RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#102, 2013-06-19 > #103, 2013-06-20 > #104, 2013-06-21 > #105, 2013-06-22 > #106, 2013-06-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #104, 21-06-2013



Տեղադրվել է` 2013-06-20 23:31:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1281, Տպվել է` 39, Ուղարկվել է էլ.փոստով` 25

ԱՍՏՎԱԾՙ ԱՍՏՎԱԾ, ԲԻԶՆԵՍԸՙ ԲԻԶՆԵՍ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ռուսաստանը դարձյալ զենք է վաճառում Ադրբեջանին: Ընդհանուր առմամբ մեկ միլարդ ԱՄՆ դոլար արժողությամբ զենք-զինամթերքը շուտով, ինչպես տեղեկացնում է ռուսական «Վեդոմոստի»-ի` ՌԴ ՊՆ-ին մոտ աղբյուրը, կտեղափոխվի Մոսկվայից Բաքու: Վերջինս էլ, հավանաբար այդ նորագույն զինամթերքը եւս կամբարի Հայաստանի դեմ երբեւէ օգտագործվելիք զենքերի պահեստում, որոնք մի օր, ինչպես թատրոնի բեմում կախված հրացանը, կկրակեն: Կստացվի այնպես, որ հայ-ադրբեջանական կամ ղարաբաղա-ադրբեջանական նոր, հավանական պատերազմում մեր թշնամի պետությունը մեզ վրա կկրակի մեր ռազմավարական գործընկերոջ ու բարեկամի զենք-զինամթերքով:

Իհարկե կարելի է ասել, որ սա Մոսկվայի կողմից Երեւանին, անձամբ Սերժ Սարգսյանին ուղղված հերթական ճնշումն է` գազի գնի բարձրացման շարունակությունը, սակայն Մոսկվան Բաքվին զենք է վաճառել ե՛ւ Քոչարյանի օրոք, ե՛ւ Մեդվեդեւի օրոք, ով, տպավորություն կա` անհամեմատ ավելի ջերմ անձնական հարաբերություններ ուներ Սերժ Սարգսյանի հետ, քան Պուտինը: Հետեւաբար, կոնկրետ զենքի վաճառքով Մոսկվան ամենեւին էլ չի ճնշում Հայաստանին, այն պարզ պատճառով, որ Մոսկվան Հայաստանին ճնշելու ավելի իրական ու ազդեցիկ միջոցներ ունի:

Սա ամենասովորական բիզնես է. ասենք, ինչո՞ւ պետք է ռուսները զենք չվաճառեն ադրբեջանցիներին, այն պարագայում, երբ վերջիններս դրա դիմաց լավ գումար են տալիս: Ինչո՞ւ է մեզ թվում, որ Մոսկվան պարտադիր պետք է «սիրահարված» լինի ու ընդմիշտ «սիրահարված» լինի Հայաստանին: Ամենեւին. Ռուսաստանը լուրջ աշխարհաքաղաքական նպատակներով ու նախաձեռնություններով տերություն է, աշխարհում հզորներից մեկը, սեփական ազգային-պետական շահերով ու ռեալպոլիտիկով: Վերջինս ենթադրում է, որ լավ փողի դիմաց կարելի է անգամ զենք վաճառել, հետեւաբար Հայաստանում այս օրերին հնչող մեղադրանքները` ռազմավարական դաշնակցին այս կապակցությամբ, ամբողջովին զգացմունքային դաշտում են:

Ռազմավարական դաշնակիցները հաճախ զինում են իրենց դաշնակիցների «թշնամիներին», որովհետեւ ժամանակակից աշխարհում անգամ «թշնամիներն են» միմյանց հետ առեւտրա-տնտեսական կապերով կապված լինում:

Ժամանակին ամերիկյան դպրոցներից մեկում սովորում էր ազգությամբ հրեա Աբրահամը: Երբ մի անգամ փոքրիկ Աբրահամի ամերիկացի ուսուցիչը ամբողջ դասարանին, որտեղ Աբրահամը միակ ազգությամբ հրեան էր, հարցրեց, թե «ո՞վ կարող է ասել` Աստված կա՞, թե՞ ոչ», Աբրահամն առաջինը ձեռք բարձրացրեց ու ոչ միայն ասացՙ այո, այլեւ գրեթե գիտական հիմնավորում տվեց, թե ինչու եւ ինչպես` այո: Սակայն ուսուցիչը, որ հավանաբար սեփական հոգեբանական ուսումնասիրություններն էր անում, հաջորդ հարցը տվեց. «Երեխաներ, իսկ կա՞ մեկը, որ կպնդի, թե Աստված չկա: Նա, ով կապացուցի, որ Աստված չկա, կստանա հինգ դոլար»: Չեք հավատա, բայց Աբրահամը կրկին առաջինը ձեռք բարձրացրեց ու ապացուցեց, որ Աստված չկա, բնականաբար, ուսուցչից ստացավ հինգ դոլարը:

«Աբրահամ, իսկ հիմա, երբ մենք մենակ ենք, բացատրիր, թե ինչպե՞ս դու կարող ես պնդել ու ապացուցել, որ Աստված կա, միեւնույն ժամանակ պնդել ու ապացուցել, որ Աստված չկա», հարցրեց ուսուցիչը, երբ դասաժամն ավարտվել էր ու սենյակում մնացել էր Աբրահամի հետ:

- Շատ պարզ, միսս Սմիթ, պարզապես Աստվածՙ Աստված, իսկ բիզնեսըՙ բիզնես:

Այնպես որ, եթե մենք բողոքում ենք, թե ինչո՞ւ են ռուսները Բաքվին զենք վաճառում, ապա ունե՞նք արդյոք մեկ միլիարդ դոլարՙ ինքներս ռուսներից զենք գնելու համար, կամ ի՞նչ ենք անում այդ գումարն ունենալու համար` փնթփնթալու փոխարեն:

Ի վերջո ոչ մի վաճառողի համար ըստ էության կարեւոր չէ գնորդի ով լինելը, սա կարող է եւս գործոն լինել վաճառքի համար, բայց ամենեւին ոչ առաջնային: Ամենակարեւորը վաճառողի համար գնորդի առկայությունն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #104, 21-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ