RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#103, 2013-06-20 > #104, 2013-06-21 > #105, 2013-06-22 > #106, 2013-06-25 > #107, 2013-06-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #105, 22-06-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-06-22 11:40:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 1144, Տպվել է` 64, Ուղարկվել է էլ.փոստով` 24

ՆԵՐՔԻՆ ՁԱՅՆԻ ՆԿԱՐԻՉԸ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հարություն Կալենց. «Գույնը ձեւի մեջ»

Ցուցահանդեսի բացմանը չհասցրի (ճանաչողները կասեն, ինչպեսՙ սովորաբար), Կասկադի ներքնասանդուղքների վերին հարկում արդեն հերթապահ հսկիչը չի թողնում բարձրանալՙ հրավիրատոմս չեմ վերցրել, ինքնահաստատող մի թուղթ էլ չկա: Միակըՙ թերթի օրվա համարն է պայուսակումս, որ ցույց եմ տալիս, ու մարդը ժպտում է, թեՙ անցի: Հյուրերն արդեն ցրվում են, այսպիսի ցուցահանդեսներին մասնակից գրեթե նույն մարդիկ, արվեստագետ-նկարիչներ հիմնականում, արվեստասեր տիկնայք, մի մասը ցած է իջնում, մյուսները բարձրանում են վերին հարթակՙ շարունակելու օրվա գեղեցկության վայելքը:

Ցուցասրահի էլեկտրական լուսավորությունը առաջին պահին կեսգիշերային լապտերների խորհրդավոր միջավայր-շղարշ է ստեղծում: Լույսի «խաբկանքը» միանգամից փոխում է զգացողական վիճակըՙ իրականությունից ոչինչ չի մնում. այս մի 30 րոպեն անցնում է իռացիոնալ աշխարհումՙ թողնելով երանության թեթեւությունը: Որովհետեւ աչքերիդ մեջ արթնանում է գույնը. գույնը, որի թափանցիկության գաղտնիքը միայն իրենՙ նկարչին է հայտնի:

Կալենցյան գունափիլիսոփայության, ավելի շուտ գունաընկալման, գունաարտահայտման այն հատվածը, որ ներկայացված է Գաֆեսճյան կենտրոնի այս սրահում («Արծիվ»), անվանված է «Գույնը ձեւի մեջ»: Արդեն ժամեր անց, հաջորդ օրվա լույսը բացվելուն պեսՙ պատուհանից ասես կախվում է կանաչ-թափանցիկ օդի վարագույրըՙ նկարչական տարազով անշուշտ: Գիշերվա, քնի ու գույնի խառնուրդը, ավելի շուտ դրանց հանդիպման առաջին մտապատկերը, որ «երեւաց», Կալենցի հրաշալի նկարն էրՙ վերնագրված «Գիշերը մեր բակում», նկար, որ հայացքիդ մի հպումից անգամ խոհի ու զգացողության այնպիսի ալիք է բարձրացնում, որ երկար դժվար թե մոռացվի: Կտավին քսված գույնըՙ գիշերվա գույնի մեջ արթանացած կանաչիՙ փարթամ բույսի կենսականություն է բուրում, ճոճաթոռին կիսատ մնացած ապրումը, միտքն ու հուշը մարդկային կյանքի մի գեղեցիկ պատմություն է հյուսում, որտեղ մթությանՙ տեղ-տեղ հայտնված նոսր ֆոնը թախծի անասելի տրամադրություն է բերում, իսկ մենակ մնացած ճոճաթոռը շարունակում է օրորել կյանքի երազըՙ օրվա ճիշտ պահին: (Որովհետեւ երազները մեզ այցելում են հենց գիշերները...): Այս գործը ինձ թվում է նկարչի ներքին աշխարհի, ներքին կյանքի, իր վիճակի ու ապրումների հայելի-արտացոլանք, թեեւ իրեն բախտ չեմ ունեցել ճանաչելու, սակայն բավական է վերհիշել-վերընթերցել Կարպիս Սուրենյանի օրագրության հատվածի այս նկարագրությունը. «... Դեռ հինգ տարեկան երեխա, հենց Եղեռնի դժոխքով է անցել հոր զոհվելուց հետո: Եղել է աքսորականների քարավանում մոր ու եղբայրների հետ, ինքըՙ էշի մի կողմում արկղի մեջ, մյուս կողմի արկղում ավելի փոքր եղբայրը: Կոտորածի ժամանակ մայրը պատառոտել է երեխաների հագուստները, արյուն քսել երեսներին, որպեսզի վիրավորվածի տեսք ստանան, փախել-բարձրացել են բլրի վրա ու թաքնվել ժայռերի հետեւում, վերջապես հրաշքով փրկվել է նա, հիշողության մեջ զարհուրելի պատկերներ տպավորված:

... Իսկ հետոՙ հայրենաբաղձ մղումով ներգաղթ եւ... ավա՜ղ, հայրենադարձի հավելյալ տարօրինակ ճակատագիր, բռնատիրական սարսափի տակ երկրորդ սորտի անվստահելի քաղաքացու նվաստացած վիճակ տարիներով (գոնե լավ է, որ Սիբիր չի աքսորվել շատերի նման) ու մանավանդ իր «ֆորմալիստական» անընդունելի տաղանդի անտեսում ի վերուստ: Եվ սակայն ծաղկում է տաղանդը բնատուր անկասելի աճով, գնահատվում կողմնակիորեն միայն ու հիացմունքով»:

Մեծարենցյան գիշերերգյան արբշիռ հիացմունքն արթնացնող կալենցյան այս պատկերը որքան գնում ներսումդ խորացնում է տրամադրություններն ու անխուսափելիորեն կիսատ մնացող կյանքի կարոտի զգացումը: Շարունակում եմ կարդալ Սուրենյանի այն նկարագրությունը, երբ Կալենցի մոտ հայրենադարձ ընկերները կիրակնօրյա մերթընդմերթ հավաքներ էին ունենում, ինչպես ինքն է գրում. «Բլուր» կամ «ախպարաշեն» թաղամասի «հայերնադարձների շինած մշտապես կիսատ-պռատ, մշտապես աշխատանք պահանջող տան բակում, ամռան շոգին, ծիրանիների տակ»: «... Կալենցը լռում էր հանկարծ, խոժոռվում, ասես հեռանում իր հուշերի մեջ, աչքերը խոր տխրությամբ լցված: Գուցե ա՞յն էր վերապրում, թե ինչպես ֆրանսիացի ականավոր տարեց նկարչի հետ ամիսներով թափառեց Մերձավոր Արեւելքում ու նկարեց, նկարեց, եւ տարեց նկարիչը այնպե՜ս էր գնահատում, որդու նման սիրում էր իրեն: Կամ էլ ա՞յն, որ իր երկերը Լիբանանի կողմից պետականորեն Նյու Յորք ուղարկվեցին միջազգային ցուցահանդեսին եւ մրցանակի արժանացան, իրեն լայն ճանաչում բերելով արդեն: Կամ էլ գուցե հիշում էր իր տո՞ւնը Բեյրութում ծովափի ժայռերի վրա, ծովի փոթորկումները, երբ տունը ցնցելով թնդում էին գունագեղ ալիքները, բախվելով գունագեղ ժայռերին... Եվ հանկարծ նա զարթնում էր հուշերից»...

Այդ զարթնումը, արթնացումը գունային այն ողջ տրամադրությունները չե՞ն արդյոք, որ նկարիչն այսպես քնարականորեն փոխադրել-փոխանցել է կտավի մակերեսներին: Այլապես ինչու նրա գրեթե բոլոր նկարներումՙ որքան էլ գունային կենսունակությանը, կանաչ-կապույտ-դեղինի առատությանը, ներկա է միշտ թախծի այդ նույն տրամադրությունը, պայծառ թախիծի, որոնց մեջ գուցե միջերկրածովյան ալիքների գունագեղ հիշողություննե՞րն են, կամ առհասարակ արտիստիկ էությանը բնորոշ ներքին երազի ու կյանքի անհամատեղելիության կեղեքող ապրումը, եւՙ գիտակցումը նոր իրականություն ստեղծելու անհրաժեշտության: Եվ որն էլ հենց դառնում է այդպիսիների փրկության ելքը: Այսինքնՙ ստեղծագործումը, երբ իրականության չկոչված վիճակներն ու իղձերը սկսում են ապրել կտավի տարածքում, բառի ներսում, հնչյունի խորքում: Ու մեզ է մնում դրանց վայելքըՙ երաժշտության, նկարների, գրքերի տեսքով: Դրանց հետեւում ինքըՙ արվեստագետն է, հոգուՙ մեզ անտեսանելի մերկությամբ, դառնությամբ, երբեմն էլ անհուսությամբ: Ու ահա Հարություն Կալենցի կտավները խոսում են այս ճշմարտության մասին, հնչում մեղեդային ու այնքա՜ն քնարական: Թվում էՙ դահլիճը, այսինքնՙ տարածությունը կալենցյան կանաչից հագեցած է, գունային ծավալումները շատ են ու տարածուն, սակայն զարմանալինՙ երբեք չհագեցնող, մի տեսակ անավարտություն կամ շարունակականություն, չասված խոսքի խորհրդավորություն կա գունամտածողության այս խորքերում:

Նկարիչը գույնը այնքան թափանցիկությամբ, փխրունությամբ ու թեթեւությամբ է օժտել-համակել, որ կտավը երբեք «չծանրաբեռնվի»ՙ որքան էլ բնության ծավալուն պատկեր ընդգրկի («Աշունը Երեւանի շրջակայքում», «Բերքահավաք», «Հրազդանի ափին»): Այսինքնՙ ընկալվի բնական, ինչպես բնությունն ինքը, որքանՙ հարուստ, նույնքան չպարտադրող, ինքնագո:

Եվ հակառակըՙ այդ գույնը թթվածնի պես քիչ է միշտ թվում, անդադար անհրաժեշտ, ինչպես կյանքի հանդեպ մարդու կարոտն է, թթվածնային քաղցի պես: Ու ստեղծվում են զարմանալի այս կանաչները, օդասուն տարածությունների թարմություն բուրող, կտավի մակերեսները շնչառու դարձնող այս ծավալումները, կարեւոր չէՙ դիմանկար է կտավին, բնանկար, թե նատյուրմորտ: Այստեղ ձեւը ուրվագիծ է միայն, պայմանականություն, նշան. խորքից ծնվում է պատկերի էությունը, վերացարկումը, հետոՙ գույնը, եւ գույնը տիրապետող կամ գերիշխող չէ: Բնավ: Բայց խորապես լրացնում է, նա ստեղծում է միջավայրը` զգայական ու խոհական այն մտասեւեռումների, որ իր մեջ կրում է նկարիչը: («Մտորում», «Դանակներով դիմանկար» ինքնադիմանկարների շարքը):

Հարություն Կալենցի գեղանկարչական ձիրքը բնատուր է, գեղագիտական ընկալումները խիստ անհատական վերապրումների արդյունք են, նա բնական ձայնի ու խորքի նկարիչ է, եւ իր ստեղծագործությունը գեղարվեստական խոհուն փորձի արգասիք է, որտեղ արվեստագետը անվերապահորեն տրվել է աշխարհի գեղեցկության ընկալման ներքին ձայնի ճշմարիտ վերարտահայտմանը:

Հ. Գ. - «Գաֆեսճյան» կենտրոնի «Գույնը ձեւի մեջ» ցուցադրությունը ընտրանի է «Կալենց» թանգարանի հավաքածոյից: Նատյուրմորտ, բնանկար եւ դիմանկար աշխատանքները նկարչի ստեղծագործական փնտրտուքների 60-ականններիՙ իր անհատական ձեռագրի հասուն շրջանը ներկայացնող գործերից են:

Ցուցադրությունն ընդգրկում է նաեւ նկարչի գրաֆիկական աշխատանքների մի շարք: Ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ հունիսի 20-ին, երեւանյան մտավորական ընտրանու ներկայությամբ, ելույթ ունեցան նկարչի որդինՙ Սարո Կալենցը, «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

Նկար 2. «Բերքահավաք»

Նկար 3. «Գիշերը մեր բակում»

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #105, 22-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ