RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#103, 2013-06-20 > #104, 2013-06-21 > #105, 2013-06-22 > #106, 2013-06-25 > #107, 2013-06-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #105, 22-06-2013



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Տեղադրվել է` 2013-06-22 11:40:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 1109, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 21

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»` ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՔՇԻՇՏՈՖ ԶԱՆՈՒՍԻ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

«Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնը համագործակցում է ՀՀ դեսպանությունների հետ, որի կապակցությամբ երեկ տեղի ունեցավ մամուլի ասուլիս:

Ֆրանսիական համագործակցության էպիկենտրոնը լեգենդար շանսոնիե Շառլ Ազնավուրի ներկայությունն է փառատոնին եւ նրա դերակատարմամբ ֆիլմերի` Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակել դաշնակահարի վրա», Դընիս դը լա Պատելյիեի «Թոբրուկ գնացող տաքսին» եւ Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմերի ներկայացումը «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում:

Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցության արդյունքում ֆրանսիացի մի շարք անվանի կինոգործիչներ կմասնակցեն այս տարի փառատոնին` մասնավորապես որպես ժյուրիի անդամ` կինոգործիչ Սերժ Ավետիքյանը, կինոքննադատ Ժան Ռադվանին եւ պրոդյուսեր Էդիտա Յանչակ-Հիրիարտը: Իսկ ֆրանսիական արտադրության «Երկու հոգու միջեւ» վավերագրականը կներկայացնի ֆիլմի հեղինակը` Լորանս Պերիգոն: Մրցութային ծրագրում ընդգրկված են նաեւ ֆրանսիական համատեղ արտադրությամբ ստեղծված «Տարվա հինգերորդ եղանակը» խաղարկայինը, «Լեւիաթան» վավերագրականը, «Փետուրի խրոնիկա» կարճամետրաժը, որը կներկայացնի ռեժիսորը` Աքսել Լաթնադան, իսկ ֆրանսահայ ռեժիսոր Առնո Խայաջանյանըՙ իր «Կորած հորիզոնները»: Իսկ արտամրցութային ծրագրի Հետահայաց ցուցադրություններ բաժնում կներկայացվի Ուլրիխ Զայդլի ֆրանսիական համատեղ արտադրությամբ ստեղծված եռապատումը:

Լեհական համագործակցության շրջանակներում փառատոնին կհյուրընկալվի հռչակավոր կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին: Իսկ ահա Լեհաստանի դեսպանության եւ Լեհաստանի կինոինստիտուտի հետ համատեղ համագործակցությամբ հուլիսի 8-ին կիրականացվի լեհական կինոյի օրը, որի շրջանակում կցուցադրվի Անտոնի Կրաուզեի «Սեւ հինգշաբթի» խաղարկայինը: Մաչեյ Ադամեկը կմասնակցի փառատոնին եւ կներկայացնի իր «Լուսանկարը» ֆիլմը, որն ընդգրկված է միջազգային խաղարկային ծրագրում:

Գերմանիայի դեսպանության եւ Թբիլիսիի Գյոթե ինստիտուտի համագործակցությամբ փառատոնի ծրագրում` հուլիսի 9-ին, տեղի կունենա գերմանական կինոյի օր, որ կնշանավորվի Մարգարետ ֆոն Տրոտտայի Հաննա Արենդտ (Hannah Arendt) ֆիլմի ցուցադրությամբ եւ ֆոն Տրոտտային` համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար «Փարաջանովյան թալեր» մրցանակի հանձնումով: «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում կներկայացվեն Միկի Նեդիմովիչի «Dva», Էրիկ Շմիդթի «Rhino Full Throttle», Էլմար Իմանովի «The Swing of the Coffin Maker» գերմանական արտադրության եւ Էնգին Կունդակի «Արարատ» թուրք-գերմանական ու Էլկա Պապիաշվիլու «Աղջիկը Գորիից» գերմանա-վրացական համատեղ արտադրությունները:

Կարեւոր է նշել, որ Գյոթե ինստիտուտի աջակցությամբ հնարավոր է դարձել նաեւ մի քանի գերմանացի պրոդյուսերների մասնակցության ապահովումը «Ռեժիսորներ առանց սահմանների» 7-րդ համատեղ արտադրության ֆորումին, ինչը հնարավորություն կտա տարածաշրջանային սկսնակ կինոգործիչներին խորհրդատվություն ստանալ նրանցից:

ԱՄՆ դեսպանության հետ համագործակցության շնորիվ ամերիկացի հռչակավոր կինոռեժիսոր Գոդֆրի Ռեջիոյի հյուրընկակվի փառատոնին, որը կանցկացնի նաեւ վարպետության դաս:

Կարեւոր է նշել, որ ԱՄՆ դեսպանությունը մասնակիորեն ֆինանսավորել է նաեւ Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի (ՀՊՖՆ) իրականացումը: ՀՊՖՆ-ի նպատակն է խթանել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համատեղ ֆիլմերի ստեղծումը:

ՀՊՖՆ-ի շրջանակներում ստեղծվել է 11 ֆիլմ` կարճամետրաժ եւ վավերագրական, տեղի է ունեցել ավելի քան 100 փոխադարձ այց, թողարկվել է հայ եւ թուրք երիտասարդ կինոգործիչների կողմից ստեղծված 5 կարճամետրաժ եւ վավերագրական ֆիլմերի ժողովածու-սկավառակ:

ԱՄՆ կինոգործիչներ Ջեյ Վայսբերգը եւ Դեյվիդ դ՛Արսին կընդգրկվեն համապատասխանաբար միջազգային խաղարկային եւ Հայկական համայնապատկեր մրցույթների ժյուրիի կազմերում: Մրցութային ծրագրի համապատասխան բաժիններում կներկայացվեն Սթիվ Հուվերի «Արյունակից եղբայրը» վավերագրականը, Լիսան Սարտորի «Six Letter Word» կարճամետրաժը եւ Ալեքսանդր Տավիտիան-Միրեցկու «All Together Now» խաղարկայինը` բոլորն ամերիկյան արտադրության:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #105, 22-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ