RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#102, 2013-06-19 > #103, 2013-06-20 > #104, 2013-06-21 > #105, 2013-06-22 > #106, 2013-06-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #104, 21-06-2013



ՄԱՅՐ ԱԹՈՌ

Տեղադրվել է` 2013-06-20 23:31:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 968, Տպվել է` 45, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ՇՔԱՆՇԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Հունիսի 20-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում` «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանի շենքում, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու շքանշանների հանձնման արարողություն: Իրենց ազգօգուտ եւ եկեղեցանվեր գործունեության համար Հայ եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի արժանացան տիար Լազար Սուջյանը եւ տիկին Լաուրա Հարությունյանը :

Արարողության ընթացքում նվիրյալների կյանքին ու գործունեությանն անդրադարձան Սիմեոն Հախումյանը եւ Լազար Սուջյանը: Այնուհետեւ «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեցին հայրապետական սրբատառ կոնդակները, որոնք ընթերցեցին Գեղարքունիքի թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը եւ Մայր աթոռի հոգեւոր կրթական հաստատությունների վերատեսուչ, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը:

Տիար Լազար Սուջյանին ուղղված հայրապետական կոնդակում մասնավորապես նշված է. «Խորհրդային տարիներից սկսյալ շուրջ քառորդ դար Դուք ծառայեցիք Հայ Եկեղեցու գործերի խորհրդում եւ ՀՀ Կրոնի գործերի պետական խորհրդում` տեսուչից հասնելով մինչեւ նախագահի պաշտոնին: Այսօր ուրախությամբ ենք անդրադառնում, որ Դուք միշտ եղաք ու մնացիք մեր Եկեղեցու շահերի նվիրյալ պաշտպանն ու ազնիվ ջատագովը` ջանալով առավելագույնն ի սպաս բերել, որպեսզի Հայոց Եկեղեցին հնարավորություն ունենա լիարժեքորեն իրականացնել իր օրհնաբեր առաքելությունը մեր ժողովրդի կյանքում: Հավատավոր հայորդուդ աջակցության շնորհիվ իրականացվեցին բազմաթիվ աստվածահաճո նախաձեռնություններ, որոնք պայծառություն բերեցին մեր Եկեղեցուն եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Ձեր գործունեության կարեւոր արգասիքներից եղավ Հաղպատի, Սանահինի, Նորավանքի եւ պատմական այլ վանքերի ու եկեղեցիների վերադարձը մեր Սուրբ Եկեղեցուն, որով մեր դարավոր սրբավայրերը վերստին իրենց դռները բացեցին հավատացելոց առջեւ` ծառայելով հայորդյաց հոգեւոր կարիքներին: Արժանհիշատակ են նաեւ Ձեր ջանքերը Սուրբ Էջմիածնի գանձերի ցուցադրությունը արտերկրում կազմակերպելու գործում, որն ունեցավ շարունակական ընթացք` մեր հոգեւոր-մշակութային հարստությունը ճանաչելի դարձնելով օտար ժողովուրդներին»:

Տիկին Լաուրա Հարությունյանին ուղղված հայրապետական կոնդակում ասված է. «Ուրախ ենք այսօր հաստատելու, որ հակառակ խորհրդային տարիների հակաեկեղեցական տրամադրությունների, Դուք կարեւոր աջակցություն բերեցիք մեր Սուրբ Եկեղեցուն` քրիստոնեական մեր հավատքը պահպանելու եւ մեր հոգեւոր հարուստ ավանդներն ու ժառանգությունը սերունդներին փոխանցելու սրբազան իր առաքելության մեջ: Հայաստանի անկախությունից հետո եւս շարունակեցիք արդյունավորապես ծառայել մեր Հայրենիքին` Ձեր կարողություններն ի սպաս բերելով մեր Սուրբ Եկեղեցու գործունեությանը: Մենք գոհություն ենք մատուցում Բարձրյալին, որ մեր ժողովրդին օրհնել է Ձեզ պես հավատավոր ու եկեղեցասեր զավակներով, ովքեր իրենց կյանքն իմաստավորում են աստվածահաճո գործերով»:

Կոնդակների ընթերցումից հետո Վեհափառ հայրապետը Լազար Սուջյանին եւ Լաուրա Հարությունյանին հանձնեց «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո շքանշան: Մեծարյալներն իրենց հերթին շնորհակալության խոսք ուղղեցին Նորին Սրբությանը եւ Մայր եկեղեցուն իրենց նկատմամբ ցուցաբերած ուշադրության եւ բարձր գնահատանքի համար:

Արարողության ավարտին ներկաներին իր օրհնությունը բերեց Ամենայն հայոց կաթողիկոսը` վերստին շնորհավորելով տիար Լազար Սուջյանին եւ տիկին Լաուրա Հարությունյանին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #104, 21-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ