RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31 > #090, 2013-06-01 > #091, 2013-06-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #89, 31-05-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-05-30 23:58:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1227, Տպվել է` 79, Ուղարկվել է էլ.փոստով` 45

ԻՆՉՈ՞Ւ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԳՆԵՑ

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ

Կամ սարոյանական տոն ըստ Էլֆիք Զոհրաբյանի

Մայիսի 20-ին Երեւանի «Նարեկացի» արվեստի միության դիմաց հավաքվել էին Գյումրուց, Վանաձորից եւ Հրազդանից ժամանած մտավորականներՙ նշելու Վիլյամ Սարոյանի «Բան ունեմ ասելու» գրքի շնորհանդեսը: Պետպատվերով հրատարակված գիրքը, որը գրեթե սպառվել էր գրախանութներում, թարգմանել է արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ եւ դերասան Էլֆիք Զոհրաբյանը: Վանաձորի թատերական բուհի եւ Էլֆիք Զոհրաբյանի ղեկավարած դրամատիկական ստուդիայի ուսանողները` պլակատներով ու փուչիկներով, սարոյանական հումորով լի բազմանշանակ տեքստեր էին վանկարկում փողոցի մեջտեղում, ինչի պատճառով մի քանի րոպե կանգ առավ երթեւեկությունը: Անցորդները զարմացած ժպտում էին:

Ապա միջոցառումը շարունակվեց դահլիճում: Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը գնահատանքի ջերմ խոսքեր ասաց թարգմանչի, նրա գրած պիեսների եւ գեղարվեստական արժանիքներով լի հեքիաթների մասին. «Էլֆիքի թարգմանությունը բնագրային արժեք ունի եւ շատ համահունչ է սարոյանական պատկերային ողջ համակարգին: Այս ամենին նպաստել է այն հանգամանքը, որ Էլֆիքը ուղնուծուծով թատրոնի ու գրականության մարդ է»:

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը բարձր գնահատեց թարգմանչի դրամատուրգիական, թարգմանական ու թատերական գործունեությունը: Նա հավելեց, որ պատրաստվում են Ամանորին բեմադրել Էլֆիք Զոհրաբյանի հեքիաթ-պիեսները, որոնք դրական արձագանք ենք գտել թատրոններում: Կենդանի երգով ու Սարոյանի ձայնով հնչած պարային-թատերականացված կատարումներով էին ընդմիջվում ելույթները: Տողերիս հեղինակը ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի կողմից թարգմանչին ներկայացրեց իր գործունեության չորս բնագավառներումՙ արձակում, դրամատուրգիայում, թարգմանության մեջ ու թատրոնումՙ հավելելով, որ նա նաեւ հանդիսականի կողմից սիրված է որպես դերասան. «Էլֆիք Զոհրաբյանը բոլոր չորս բնագավառներում էլ լուրջ ներդրում է ունենում: Շատ կարեւոր է, որ նա շատ բարեխիղճ թարգմանիչ է, կարողացել է ընթերցողին փոխանցել սարոյանական ոգին»:

Արվեստագիտության թեկնածու, թատերագետ Արա Խզմալյանը, ում խոսքը հաճախ ընդմիջվում էր ծափահարություններով, համառոտ խոսեց Սարոյանի դրամատուրգիայի, Վարդան Աճեմյանից հետո բեմադրված սարոյանական պիեսների եւ թարգմանչիՙ ամեն բառին պատասխանատվությամբ մոտենալու մասին, ապա հավելեց. «Երեւակայությամբ չկշռադատված ամեն խաղ անփույթ, անհաջող էքսպերիմենտ եւ անպատասխանատու վերաբերմունք խոսքի հանդեպ` որակվում է որպես պոստմոդեռնիզմ: Եվ այս համատեքստում ավելի արժեքավոր է դառնում Էլֆիք Զոհրաբյանի բացառիկ պատասխանատվությունը շարադրվող եւ հրապարակվող տեքստի հանդեպ, իսկ ինձ համար նրա տաղանդն իր բարձրակետին է հասնում սատիրաներում»:

Գյումրուց ժամանած, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բեմադրիչ Սիրանույշ Ղուկասյանը եւս բարձր գնահատեց սարոյանական թարգմանությունը, հավելեց, որ ինքը նույնպես գրախոսական է գրել թարգմանության մասին, եւ հայտնեց անակնկալը. «Գյումրում բեմադրվում է Էլֆիք Զոհրաբյանի թարգմանած «Ոստրեն ու մարգարիտը» պիեսը, որը Սարոյանի լավագույն արդիական գործերից է»:

Բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ Հայկ Համբարձումյանը մասնագիտորեն խոսեց թարգմանված գրքի արժեքավոր լինելու մասին եւ նշեց, որ տաղանդավոր մարդիկ հիմնականում մարզերում են լինումՙ հավելելով Է. Զոհրաբյանի հետաքրքրական, բազմաշերտ արձակի ու նրա մարդկային տեսակի մասին: Ջերմ խոսքերով ներկայացավ նաեւ Ստ. Զորյանի տուն-թանգարանի տնօրեն, բանաստեղծուհի Լենա Անթառանյանը, ով նկատել է «իր մարդկային բացառիկ տեսակով» Է. Զոհրաբյանին, երբ վերջինս դեռ պատանի էր:

Բանաստեղծ Վահե Արսենը նշեց, որ շատ դժվար է Սարոյան թարգմանելը, իսկ թարգմանիչը պատվով է դուրս եկել «դրա տակից», քանի որ «ունի լեզվամտածողություն, նույնպես գրող է եւ թատրոնի մարդ»: «Սարոյանի պիեսների թարգմանությունը չէր հաջողվի, եթե Էլֆիք Զոհրաբյանը չլիներ Լոռվա մաքրությամբ եւ մեֆիստոֆելյան հեգնանքով»,- ասաց նա:

Թարգմանչին խոսելու համար տրվեց 257 վայրկյան: Նա խնդրեց ծափահարել նաեւ դահլիճում գտնվող մյուս տաղանդավոր թարգմանիչներինՙ Զավեն Բոյաջյանին եւ Արտեմ Հարությունյանին: «Չեմ ափսոսում, որ 5-6 տարի նվիրել եմ Սարոյանին: Այս պիեսներում ինձ գրավեց նրա գրական էքսցենտրիզմը, հումորն ու հեգնանքը, իսկ մեծ գրողները չեն կարող անհումոր լինել: Գրականության մեջ բութ լրջությունն անառողջության նշան է: Դիտելով արդեն Պուլիցերյան մրցանակ ստացած Էլմեր Ռայսի պիեսների բեմադրությունները, որտեղ խաղում էր անգամ իր սիրելի դերասան Էդի Դաուլինգը, Սարոյանը դրանք տաղտկալի անվանեց, քանի որ զուրկ էին հումորից ու սրամտությունից»,- նշեց Է. Զոհրաբյանը եւ վերջում ասաց Սարոյանի «այդ օրվա ուղերձը», որը բազմանշանակ էՙ «Թեթեւ տարեք»:

Հանդիսականը միակարծիք էր շնորհանդեսի ինքնատիպության մասին, որը կազմաքանդեց ավանդական միջոցառումների ձեւը: «Այսպիսի միջոցառումներ գրեթե չեն լինում այստեղ: Ինչ լավ էՙ եկանք այստեղ, եւ մեր օրն իմաստավորվեց Սարոյանով»,- նշեց Մհեր Մկրտչյանի տիկինըՙ դերասանուհի Թամար Հովհաննիսյանը: Երեկոյան Վանաձորից ժամանած տասնյոթ հոգանոց խումբը հյուընկալվեց Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի տանըՙ անվճար դիտելով Վ. Սարոյանի «Պատմություններ գնացքում» ներկայացումը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #89, 31-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ