RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#091, 2013-06-04 > #092, 2013-06-05 > #093, 2013-06-06 > #094, 2013-06-07 > #095, 2013-06-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #93, 06-06-2013



Տեղադրվել է` 2013-06-06 15:48:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1426, Տպվել է` 89, Ուղարկվել է էլ.փոստով` 52

ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆԸ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է ԻՐԱՔՅԱՆ ՔՈՒՐԴԻՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՑ

ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆ, Էրբիլ

Անթիվ նահատակների, ահաբեկչության զոհերի, տասնամյակների պայքարի եւ արյունով ձեռք բերված ազատությունն ու ժողովրդավարությունը ծնունդ տվեցին Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանին (Ազգային ժողով), որն այսօր վեր է բարձրանում մայրաքաղաք Էրբիլի նորակառույց կենտրոնում:

Շատ լավ պաշտպանված խորհրդարանի անցագրային բաժնում ստուգվելուց հետո շենքից ներս ենք մտնում որպես հայազգի լրագրողՙ Քուրդիստանի խորհրդարանի Ասորա-քաղդեական քրիստոնեական «Միջագետք» խմբակցության ղեկավար Սելիմ Թոմա Կակոյի ընկերակցությամբ: Նրան արժանի կերպով կարելի է կոչել հայ ժողովրդի մեծ բարեկամ, անգին ծառայությունների համար, որ այս ազնիվ, նվիրյալ ու հայասեր քաղաքական անձնավորությունը կատարել է Իրաքի Քուրդիստանում ապաստանած հայ ընտանիքների համար: Սադդամ Հուսեյնի վարչակարգի օրով դեպի Բասրա տեղափոխված Հավրեզի, Ավզրուկի հայերին նա կրկին վերադարձրել է իրենց պապենական տները, տեղավորելով շատերին պետական պաշտոններում, ինչպես բժշկուհի Սեդա Մեսրոպյանին:

Քաղդեացիները («Քիլդանի», կաթողիկե ասորի-ասորեստանցի) կարեւոր թիվ են կազմում Իրաքյան Քուրդիստանում, իրենք եւս Մոսուլում, Նինվեի նահանգում հալածանքների եւ ահաբեկչության զոհ դառնալով հաճախ: Էրբիլի Անկավա քրիստոնեական թաղամաս-քաղաքը մեծ մասամբ բնակված է քաղդեացիներով եւ ասորիներով, նաեւՙ գլխավորաբար Բաղդադից եւ Բասրայից ապաստանած 220 հայ ընտանիքներով, որոնք հիմնադրել են իրենց մշակութային-ընկերային միությունը (ատենապետՙ Շանթ Մուրադյան): Նաեւ հայազգի Սարգիս Աղաջանի (նախկին փոխ-վարչապետ, Էկոնոմիկայի նախարար) ջանքերով, հիմնադրվել է արբանյակային հեռասփռմամբ «Իշտար» կայանըՙ տնօրինությամբ Ռազմիկ Մուրադյանի:

Խորհրդարանի շենքի մուտքին ամբողջապես նորոգված նիստերի դահլիճն է, որի խորքում տեղադրված է Քուրդիստանի ազգային-ազատագրական շարժման հերոս Մոլլա Մուսթաֆա Բարազանիի լուսանկարըՙ «փեշմերգայի» տարազով...:

Շենքի բոլոր հարկերում խորհրդարանի անդամների գրասենյակներն են: Մեր հյուրընկալ Սելիմ Կակոյի աշխատասենյակի պատուհանից երեւում է վարչապետ Նուշիրվան Բարզանիի նստավայրը: Իրաքյան Քուրդիստանի կառավարությունը հողամաս եւ մեծ գումար էր տրամադրել, վերջերսՙ Էրբիլի հայերի համար հայկական եկեղեցի ու շենք կառուցելու համար: Մանավանդ որ հայերը մեծ դեր են խաղացել քուրդ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում, նաեւ այսօր շարժիչ ուժ են հանդիսանում Իրաքյան Քուրդիստանի տնտեսական, առեւտրական, շինարարական, քաղաքական մի շարք բնագավառներում:

Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանի միակ հայ անդամը Զախո-Ավզրուկից Արամ Շահին Բակոյանն է: Նա Քուրդիստանի իշխող Դեմոկրատական կուսակցության անդամ է, որպէս «փեշմերգա» պայքարել ու վիրավորվել է նախագահ Մեսուդ Բարազանիի կողքին, քրդախոս եւ արաբախոս է, սակայն իր սիրտը բաբախում է հայության եւ Հայաստանի համար: Երեկոյան, կառավարական անձնավորությունների համալիրում, իր որդու ներկայությամբ, նա գրկաբաց ընդունում է մեզ եւ պատմում Հայաստան կատարած իր վերջին այցելության մասին, ուր հանդիպել է նաեւ սփյուռքի նախարարին:

- «Ես Հայաստանի մեր եղբայրներին եւ քույրերին հրավիրեցի Իրաքյան Քուրդիստանՙ գալու եւ ծանոթանալու իրենց ազգակիցների կյանքին, այս հյուրընկալ երկրում»,- պատմում է Արամ Շահին Բակոյանը, որ շուտով դարձյալ լինելու է Երեւանում, Հայաստանի քաղաքացիության անձագիրը ստանալու համար...

Հիշեցնենք, որ դեմոկրատական ազատ ընտրությունների արդյունքումՙ բոլոր կուսակցություններն ու քաղաքական գլխավոր շարժումները ներկայացված են խորհրդարանում, նաեւ կառավարությունում, եւ այս է գլխավոր «գաղտնիքը» այդ կայուն ու խաղաղ երկրի կայացման:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #93, 06-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ