պոպովը փաստացի հերքեց իր իսկ ԱԳ նախարարի հիշյալ արտահայտությունները: Պոպովի համոզմամբՙ Լավրովը ոչ թե ասել է` «Ստատուս քվոն ձեռնտու չէ առաջին հերթին Ադրբեջանին, Հայաստանին եւ նրանց, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում», այլ ասել է. «Ստատուս քվոն ձեռնտու չէ առաջին հերթին Ադրբեջանին, Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին»: Պոպովը վստահ է, որ Լավրովը փոխանակ ասելու`«Ստատուս քվոյի պահպանումը ոչ միայն չլուծված է թողնում ադրբեջանական հողերի վերադարձի հարցը, այլեւ պահպանում է Հայաստանի էներգետիկ շրջափակումը, հետեւրաբար ստատուս քվոյի պահպանումն անթույլատրելի է», այլ ընդամենն ասել է. «Ստատուս քվոյի պահպանումը շարունակական է թողնում Հայաստանի էներգետիկ շրջափակումը, հետեւաբար ստատուս քվոյի պահպանումն անթույլատրելի է»: Բայց, ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքէջի վերոհիշյալ խորագրով նյութում, Լավրովի առաջին վարկածով արտահայտությունները ինչպես կարդում էինք Պոպովի հերքումից առաջ, այնպես էլ կարդում ենք Պոպովի հերքումից հետո: Հազիվ թե ազերպրոմի ձեռքերը կարողանան հասնել Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայք` խեղաթյուրելու նախարար Լավրովի խոսքերը: Հետեւաբար... Հետեւաբար կամ Լավրովն է եղել ադրբեջանցի իր գործընկերոջ թողած տպավորության տակ ու չի ցանկացել նեղացնել հյուրերին, կամ Պոպովն է եղել հայկական տարածքում, ու չի ցանկացել նեղացնել այսքան հյուրընկալ հայերիս:

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին Օքսվորդի համալսարանի լսարանի առջեւ ելույթ ունեցավ, որտեղ մանրամասնորեն ներկայացրեց ԼՂ հակամարտության պատմությունն ու բանակցությունների ընթացքը: Նալբանդյանի խոսքերից բրիտանական ազդեցիկ լսարանն իմացավ, որ Ադրբեջանը մշտապես հակադրվել է միջորդական կողմից բերված հակամարտությունը լուծելուն ուղղված միջոցներին ու ծրագրերին, առաջարկելով նրանց վերաբերյալ իր բազմահատոր առարկությունները: Ու եթե Մոսկվայում Լավրովը նշեց, թե «Ադրբեջանի համար ընդունելի էր մադրիդյան սկզբունքների 2009-ի նորացված տարբերակը` որպես բանակցությունների հիմք», ապա Օքսֆորդում մեր նախարարը շեշտեց, որ «...անգամ այդ տարբերակի առնչությամբ Բաքուն ուներ սեփական առաջարկությունները»:

Շուտով Լավրովի հետ հանդիպելու հերթը Նալբանդյանինն է: Վստահաբարՙ Հայաստանի ԱԳ նախարարը եւս անձամբ Լավրովից, գուցե ավելի նրբություններով կտեղեկանա միջնորդների բերած «նոր միջոցների» մասին: Գուցե այդ հանդիպումից հետո էլ ռուս համանախագահ Պոպովը Ադրբեջանում հերքի ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքէջում զետեղված Լավրովի խոսքերը... Իսկ մինչ այդ, Մամեդյարովը վերադարձավ Բաքու, բնականաբար Իլհամ Ալիեւին ներկայացավ «մոսկովյան զեկույցով», վերջինս էլ մայիսի 28-ին, որը Ադրբեջանում եւս համապետական տոն է, հանդես եկավ հայտարարությամբ. «Ադրբեջանը միշտ է հայտարարել, որ իր համար կա հակամարտությունը լուծելու երկու տարբերակ` խաղաղ եւ պատերազմական: Մենք պատրաստ ենք հենց այս պահին ուժով հետ բերել մեր հողերը, որոնք ամբողջ աշխարհի կողմից են ճանաչված ադրբեջանական հողեր (հիշենք Լավրովի արտահայտությունը` «ադրբեջանական հողերի վերադարձի» մասին-Հ. Ա.), սակայն կարծում ենք, որ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորությունները դեռ չեն սպառվել», հայտարարել է Իլհամ Ալիեւը` վերստին հակադրվելով, փաստորեն, միջազգային հանրությանը, ըստ որի` «ԼՂ հիմնահարցի կարգավորումն ունի բացառապես մեկ` խաղաղ ճանապարհով լուծում»: Թե ի՞նչ է նշանակում Ալիեւի այս հերթական «յաթաղանացումը» Մինսկի խմբի համանախագահների առաջարկած «նոր միջոցներին» ծանոթանալուց հետո, դժվար է ասել. Ալիեւը գնում է երրրոդ նախագահությանը, հետեւաբար նա կարիք ունի «ամենաքաջարի ազերին, ու բոլոր ազերիների տիրակալը» երեւալուն: Մյուս կողմից, գուցե Ալիեւը նաեւ պատերազմը` որպես հիմնահարցի կարգավորման միջոց վեր հանելով, փորձում է միջնորդական կողմերին հասկացնել, որ «նոր միջոցները», որոնց մասին Մամեդյարովը նրան զեկուցել է, Ադրբեջանի համար ամենեւին էլ ընդունելի չեն:

Սպասենք Լավրով-Նալբանդյան հանդիպմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #89, 31-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ