RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#104, 2013-06-21 > #105, 2013-06-22 > #106, 2013-06-25 > #107, 2013-06-26 > #108, 2013-06-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #106, 25-06-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-06-24 23:25:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1410, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 18

Ո՞ՒՄ ԹԵԿՆԱԾՈՒՆ Է ՄԵՀՐԻԲԱՆ ԱԼԻԵՎԱՆ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Անցած շաբաթավերջին իշխանամետ «Ժողովրդավարական Ադրբեջանի երկիր» կուսակցության անունից տարածվեց Մեհրիբան Ալիեւային նախագահի թեկնածու առաջադրելու մասին հայտարարություն: Իշխող զույգն այդ պահին թերեւս Բրյուսելում կամ` Բաքվի ճանապարհին էր: Haqqin.az-ն անմիջապես գրեց, որ «հատուկ ծառայությունների հետ կապված կուսակցությունը հազիվ թե այդ հարցում ինքնագլուխ է որոշում կայացրել», եւ ենթադրություն արեց, որ դա արվել է կամ «ինչ-որ ֆորսմաժորային հեռանկարի նկատառմամբ, կամ իշխանությունը մտադիր է ընտրությունների գնալ երկու թեկնածուով»:

Կառավարող «Ենի Ազարբայջան» կուսակցությունն այդ առթիվ որեւէ մեկնաբանություն այդպես էլ չարեց: Շատ հակիրճ` «դա սադրանք է» գնահատական հնչեցրեց Միլլի մեջլիսի պատգամավոր Այդին Միրզազադեն: Երեւույթի հանդեպ վերաբերմունք չդրսեւորեց նաեւ Մեհրիբան Ալիեւան:

Այդուհանդերձ, երեկ «Ժողովրդավարական Ադրբեջանի երկիր» կուսակցության «պատվավոր առաջնորդ» Մամեդա Ալիզադեն հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ասվեց, թե «Սեւդա Խուրշուդովայի խմբավորումը ոչ մի իրավունք չուներ կուսակցության անունից նման որոշում ընդունելու» (տես http://haqqin.az/news/6947):

Ալիզադեի պարզաբանմամբՙ «նման որոշում ընդունելուց առաջ հարկ էր քննարկումներ անցկացնել «Ենի Ազարբայջան»-ի, նախագահի աշխատակազմի» եւ իր հետ, «ինչը չի արվել, այդ պատճառով էլ ես դա համարում եմ սադրանք»: Լրատվամիջոցներն, ընդսմին, տարածել են տեսահոլովակ, որտեղ «Ժողովրդավարական Ադրբեջանի երկիր» կուսակցության անունից հանդես եկող գրեթե երկու տասնյակ անձինք «ջերմորեն ողջունում են Մեհրիբան խանում Ալիեւային նախագահի թեկնածու առաջադրելու» գաղափարը: Դիտարժան է, որ ելույթ ունեցողներից շատերը Մեհրիբան Ալիեւայի նախագահության հետ են կապում «Լեռնային Ղարաբաղի խնդրի արդարացի կարգավորման հույսը»:

Երեկ տարածվեց նաեւ «Ժողովրդավարական Ադրբեջանի երկիր» կուսակցության «փաստացի ղեկավար» Ֆաթմա Ալիեւայի հայտարարությունը: Դրանում Սեւդա Խուրշուդովայի մասին ասված էր, որ նա «Վրաստանի քաղաքացի է եւ իրավասու չէ կուսակցության անունից նման պատասխանատու որոշում ընդունելու»: Ֆաթմա Ալիեւան պնդել էր, որ իրենց «կուսակցության թեկնածուն Իլհամ Ալիեւն է»:

Իշխանության խոսափող 1news.az-ը, փոխանակ ներկայացնելու Իլհամ Ալիեւի կամ «Ենի Ազարբայջան»-ի տեսակետը Մեհրիբան Ալիեւային նախագահի թեկնածու առաջադրելու գաղափարի վերաբերյալ, վերաշարադրել էր «Ժողովրդավարական Ադրբեջանի երկիր» կուսակցության «պատվավոր առաջնորդ» Ալիզադեի բացատրությունները:

Իրավիճակին երեկ գնահատական էր տվել նաեւ ընդդիմությունից նախագահի հավանական միասնական թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովը` ասելով, որ «իշխանությունները չգիտեն, թե ինչ անեն, եւ նրանցից ամեն ինչ սպասելի է»:

Ինտրիգն այն է, որ գրեթե երկու տարի առաջ ադրբեջանական մամուլում «տեղեկատվական արտահոսք» էր կազմակերպվել, որ Իբրահիմբեկովի ամառանոցում մի խումբ մտավորականներ քննարկել են «Իլհամ Ալիեւն իշխանությունը մեկ ժամկետով Մեհրիբան Ալիեւային փոխանցելու գաղափարը»: Ակնարկվել էր, որ Ռուստամ Իբրահիմբեկովը ջերմ հարաբերություններ ունի Մեհրիբան Ալիեւայի հոր` ակադեմիկոս Արիֆ Փաշաեւի հետ:

Գաղափարն, ըստ երեւույթին, Իլհամ Ալիեւը համարել էր «ոչ իրատեսական», որից հետո Իբրահիմբեկովը ձեռնամուխ էր եղել «Մտավորականների ֆորում» կոչվող կառույցի ստեղծմանը: Վերջերս այդ եւ «Հանրային պալատ» կոչվող կառույցները եւ «ԷԼ» հասարական շարժումը միավորվել, ստեղծել են Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը: Վերջինս հանդես է եկել «երկամյա անցումային շրջանի լիազորություններով նախագահ ընտրելու, խորհրդարանական եւ նախագահական ազատ-արդար ընտրություններ անցկացնելու եւ Ադրբեջանում սահմանադրական կարգ հաստատելու» քաղաքական պլատֆորմով:

Ով ում օգտին է աշխատում եւ իրականում ինչ ներքաղաքական զարգացումներ են սկսվել Ադրբեջանում` չափազանց դժվար է կանխատեսել: Նկատենք միայն, որ ներկայումս Ավստրիայում որպես վտարանդի ապրող` նախկինում Բաքու քաղաքի Խաթայիի շրջանի դատախազ, Ադրբեջանի ՆԳՆ հատուկ ջոկատների նախկին հրամանատար, հանգուցյալ Ռովշան Ջավադովի եղբայր Մահիր Ջավադովը երեկ ասել է, որ Ռուստամ Իբրահիմբեկովի գլխավորած Ազգային խորհուրդն «իշխանությունների նախագիծն է, որով կառավարող կլանը փորձում է սպասվող նախագահական ընտրություններին լեգիտիմության շղարշ տալ»:

Բացառված չէ, որ իշխող ռեժիմը հանուն «լեգիտիմության շղարշի» շրջանառության մեջ է դրել նաեւ Մեհրիբան Ալիեւայի անունը: Եթե, իհարկե, իրականությանը չեն համապատասխանում ադրբեջանական մամուլի այն ակնարկները, որ «Փաշաեւների կլանը ձգտում է, որ տիրանա Հեյդար Ալիեւի քաղաքական եւ նյութական ժառանգությանը եւ տնօրինի ինքնուրույն»: Որպես վկայություն մատնանշվում է, որ Մեհրիբան Ալիեւային հաջողվել է «Իլհամ Ալիեւին գժտեցնել քրոջ` Սեւիլ Ալիեւայի հետ, որին արգելված է նույնիսկ լինել Բաքվում»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #106, 25-06-2013

AZG Daily #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ