RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#102, 2013-06-19 > #103, 2013-06-20 > #104, 2013-06-21 > #105, 2013-06-22 > #106, 2013-06-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #104, 21-06-2013



ՖՈՒՏԲՈԼ

Տեղադրվել է` 2013-06-20 23:31:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 927, Տպվել է` 42, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ԺՈԼՏ ՀՈՌՆՅԱԿԸ ՀԵՌԱՑԱՎ «ՄԻԿԱՅԻՑ»

Նոր մրցաշրջանի նախապատրաստական շրջանում ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերում մարզչական առաջին փոփոխությունը տեղի ունեցավ: Փոխադարձ համաձայնությամբ «Միկայի» հետ պայմանագիրը խզել է թիմի գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակը: Նրան կփոխարինի «Միկայի» նախկին ֆուտբոլիստ, Հոռնյակի օգնական Արամ Ոսկանյանը:

Ժոլտ Հոռնյակի այս պաշտոնանկությունն, անշուշտ, ֆինանսական խնդիրների հետ է կապված: «Արմավիայի» սնանկացումը չէր կարող չանդրադառնալ նաեւ «Միկայի» ֆինանսական վիճակի վրա, որի սեփականատերը Միխայել Բաղդասարովն է: «Միկան» ներկայումս հովանավորներ է փնտրում: Թիմը շուտով պետք է մասնակցի Եվրոպայի լիգայի խաղարկությանը, սակայն առայժմ լուրջ համալրումներ չունի: Ակումբը 3 տարվա պայմանագիր է կնքել իր մարզադպրոցի սան, 17-ամյա կիսապաշտպան Վլադիմիր Ուլուխանյանի հետ: «Միկան» համալրել է նաեւ «Բանանցում» եւ «Ալաշկերտում» հանդես եկած Արթուր Հակոբյանը:

Ինչ խոսք, «Միկայի» ղեկավարությունը գոհ էր Ժոլտ Հոռնյակի մարզչական գործունեությունից: 2012-ի մրցաշրջանից առաջ գլխավորելով «Միկան», Ժոլտ Հոռնյակը հիմնականում երիտասարդներով համալրված թիմով մինչեւ վերջ անհաշտ պայքար մղեց «Շիրակի» հետ Հայաստանի չեմպիոնի տիտղոսին արժանանալու համար: Ի վերջո «Միկան» դարձավ արծաթե մրցանակակիր:

Ժոլտ Հոռնյակը «Միկայում» էր 2011-ի առաջնության 2-րդ կեսից, երբ թիմի ղեկը ստանձնեց Ժոզեֆ Բուբենկոն: Սլովակ մասնագետը վերջինիս օգնականն էր, իսկ երբ Բուբենկոն մրցաշրջանի ավարտից հետո հեռացավ թիմից, Հոռնյակը գլխավորեց «Միկան»:

«Միկայում» ընդհանրապես հաճախակի են մարզչական փոփոխությունները: 13 մրցաշրջանի ընթացքում թիմում 19 անգամ փոխվել են գլխավոր մարզիչները: Այդ ընթացքում «Միկան» գլխավորել են 15 մարզիչներ: Առավել երկար «Միկայում» աշխատել է Արմեն Ադամյանը, որի օրոք թիմը ՀՀ առաջնություններում 76 խաղ է անցկացրել: Ընդ որում Ադամյանը 2 անգամ է ստանձնել «Միկայի» ղեկը: Առաջին անգամ նա թիմը գլխավորել է 2005-ից մինչեւ 2007-ի առաջնության 7-րդ տուրը, իսկ 2-րդ անգամ «Միկայի» ղեկը ստանձնել է 2010-ի առաջնության մեկնարկային 15 խաղերում:

Ժոլտ Հոռնյակը օտարերկրացի 5-րդ մարզիչն է, որը գլխավորել է «Միկան»: Առաջինը ռուսաստանցի Վալերի Գլադիլինն էր, որը 2002-ին հրավիրվելով «Միկա», թիմում աշխատեց մինչեւ մայիս: 2008-ին Իշտվան Սեկեչի եւ 2009-ին Իվո Շուշակի մարզչական գործունեությունն էլ «Միկայում» շատ կարճ տեւեց: Իսկ Ժոզեֆ Բուբենկոյի օրոք 2011-ին «Միկան» 14 խաղ անցկացրեց: Հոռնյակի արդյունքն օտարերկրացի մարզիչների մեջ լավագույնն է: Նրա օրոք «Միկան» նվաճեց Սուպերգավաթը եւ դարձավ առաջնության արծաթե մրցանակակիր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #104, 21-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ